HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածինը ջազ է լսում

Օրեր առաջ Էջմիածնում իր անդրանիկ համերգով ելույթ ունեցավ «Ֆերմատա» ջազ խումբը: Աննախադեպ մարդաշատ դահլիճը ոգևորել էր խմբի երաժիշտներին: Ամենատարեցը` 60-ամյա կոնտրաբասիստ Սերգեյ Բեգլարյանը հաճելիորեն զարմացել էր, որ քաղաքում ջազի սիրահարների թիվն այդքան մեծ է: Ս.Բեգլարյանը պատմեց, թե ինչպես ծնվեց ջազ խումբ ունենալու գաղափարը. «Խումբ ստեղծելու հատուկ ծրագիր չենք ունեցել: Ամեն օր մեզ համար հավաքվում-նվագում էինք: Կատարում էինք հիմնականում Լեն Միլլերի, Մայլս Դևիսի, Չիկ Կորեայի ստեղծագործություններից: Մի օր էլ, երբ նվագելու ընթացքում յուրաքանչյուրս սկսեցինք կամացուկ մեր մտահղացումներն իրականացնել մեր երաժշտական գործիքների վրա, ընդհանուր արդյունքում ստացվեց գեղեցիկ մի բան, որը չորսս էլ իսկույն նկատեցինք: Առանց մի բառ փոխանակելու հասկացանք, որ կարող ենք ապավինել իմպրովիզացիային ու բեմ բարձրանալ...Իսկ ջազը, գիտեք` իմպրովիզացիոն արվեստ է. թույլ է տալիս ազատ ստեղծագործել»: «Ֆերմատան» չորս երաժիշտներից և երեք երգչուհիներից կազմված խումբ է: Յոթն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Երաժիշտները բծախնդիր են եղել հատկապես երգչուհիների ընտրության հարցում: «Երգչուհի լինել դեռ չի նշանակում կարողանալ ջազ երգել: Աղջիկներին մենք պատահական չենք ընտրել: Նրանք կոնկրետ մասնագիտական ուղղվածություն ունեն: Ամբողջությամբ զգում են ջազը, ապրում են դրանով, իսկ ջազը հենց ռիթմի ու զգացողության արվեստ է»,- ասաց դաշնակահար Հրաչ Մկրտչյանը: Էջմիածնում կենդանի կատարմամբ ջազ վերջին անգամ հնչել է անցած դարի 80-ական թվականներին: Կոնտրաբասիստ Ս.Բեգլարյանը հիշում է, թե  ինչ անշլագ էր Կոնստանտին Օրբելյանի այդ համերգին: Դրանից հետո քաղաքում ջազ չի հնչել շուրջ 20 տարի` մինչև այն օրը, երբ ազդագրերում հայտնվեցին նորաստեղծ «Ֆերմատայի» համերգի մասին հայտարարությունները: Առաջին համերգից ոգևորված, «Ֆերմատան» պատրաստվում է երկրորդին: Ծրագրում, ինչպես առաջինում, տեղ կգտնեն թե արդեն «մարսված» ստեղծագործություններ, թե` ժամանակակից գործեր: Հաշվի առնելով  հանդիսատեսի պահանջը, ծրագրում կընդգրկեն նաև բրազիլական ջազը: Սաքսոֆոնիստ Սուրեն Պողոսյանը լատինո ջազի նկատմամբ հայերիս սերը բացատրեց լատինա-ամերիկյան սերիալներով. «Սերիալներից ականջները վարժվեցին բրազիլական ջազին: Մեզ հավասար երգում էին...»: Թեև խմբի ստեղծմանն ու առաջին համերգի կազմակերպմանը աջակցել է Էջմիածնի քաղաքապետարանը, բայց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը չշտապեց խոսել խումբն ի պաշտոնե քաղաքապետարանի ենթակայության վերցնելու մասին: Երիտասարդ քաղաքապետն ինքն էլ էր առաջին անգամ ներկա լինում կենդանի հնչողությամբ ջազ համերգի:  Նա չթաքցրեց, որ ստացել է մեծ տպավորություն  եւ ունի  գաղափար, որի իրականացման դեպքում էջմիածնեցին ջազ կլսի ցանկացած օր, ցանկացած պահի` ակումբային մթնոլորտում: Ակումբային ջազի հնարավորությունը չբացառեցին նաև «Ֆերմատան» երաժիշտները: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter