
Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիպել է Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչներին
Նալբանդյան 106/1 հասցեում իրականացվող քաղաքաշինական ծրագրի հետ կապված` Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արդեն երրորդ հանդիպումը Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչների և նրանց ներկայացուցիչների հետ:
Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
Նարեկ Սարգսյանի կողմից ներկայացվող նախագծային տարբերակի վերաբերյալ քննարկման արդյունքում բնակիչների կողմից մասնակի լրացումներ և առաջարկություններ են եղել, որոնք ընդունվել են:
Որոշվել է լրամշակված տարբերակը, արդեն որպես ցուցավահանակ, տեղադրել շինհրապարակում՝ հանրության իրազեկման նպատակով: Բնակիչները, նախագծային այս տարբերակի հետագա փոփոխություններից խուսափելու նպատակով, բարձրացրել են նաև երաշխիքների հարց:
Գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է, որ վերջին տարբերակի վերաբերյալ (որը նախատեսում է նախկինում 16 հարկանի շենքերի փոխարեն հարկայնության կտրուկ կրճատում, բակային տարածքների ավելացում) կառուցապատողի կողմից համաձայնության ստացումից հետո առաջիկա օրերին ցուցավահանակը կտեղադրվի շին. հրապարակում:
Այնուհետև Ստեփան Սաֆարյանը և Հովսեփ Խուրշուդյանը գլխավոր ճարտարապետի հետ քննարկել են Կոմիտաս 5 հասցեում նախկինում համաձայնեցված խնդրահարույց շինարարության հարցը: Նարեկ Սարգսյանը հավաստիացրել է, որ այստեղ ևս նախագծային փոփոխությունների միջոցով խնդրին լուծում տալու հնարավորություն է տեսնում:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ որոշվել է շարունակել կառուցապատողի հետ քննարկումը և առաջիկա օրերին անդրադառնալ տարածքի կառուցապատման արդեն փոփոխված տարբերակի քննարկմանը:
Մեկնաբանել