HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արմեն Հարությունյան. «Ամենուր իշխում է մարդը, բայց ոչ` օրենքը»

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրեց  տարեկան զեկույց: Այն բաղկացած էր երկու մասից` 2008թ խախտումները եւ համակարգային խնդիրների անատոմիան: Արմեն Հարությունյանը սկսեց համակարգային խնդիրներից. «Ժամանակն է, որպեսզի հստակ տարանջատվեն բիզնեսն ու իշխանությունը, ձեւավորվի առանձին եւ միմյանց հետ համագործակցող, բայց չհամընկնող քաղաքական եւ տնտեսական էլիտա: Ժամանակն է հրաժարվել օլիգարխիկ համակարգից»: Որպեսզի մարդու իրավունքների գերակայության  եւ իշխանությունների տարանջատման սկզբունքները իրագործվեն եւ ձեւական բնույթ չկրեն, ըստ Ա. Հարությունյանի, պետք է խուսափել, որպեսզի  նույն անձը միաժամանակ լինի եւ քաղաքական գործիչ, եւ պաշտոնատար անձ, եւ գործարար. «Եթե տարանջատում չլինի, ապա դատապարտված կլինենք ունենալ ֆեոդալիզմին բնորոշ հասարակական հարաբերություններ»: Օմբուդսմենը գտնում է, որ պետք է արմատախիլ անել  այն ժառանգությունը, որը ենթադրում է, թե ամենուր տիրում, իշխում է մարդը, բայց ոչ` օրենքը. «Ներկայումս Հայաստանի բնակչության իրավական մշակույթը հասել է իր նվազագույն մակարդակին. սոցիալապես արժեւորվում է ոչ թե սեփական իրավունքների հետ կապված պատասխանատվության իմացությունը, այլ իմացությունն այն բանի, թե ինչ է թույլատրում կամ արգելում ղեկավարությունը»: Ըստ զեկույցի` ներկայիս իշխանությանը  խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն են մնացել ռեպրեսիվ մեխանիզմը. «Այսօր այդ ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են, հատկապես, Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը: Դրա ապացույցն է ՀՔԾ աշխատանքի ոճը»: Իր ասածն օմբուդսմենը հիմնավորում է նրանով, որ «օմբուդսմենի գրասենյակը ստանում է բազմաթիվ բողոքներ այն մասին, թե մարդկանց ստիպում են տալ ինքնախոստովանական ցուցմունքներ կամ ցուցմունքներ` երրորդ անձանց դեմ»: Ռեպրեսիվ համակարգի գոյության հետեւանքով վախի մթնոլորտը Հայաստանում, ըստ Հարությունյանի, չի նվազում. «Հաճախակի են դեպքերը, երբ մարդկանց վախեցնում են զգուշացնելով. Դու, քո եղբայրը, քո ամուսինը, քո երեխան, քո հայրը կձերբակալվեն, կհետապնդվեն» եւ այլն: Մարդիկ լռում են, քանի որ գիտեն` սպառնալիքները կարող են իրականանալ»: Քաղաքացիները, որոնք նման սպառնալիքների դեպքում դիմում են օմբուդսմենին, չեն ցանկանում բացահայտել իրենց անձը. «Այդ սպառնալիքները հաճախ հնչում են դատախազության եւ հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից եւ չի կարելի հերոսություն պահանջել նման իրավիճակում հայտնված մարդկանցից, քանի որ հետեւանքները նրանք են կրելու»: Ա. Հարությունյանին մտահոգում է նաեւ 2008թ ընթացքում  վարչական ապարատի գործունեության միակողմանիությունը, «որն արատահայտվեց մարտի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում` արտակարգ դրության ժամանակ, 20 օր հնչում էր միայն իշխանության տեսակետը, ինչը կրքերը բորբոքելու եւ հասարակությունը պառակտելու ճանապարհ է»: Խորհրդային տարիներից մեզ հասած մյուս ժառանգությունն էլ Ա. Հարությունյանը ձեւակերպեց. «Մնացել է մի համակարգ. որը գործում է ոչ թե հանուն մարդու, այլ մարդու հաշվին»: Արմեն Հարությունյանի խորհուրդն է դասեր քաղել այն մարդկանց խոսքերից, ովքեր ամբողջ կյանքը նվիրել են ժողովրդին, օրինակ Գարեգին Նժդեհի հետեւյալ խոսքից. «Հայերի մեղքերն ավելի են նպաստել Հայաստանի կործանմանը, քան ժամանակ առ ժամանակ մեր երկիր ներխուժող թշնամիները: Հայերը քաղում են իրենց անհաշտ անցյալի պտուղները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter