HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ավետիս Կալայջյան. «ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը դուռ կբացի նաև մյուս ցեղասպանությունների ճանաչման համար»

«Մեծապես խրախուսվելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրությամբ և նրա մեջ գտնելով արդարության մեծ ջահակիրը, հույս ունենալով, որ ամերիկյան ժողովրդավարությունը մոտ ապագայում հաղթանակ կարձանագրի ցեղասպանությունները ճանաչելու գործում` ձեզ կոչ ենք անում ճանաչել հայերի, ասորիների, քրդերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունները, որոնք տեղի ունեցան 1915-1923 թթ., որոնց զոհերը միլիոնավոր մարդիկ են»,- ասված է «Նահատակ ազգերի միջազգային դաշինք» հասարակական կազմակերպությունների` մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նորընտրի նախագահ Բարաք Օբամային ուղղված բաց նամակում: Այսօր նամակի տեքստը հեղինակները ներկայացրին լրագրողներին: Նամակի տակ ստորագրած «Հայոց հաղթական ուղի» հ/կ նախագահ Ավետիս Կալայջյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից ԱՄՆ նախագահին ուղարկվել է նաև իր հեղինակած «Թուրք-թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգերը» գրքի ներածականը և վերջաբանը: Ըստ Ա. Կալայջյանի` իր գրքում ամփոփված են թուրանական ցեղերի կողմից Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում իրականացված 50 մլն մարդու ցեղասպանության ամբողջական պատմությունը: Հայաստանի և ԼՂՀ հույների «Պատրիդա» հ/կ-ի նախագահ Էդուարդ Պոլատովն ասաց, որ Թուրքիայում ցեղասպանությունն իրականացվել է հիմնականում երկու ազգերի` հայերի և Պոնտոսի հույների նկատմամբ, ովքեր հանդիսանում են այսօրվա Թուրքիայի իրական տերերն ու այդ հողերի ժառանգները: Հայաստանի քրդական համայնքի ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովն էլ հայտարարեց, որ 1915 թ. նաև քրդերի նկատմամբ է իրականացվել ցեղասպանություն. ««Պետական» մակարդակով չի եղել, որ քրդերը թուրքերի հետ միասին կոտորել են հայերին, բացի այդ` քրդերը ներողություն են խնդրել հայերից իրենց նախնիների արածների համար»: Կնյազ Հասանովը հայտարարեց, որ Թուրքիայում այսօր էլ շարունակվում է ցեղասպանությունը քրդերի նկատմամբ. «Երբ 20 մլն քրդերի երեխաները բանակ են գնում, նրանց ընտրում են ու ուղարկում Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ, և իրար դեմ սկսում են պայքարել քրդերը, ապա սա քողարկված ցեղասպանություն է, որ 21-րդ դարում թուրքերը կատարում են քրդերի նկատմամբ: Եթե չբռնենք Թուրքիայի արյունոտ ձեռքը, ապա ցեղասպանությունը կլինի ոչ միայն քրդերի, այլ այնտեղ բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ»: Ա. Կալայջյանն ասաց, որ քրդական, հունական, ասորական ցեղասպանությունները գիտական և իրավական հիմքեր ունենալով` մինչ օրս ճանաչված չեն. «Ես հուսով եմ, որ այս տարվա ապրիլի 24-ին Բարաք Օբաման կունենա այդ համարձակությունը և կօգտագործի վերջապես ցեղասպանություն բառը: Եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, դրանով դուռ կբացվի նաև մյուս ցեղասպանությունների ճանաչման համար»: Ըստ նրա` Ցեղասպանության ճանաչումն իրենց կողմից առաջին պահանջն է և այն արվում է ցեղասպանությունների կրկնությունը կանխելու նպատակով, իսկ թե ճանաչման դեպքում իրենք ինչպիսի փոխհատուցում են պահանջելու, բանախոսներից ոչ մեկն այդպես էլ հստակ չձևակերպեց: Էդուարդ Պոլոտովի համոզմամբ`ԱՄՆ-ն ամենաքիչն է ներգրավված եղել հայերի, հույների, ասորիների և մյուս ազգերի նկատմամբ կատարվող ցեղասպանությունների մեջ. «Հուսով ենք, որ ԱՄՆ-ի այսօրվա ղեկավարությունը չի զբաղվի մարմնավաճառությամբ և կճանաչի ցեղասպանությունները»,- ասաց նա: Բանախոսները կարծիք հայտնեցին նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացին: Էդուարդ Պոլոտովն, այնուամենայնիվ, շեշտեց, որ չի կարելի Թուրքայի հետ խոսել առանց նախապայմանների, «քանի որ նրանք հանցագործություն արած լինելով` մեր առաջ նախապայմաններ են դնում ու ուզում են մեզ համոզել, որ ցեղասպանություն չի եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter