Ղարաբաղում ընկուզենիներ կտնկվեն
Այս տարվա ընթացքում ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված անտառային միջոցառումների շրջանակներում պետական անտառային ֆոնդի տարածքում ըստ շրջանների 5.6 հա տարածքի վրա ընկույզի տունկ կկատարվի, 400 հա տարածքի վրա` բնական աճի աջակցում եւ 1հա տարածքի վրա տնկարան կստեղծվի:
Անտառային միջոցառումների ծրագրով, որը հաստատվել է կառավարության վերջին նիստում, նախատեսված է 4.8 մլն դրամ հատկացնել անտառային ֆոնդի 400 հա բնական աճի աջակցման նպատակով, 1.5 մլն դրամ` 5.6 հա ընկուզենու տունկի, 1մլն դրամ` 1 հա տարածքի վրա տնկարանային տնտեսություն ստեղծելու համար:
Ի դեպ, հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ ընկուզենիների մասսայական հատումներ էին իրականացվում Ղարաբաղում, ինչի մասին ավելի հաճախակի էին խոսում հատկապես Ազգային ժողովում: Կարելի է ենթադրել, որ այս տարի նախատեսված ընկուզենու տունկն ինչ-որ չափով «կհատուցի» տարիներ առաջ կրած վնասները:
Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի ներկայացված ծրագրում նշվում է, որ պետական անտառային ֆոնդի տարածքում վերջին տասը տարում կատարվել են չնչին ծավալով անտառային մշակութային աշխատանքներ։
«Արցախանտառ» կազմակերպությունը, որը պետք է ապահովի անտառների վերականգնումն ու անտառապատումը, ինչպես նաեւ սելեկցիոն սերմային տնտեսության վարումը, տնկարանային տնտեսության ընդլայնման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, չունի հասարակ տնկարան։ Այդ իսկ պատճառով էլ, 2008 թվականի անտառային միջոցառումների իրականացման համար «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը տնկանյութի հիմնական մասը ձեռք է բերել այլ աղբյուրներից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել