HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Քաղաքապետի թեկնածուի փնտրտուք

Կոալիցիոն երկու ուժերն ու ընդդիմությունը դեռ չեն կողմնորոշվել Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունները կկայանան այս տարվա մայիսի 31-ին: Երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կոալիցիոն ուժերը կարող են մասնակցել միասնական ցուցակով: Բայց մի քանի օր առաջ իշխող Հանրապետական կուսակցությունը ոչ միայն հայտարարեց ընտրություններին առանձին մասնակցելու իր որոշման մասին ու հրապարակեց քաղաքապետի իր թեկնածուի անունը, այլև հասցրեց նրան նշանակել Երևանի նոր քաղաքապետ: Պարզ դարձավ, որ կոալիցիոն ուժերն առանձին ցուցակներով են ներկայանալու ընտրությունների ժամանակ: Երեկ հայտնի դարձավ նաև քաղաքապետի` ԲՀԿ թեկնածուի անունը: Սակայն կոալիցիոն մյուս երկու ուժերը` ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը դեռևս լռում են: ՀՅԴ-ի փոխարեն ակտիվորեն խոսում է մամուլը: Արդեն մի քանի օր է` լուրեր են պտտվում, որ Դաշնակցության հանրությանը հայտնի ղեկավարները` Արմեն Ռուստամյանը եւ Վահան Հովհաննիսյանը հրաժարվել են գլխավորել թեկնածուների կուսակցական ցուցակը, քանի որ համոզված են` Գագիկ Բեգլարյանը հաղթելու է: Շրջանառվում է նաև Արծվիկ Մինասյանի անունը: Այսօր մենք փորձեցինք Արծվիկ Մինասյանից ճշտել` արդյոք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ իրեն չեն էլ կարող առաջադրել, քանի որ Երևանում հաշվառում չունի, ապա հերքեց այն տեղեկությունները, որ իր կուսակցական գործընկերները հրաժարվել են գլխավորել ցուցակը: «Այդպիսի բան չկա Դաշնակցությունում, չեն կարող հրաժարվել, կուսակցությունում որոշումներ են կայացվում, և ամեն մեկը պարտավոր է այդ որոշումները կատարել, քննարկումները գնում են, և առաջիկա 2-3 օրերի ընթացքում վերջնական պատասխան կլինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը: ՕԵԿ-ից էլ մեզ փոխանցեցին, որ դեռևս հայտնի չէ թեկնածուի անունը: Կոալիցիոն ուժերից բացի` քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգություն» կուսակցությունը: Ընդդիմադիր դաշտում դեռ քննարկում են միասնական ցուցակով ընտրության գնալու հնարավորությունը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը մեզ փոխանցեց, որ հենց հայտարարելու նյութ ունենան, բոլորն այդ մասին կտեղեկանան: «Մենք հիմա աշխատում ենք, ցուցակներ ենք կազմում, բայց առայժմ ես դժվարանում եմ ասել` մենք դաշինքով կգնանք, թե ոչ»,- ասաց նա: Հայ ազգային կոնգրեսից էլ մեզ հորդորեցին ևս մի քանի օր սպասել` հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար: Ըստ մամուլի` ՀԱԿ-ը կարող է առաջադրել այժմ ընդհատակում գտնվող գործարար Խաչատուր Սուքիասյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter