Կաշառակեր դասախոսների մասին ԿԳՆ-ն փաստեր չունի
Այսօր «Միասին» երիտասարդական շարժման ակցիայի շրջանակներում քաղաքի կենտրոնական հատվածներում, հատկապես բուհերի շրջակայքում փակցվել էին տարբեր բուհերում դասավանդող մի շարք դասախոսների նկարներ «Կաշառակեր» վերտառությամբ: «Կաշառակերներին» ակցիայի կազմակերպիչները հայտանաբերել են ուսանողների օգնությամբ:
«Հրապարակված են կոնկրետ դասախոսների անուններ, արդյո՞ք Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է ինչ-որ քայլեր ձեռնարկել» հարցով Հետքը դիմեց Կրթության եւ գիտության նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին:
«Կրթության և գիտության նախարարությունը շահագրգիռ է ինչպես հասարակության մյուս ոլորտներում, այնպես էլ կրթության ոլորտում տեղ գտած արատավոր երևույթների, տեղ գտած կոռուպցիոն բոլոր տեսակի դրսևորումներ դեմ պայքարում: Մենք միշտ պատրաստակամ ենք եղել այդ պայքարում համագործակցել քաղաքացիական հասարակության բոլոր օղակների և կառույցների հետ, բայց նախարարությունը մինչ այսօր որևէ կազմակերպության կողմից փաստ չի ստացել, եթե այդ անունների հրապարակման ետևում կան փաստեր, ապա թող ներկայացվեն մեզ: Երբ պաշտոնապես կունենանք այդ փաստերը, մենք կկարողանանք ասել, թե այդ փաստերը մեր լիազորությունների շրջանակներում ինչպիսի գործընթացների և քայլերի կբերեն»,- ասաց վարչության պետը:
Արթուր Բաղդասրայանը հավելեց նաև, որ ժողովրդավարական հասարակության կառուցումը ենթադրում է ինչպես օրենքի գերակայություն և խոսքի ազատություն, այնպես էլ Սահմանադրությամբ ամրագրված անձի իրավունքների պաշտպանություն. «Այդտեղ ներկայացված բոլոր դասախոսները մեր հասարակության անդամներն են ու ունեն իրենց իրավունքները: Երբ մեղադրանք է առաջադրվում, պետք է հիմնավորումներ տրվեն, կոնկրետ մեզ նման փաստեր և հիմնավորումներ ներկայացված չեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել