HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ պետը պաշտոնից հրաժարվո՞ւմ է

Թերթերում լուրեր են շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ Գորիկ Հակոբյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, ինչը պայմանավորում են Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հանցագործության բացահայտմամբ: Ըստ «Առավոտ» օրաթերթի` իրականում հանցագործությունը բացահայտել է ոչ թե ԱԱԾ-ն, այլ հենց ինքը Արմեն Ավետիսյանը, ով ժամանակին զբաղեցրել է ԱԱԾ-ի Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը: Դրա շնորհիվ էլ, ընկերական կարգով ստանալով նախիկ գործընկերներից ոմանց աջակցությունը, Ավետիսյանն անցկացրել է սեփական հետաքննությունը եւ դուրս եկել հանցագործների հետքի վրա: Եվ հիմա Ավետիսյանն անգործություն դրսեւորած ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին «դրդել է» հրաժարական տալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի օրերս տարածած հաղորդագրության համաձայն` այս կառույցի կողմից բացահայտված հանցավոր խումբը ոչ միայն իրականացրել էր նախկին մաքսապետի տան կողոպուտը, այլեւ հեղինակել 2007 թ. նոյեմբերի 29-ին Երեւանի Մ. Խորենացու 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառում կատարված կողոպուտը, իսկ այս տարվա հունվարի 28-ին` գրավատան տնօրենի նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը: Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 10 անձ, այդ թվում` ավազակային հարձակման անմիջական մասնակիցներն ու օժանդակողները, ձերբակալվել են հանցավոր խմբի ղեկավարն ու պատվիրատուն, որը ֆինանսավորել եւ ուղղորդել է նրանց գործողությունները: «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տեղեկություննրով` հանցավոր խմբում ներգրավված են եղել եւ այժմ անազատության մեջ են ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, մասնավորապես ոստիկանության Ավանի բաժնի նախկին պետ, փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանը (մականունը` «Մուզմուզ») եւ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության մարզիչ մայոր Բագրատ Սողոմոնյանը («Բեգո»): «Արմեն Նիկողոսյանը, ըստ մեր տեղեկությունների, ժամանակին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հրամանով հեռացվել է համակարգից` ոստիկանի պատիվը արատավորելու համար: Սակայն Հայկ Հարությունյանի օրոք` փոխնախարար, գեներալ-մայոր Հովիկ Հունանյանի միջնորդությամբ, վերականգնվել է համակարգում: Այդ ընթացքում Նիկողոսյանի կողմից մի քանի լուրջ հանցագործություններ թաքցնելու առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանը` «Մուլտիկը», ոստիկանապետ Հայկ Հարությունյանին մի քանի զեկուցագիր է գրել, ինչպես նաեւ տեղեկացրել, որ իր ղեկավարած բաժնի կողմից կատարված մի քանի օպերատիվ քննչական գործողություններ տապալվել են, քանի որ ինֆորմացիայի արտահոսք է եղել: Կասկածներ կան, որ ոստիկանների համար այդքան ատելի «արտահոսքի» հեղինակը եղել է հենց «Մուզմուզը»: Յազիչյանը նույնիսկ իր փեսա Արմեն Երիցյանի միջոցով, որը ՀՀ փոխոստիկանապետն էր, չի կարողացել ազատվել Հովիկ Հունանյանի հովանավորյալից: Հայկ Հարությունյանը բավարարվել էր միայն նկատողություն տալով»,- հաղորդում է «Չորրորդ իշխանությունը: Իսկ «Առավոտի» փոխանցմամբ` Արմեն Նիկողոսյանը երկու տարի առաջ Հայկ Հարությունյանի հրամանով համակարգից հեռացվել էր բռնաբարություն կատարելու համար եւ քրեական պատասխանատվությունից խույս էր տվել «միայն «6»-ի նախկին պետ Աշոտ Գիզիրյանի ջանքերի շնորհիվ»: Թերթի տեղեկություններով` Արմեն Նիկողոսյանի տան խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են մաքսայինի նախկին պետին պատկանող իրեր՝ հանցագործության իրեղեն ապացույցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter