HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը քննադատում է Արմեն Հարությունյանի զեկույցը

Հայ Ազգային Կոնգրեսն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Օրերս Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց իր տարեկան զեկույցը։ Ընդարձակ այս զեկույցում անտեսված է այն քաղաքական իրողությունը, որը ձևավորվել է Հայաստանում և որի հետևանքով 2008թ. ամբողջ ընթացքում համակարգված կերպով իրականացվել են մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների ոտնահարում։ Մասնավորապես` - հազարավոր քաղաքացիներ հետապնդվել, հալածվել, խոշտանգվել, բանտարկվել, ունեզրկվել և ահաբեկվել են իրենց քաղաքական հայացքների ու օրինական գործունեության համար։ - ձևավորվել է քաղբանտարկյալների ինստիտուտը, և այսօր էլ 56 քաղբանտարկյալ պահվում են բանտերում։ - անց են կացվել մի քանի տանսյակ պատվիրված քաղաքական դատավարություններ, որոնց ընթացքում ակնհայտ շինծու մեղադրանքներով դատապարտվել են անմեղ անձինք։ - ոտնահարվել է քաղաքացիների` սեփական կառավարություն և տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու սահմանադրական իրավունքը։ - ոտնահարելով խաղաղ ցույցեր անցկացնելու` քաղաքացիների սահմանադրական իրավունքը` մարտի 1-ին վարչախմբի կողմից իրականացվել է սպանդ, որի կատարողներն ու պատվիրատուները մինչ օրս չեն կանգնել արդարադատության առաջ։ - համակարգային բնույթ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնությունները։ Էլեկտրոնային լրատվամիջոցները շարունակում են մնալ վարչախմբի ամբողջական վերահսկողության ներքո։ Այս փաստերը հանգամանալից ներկայացված են բազմաթիվ միջազգային և տեղական զեկույցներում, ներառյալ վերջերս հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցներում։ Ցավալիորեն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում փաստացի նյութի փոխարեն տեղ են գտել բազմաթիվ փիլիսոփայական զեղումներ և անտեղի տեսական սոցիալ-քաղաքական վերլուծություններ, որոնք որևէ կապ չունեն ՄԻՊ առաքելության հետ։ Անընդունելի են նաև ՄԻՊ այն բացատրությունները, թե այդ փաստերին նա անդրադարձել է արտահերթ զեկույցում։ Նախ. անցյալում փաստերին անդրադառնալը չի կարող հիմք ծառայել 2008թ. Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ընդհանուր պատկերի աղավաղման համար։ Երկրորդ` արհամարված են նաև արտահերթ զեկույցից հետո տեղի ունեցած օրինախախտումներն ու հանցագործությունները։ Մասնավորապես, հակառակ ՄԻՊ կողմից հրապարակայնորեն տրված խոստումների, գնահատական չի տրված քաղաքական դատավարություններին։ Իշխանության ռեպրեսիվ բնույթին վերաբերող ցաքուցրիվ փաստերը վերագրված են հնուց ժառանգած համակարգին, իսպառ բացառվել է իշխող վարչախմբի քաղաքական կամքի գործոնը և պատասխանատվությունը։ Ուստի` Մարդու իրավունքների պաշտպանն ըստ էության ստանձնել է Սերժ Սարգսյանի վարչախմբի փաստաբանի դերը։ Որդեգրելով նման կեցվածք` Մարդու իրավունքների պաշտպանը փաստացիորեն դարձել է ռեպրեսիվ քաղաքական համակարգը սպասարկող իստիտուտ, որ նպատակ ունի «անաչառ» գնահատողի հանդերձանքով ստեղծել ժողովրդավարական գործընթացների իմիտացիա։ Հայ ազգային կոնգրեսը ցավով արձանագրում է, որ նման կեցվածքով Մարդու իրավունքների պաշտպանը ստանձնում է պատասխանատվություն ռեժիմի կողմից իրագործված ապօրինությունների համար և դրանով ծանր հարված հասցնում Հայաստանում օմբուդսմենի ինստւտուտի հեղինակությանն ու առաքելությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter