Դպրոցի խորհրդի անդամները շարունակում են իրենց պայքարը
Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության եւ խորհրդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին
1. Գյումրու թիվ 19 դպրոցի մանկավարժական խորհրդի եւ դպրոցի խորհրդի անդամներ Ռուզան Մովսիսյանը եւ Ալվարդ Ղայթանջյանը, համապատասխանաբար 2009 թվի փետրվարի 16-ին եւ մարտի 4-ին, հայցերով դիմել են ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Շիրակի մարզպետի եւ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, դպրոցի խորհրդում իրենց լիազորությունների դադարեցման մասին մարզպետի կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջով: Այդ հայցերի պատճառ է դարձել Շիրակի մարզպետի այն կարգադրությունը, որով վերջինս Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի ընտրությունները դպրոցի խորհրդի կազմում հայտարարում է ՀՀ ԿԳ նախարարի սահմանած (8.12.2006) ընտրական կարգի խախտմամբ տեղի ունեցած, այնինչ այս անդամները Մանկավարժական խորհրդից ընտրվել են նախարարի սահմանած նոր կարգի ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ (8.10.2006)` եռամյա լիազորություններով:
2. Ռուզան Մովսիսյանի հայցով դատարանը հայցն ընդունել է վարույթ եւ բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ այն է կասեցնել մարզպետի կարգադրության այն կետի կատարումը, որով հանձնարարվում էր դպրոցի մանկավարժական խորհրդից երկու անդամ ընտրել դպրոցի խորհրդի կազմ: Ռուզան Մովսիսյանը դատարանի որոշումը հարկադիր կատարելու պահանջով դիմել է ԴԱՀԿ ԱԾ, որը կատարողական վարույթ է հարուցել եւ որոշել է արգելել մարզպետի կարգադրության կատարումը Ռուզան Մովսիսյանի մասով: Այս գործով նախնական դատական նիստը նշանակված է մարտի 19-ին ժամը 14-ին:
3. Ալվարդ Ղայթանջյանի հայցով դատարանը համանման որոշում է կայացրել. հայցն ընդունել է վարույթ եւ բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ այն է կասեցնել մարզպետի կարգադրության այն կետի կատարումը, որով հանձնարարվում էր դպրոցի մանկավարժական խորհրդից երկու անդամ ընտրել դպրոցի խորհրդի կազմ, ինչպես նաեւ` կասեցնել մարզպետի փետրվարի 20-ի որոշմամբ ձեւավորված նոր խորհրդի գործունեությունը եւ դրա կայացրած որոշումներով պայմանավորված բոլոր հնարավոր գործողությունները:
4. Դպրոցի մանկավարժական խորհրդի 28 անդամներից 23-ը փետրվարի 20-ին բողոք են հղել Շիրակի մարզպետին, ՇՄ ԿՄՍ վարչության պետին եւ դպրոցի տնօրենի պաշտոնակատարին այն մասին, որ տնօրենի հապճեպ նախաձեռնությամբ փետրվարի 19-ին գումարված մանկավարժական խորհրդի նիստը կազմակերպվել եւ անցկացվել է նման նիստերի գումարման ողջամտության սկզբունքների խայտառակ խախտումներով. առանց պատշաճ իրազեկման, դասապրոցեսի հաշվին, առանց օրակարգի հաստատման, մանկավարժների օրինական իրավունքների ոտնահարումներով եւ այլն: Բողոքի պատճեներն ուղարկվել են ՀՀ ԿԳ նախարարին եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարին: Սրան հետեւել են այդ բողոքի տակ ստորագրող ուսուցիչների նկատմամբ վարչական ճնշումները, բացատրությունների պահանջները, մասնավորաբար, Շիրակի մարզպետարանի իրավաբան Գեղամ Բաղդասարյանը ուսուցիչներից պահանջել է մարզպետարան ներկայանալ անձնագրերով՝ նրանց` բողոքողների անձերը ստուգելու համար, ապա 3 ժամ 15 րոպե առանձնազրույցներ է ունեցել նրանցից 19-ի հետ ու համոզվել, որ ուսուցիչները պնդում են իրենց բողոքը եւ որեւէ մեկն անզոր է նրանց հրաժարեցնել իրենց բողոքից: Մարտի 5-ին ՇՄ ԿՄՍ վարչության պետը այս բողոքին ի պատասխան Ռուզան Մովսիսյանի անունով 6,5 տող կազմող մի գրություն է հղել, որից պարզ է դառնում, որ այս պաշտոնյան համարժեք չի ընկալում ուսուցիչների բողոքը (կամ այդպիսի տպավորություն է ուզում թողնել) ու չի նկատում բոլոր այն հետեւանքները, որոնք անխուսափելիորեն տեղի կունենան այս բողոքում բերված խնդիրները պատշաճ կերպով չլուծելու դեպքում:
5. ՀՀ ԿԳ նախարարին Ռուզան Մովսիսյանի հղած փետրվարի 14-ի եւ փետրվարի 20-ի բողոքների հանգամանքների պարզման եւ խնդիրը տեղում հետազոտելու ու նախարարին զեկուցելու առաքելությամբ ՀՀ ԿԳ նախարարության հանձնախումբը ժամանեց Գյումրի, այստեղ ուսումնասիրություններ կատարեց փետրվարի 23-24-ին, ապա վերադարձավ Երեւան: Ռուզան Մովսիսյանը իր բողոքին պաշտոնական պատասխան դեռ չի ստացել:
6. Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, որ դպրոցի խորհրդի անդամները այսօրինակ վճռականությամբ եւ հետեւողականությամբ պաշտպանում են իրենց օրինական իրավունքները:
7. Վերջին 3,5 ամիսներին այս դպրոցի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրության վերլուծությունը թույլ է տալիս հայտարարել, որ Շիրակի մարզային իշխանությունները, ի դեմս մի քանի պաշտոնյաների, անտեսելով մասնակցային կառավարման սկզբունքը, իսկական վարչական արշավ են ձեռնարկել այս դպրոցի ներքին կյանքի, խորհրդի, մանկավարժական խորհրդի վրա միահեծան հսկողության դիրքի հասնելու համար: Դպրոցի հանրույթը պառակտելու, մանկավարժական գործընթացը կազմալուծելու, գուցեեւ դրանով այլ նպատակներ հետապնդող բացահայտ եւ տեղ-տեղ անհաջող կերպով քողարկված ջանքերը առայժմ էական հաջողությունների չեն հանգեցնում: Ժամանակն է, որ Շիրակի մարզպետը իր տրամադրության տակ առկա ծանրակշիռ փաստաթղթերի հիման վրա վերանայի իր այն որոշումը, որով դադարեցրել է դպրոցի խորհրդի 2 անդամների լիազորությունները, դրանով վերականգնի այս անդամների օրինական իրավունքները, ինչը դպրոցի աշխատանքը կվերադարձնի խաղաղ աշխատանքային հուն: Արժե, որ մարզպետը իր դիրքորոշումը վերանայի մինչեւ նշված եւ այլ հնարավոր հայցերով դատական գործերի դատաքննության մեկնարկը:
8. Զանգվածային լրատվամիջոցները, լրագրողները եւ հասարակական գործիչները պարտավոր են առավել ուշադրություն դարձնել արդեն երեք ամիս է զարգացող այս կոնֆլիկտին, հնարավոր մանրամասնությամբ եւ բազմակողմանիորեն վերլուծել եւ լուսաբանել այն՝ աշակերտաց եւ կրթության գլխավոր շահի գերադասությամբ լուծում գտնելու համար:
9. Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնը պատրաստ է առաջիկայում էլ իր բոլոր միջոցներով, խորհրդատվությամբ եւ իրավաբանական աջակցությամբ պաշտպանել կենտրոնին դիմած մանկավարժների ու դպրոցի շահերը:
Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության եւ խորհրդի շուրջ վերջին 3,5 ամիսների զարգացումների ժամանակագրությամբ Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի տեղեկանքը եւ մի քանի փաստաթղթերի պատճեները ներկայացվում է այս հաղորդագրությանը կից:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ,
Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել