HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Վարչապետը կոչ է անում խնայել պետական միջոցները

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը վերջին շրջանում օպտիմիզմ չի ներշնչում, եւ պրոցեսները արդեն սկսել են էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Այս տարվա երկու ամիսների վերլուծությունները արդեն ցույց են տալիս, որ ռիսկերը, որոնց մասին խոսում էինք, դառնում են ակնառու: Դա վերաբերում է թե՛ համախառն ներքին արդյունքի ծավալների դինամիկային, թե՛ ընդհանուր  հարկերի հավաքագրմանը եւ պետական  բյուջեի ձեւավորմանը»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Կառավարությունն ունի տարբեր սցենարների արձագանքելու ծրագրեր, որոնցից մեկն այսօր ներկայացվեց: Ըստ նախարարի` փաթեթն առաջին արագ արձագանքումն է, որը նպատակ ունի կանխատեսելի դարձնել բյուջետային  գործընթացը, կառավելի դարձնել հարկային հավաքագրումներն ու եկամուտների եւ ծախսերի իրականացումը. «Փաթեթն իրենից ներկայացնում է 2009 թ. բյուջեի վերաբաշխում՝ եռամսյակային կտրվածքով»: Վերաբաշխումների ծավալը, ըստ եկամտային մասի, գնահատվեց 131 մլրդ դրամի չափով. «Փոփոխությունները չեն ներառում սոցիալական ծախսերը, այդ ծավալները մնում են՝ ինչպես եւ նախատեսված էր, փոփոխություններ չեն  նախատեսվում տնտեսական եւ անվտանգության ծրագրերում»: Հիմնական փոփոխություն-տեղաշարժերը նախատեսվում են գույքի ձեռքբերման, գործուղումների, պետական համակարգի ծախսերի խնայողություների առումով: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ նման փոփոխությունները ստեղծում են որոշակի դժվարություններ, սակայն «մենք պարտավոր ենք հաղթահարել դրանք, այլ ճանապարհ չունենք, քանի որ համաշխարհային տնտեսությունը զարգանում է ոչ լավ սցենարով, Համաշխարհային բանկի եւ Արժութային հիմնադրամի բոլոր կանխատեսումները վերանայվել են, բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները 4 անգամ վերանայվել են: Մենք պետք է աշխատենք օպերատիվ ռեժիմով, պետք է խնայենք ֆինանսական միջոցները եւ ծախսենք այնքան, ինչքան ի վիճակի ենք հարկեր հավաքել»: Ֆինանսների նախարարը նաեւ տեղեկացրեց, որ Պահուստային ֆոնդին այսուհետեւ անդրադառնալու են միայն ակնհայտ արտառոց իրավիճակներում: Ֆինանսների նախարարի տեղակալն էլ հայտարարեց, որ պահուստային ֆոնդում կա ընդամենը 3 մլրդ դրամ գումար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հետաքրքրվեց. «Եթե մենք բոլոր ծախսային հոդվածները տեղափոխում ենք չորրորդ եռամսյակ, ապա կոմունալ  ծառայությունների վճարումները ինչպե՞ս են լինելու, ըստ սահմանված կարգի՝ կհոսանքազրկվե՞նք, կգազազրկվե՞նք>>: Վարչապետը պատասխանեց. «Պետք է անցնենք խիստ խնայողության ռեժիմի, պետք է  բացահայտենք մեր ներքին ռեզերվները եւ խնայենք պետական միջոցները, ծախսենք մեր եկամուտներին համահունչ, որովհետեւ համախառն ներքին արդյունքի հունվար ամսվա ցուցանիշները կտրուկ վատացել են, նշանակում է՝ պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին»: Ըստ Կառավարության ղեկավարի՝ անցնելու են եռամսյակային բյուջետային պլանավորման սկզբունքին. «Ամեն եռամսյակ ամփոփելու ենք արդյունքները եւ ծրագրավորելու ենք հաջորդ եռամսյակը, դրա համար էլ Ֆինանսների նախարարը  կոչ է անում, որ ուշադիր լինեք ծախսերի նկատմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter