Կարդացեք Չարենց
Եղիշե Չարենց
Հարդագողի ճամփորդները
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ - ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական -
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ -
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ։
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում -
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր - արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը - լուսավոր հեռուներ։
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում - արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն - հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու -
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն -
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ-
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
- Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…
Անառակ որդիներին
(Դիֆերամբ)
Դուք, որ վատնեցիք մեր գանձը հետին -
Մեզ թողիք տկլոր ու բոկոտն, ու խեղճ,
Եվ գլուխը մեր թեքեցիք գետին,
Եվ նախատինքը մեր դեմքը թրջեց -
Երգում ենք ահա ձեզ փառք ու պատիվ՝
Չորեքթաթ կեցած ձեր կառքի առջև:
Անքնություն
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ.
Այրած երգեր
Երբ երեկոն իջավ, որպես հոգնած ճամփորդ,
Եվ փոշեպատ նստեց տանիքների վրա,-
Ես սենյակս մտա իմ խոհերի ճամփով
Եվ հանեցի երգերըս մի երեկո գրած:
Ես հանեցի երգերըս ու կարդացի կրկին
Պատմություններ, հուշեր մի ավերված հոգու,
Եվ խորշեցի ես ինքըս իմ հուսահատ երգից,
Եվ ամոթի թախիծն էր իմ ճակատին չոքում,-
Երբ տողերի միջից իմ երգերի, իմ այդ
Մի երեկո գրած նվագների տակից
Հառնեց հանկարծ, նայեց ու ժպիտով ժլատ
Ինձ ողջունեց նազով արդեն մեռած մի կին:
Ու տողերիս միջից ինձ պարզեցին երկու
Նախատինքի սրեր` երկու աչքեր մեռած,
Հետո սրբեց ճակատըս նա իր նրբին ձեռքով,
Եվ խո՜ր հանգիստ իջավ իմ աչքերի վրա:
Նա ինձ ասաց, այդ կինը, իմ տողերի միջից.
« - Արիացի՛ր, ընկե՛ր իմ, ամրապնդվի՛ր ոգով,
Մաքրի՛ր հոգնած քո սիրտը կարոտներից չնչին,
Որ վերանա խավարը քո հուշերին չոքող:-
Թե հիշատակն իմ թանկ է դեռ քո սրտին հիմա,
Թե ուզում ես, որ հուշըս չխավարի քո մեջ,-
Կրի՛ր պայծառ անունըդ մարտիրոսի նման,
Եղիր ոգով անդու՛լ դու, ու մաքառող, ու մեծ»...
Օ, հարազա՛տ ընկեր իմ, իմ բարեկա՛մ, իմ քու՛յր,
Անվերադարձ անցած հերոսակա՛ն իմ կին,-
Ահա կրկի՛ն արև է իմ խավարած հոգում
Եվ կենսատու ժպիտ է իմ տարամերժ դեմքին:-
Երբ դադարեց քո ձայնը այն երեկո - հանգիստ
Ես շոյեցի ճակատըս ու վառեցի կրակ,
Եվ հանձնելով իմ կյա՛նքը հերոսական կամքիդ՝
Ես այրեցի երգերըս մի երեկո գրած…
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել