Պաշտպանը ներկայացնելու է Ոսկերչյանի համար շտապօգնություն կանչելու միջնորդություն
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվել է «Յոթի գործով» դատավարությունը, որին մեղադրյալներից մասնակցում է միայն Գրիգոր Ոսկերչյանը: Մյուսները դատավորի կիրառած սանկցիայի պատճառով 10 օր զրկվել են դատաքննությանը մասնակցելու իրավունքից:
Գրիգոր Ոսկերչյանն այս անգամ էլ ոտքի չի կանգնել, եւ դատավոր Մարտիրոս Մնացականյանը նրա նկատմամբ կրկին կիրառել է նախազգուշացման սանկցիա` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Հիշեցնենք, որ դատավարությունն ընդհատվել էր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի բացակայության պատճառով:
Այսօրվա նիստին պաշտպանը դատարանում է եւ նիստի ընթացքում հայտարարեց, որ դեռեւս մարտի 5-ից ինքը տեղեկացված էր Վրաստանում ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի դատական նիստերի ժամանակացույցին եւ մարտի 9-ի նիստի ավարտին ինքը դատարանին խնդրել է նիստերը նշանակելիս հաշվի առնել այդ ժամանակացույցը եւ պաշտպանական կողմի ծանրաբեռնվածությունը:
«Կարծում եմ` ինձ մոտ եղած փաստաթղթերը ներկայացնելուց հետո որեւէ խնդիր չի կարող լինել, ես որեւէ կարգապահական կանոն, անհարգալից վերաբերմունք ոչ դատարանի, ոչ էլ դատավարության նկատմամբ չեմ դրսեւորել»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:
Իր հերթին Գրիգոր Ոսկերչյանը հայտարարեց, որ Մնացական Մարտիրոսյանը մշտապես դատը հետաձգում էր մաքսիմալ ժամկետներով, բայց քանի որ իր պաշտպանը հանրապետությունում չէր, նա դիտավորյալ ամեն օր նիստ էր նշանակում:
Ուստի Գ. Ոսկերչյանը դիմեց Փաստաբանների պալատի խորհրդին` քննելու դատավորի վարքագիծը եւ վերջինիս միջնորդեց ընդունել ինքնաբացարկի որոշում: Ոսկերչյանը նաեւ նշեց, որ Մեղադրող Կորյուն Փիլոյանն իրավունք չուներ հետեւելու իր պաշտպանին, ինչ է թե պետք է իմանա, թե նա որ ժամին է հատել սահմանը: Ըստ Ոսկերչյանի` դրանով մեղադրողը խախտել է Ստեփան Ոսկանյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Այս միջնորդությունը Մնացական Մարտիրոսյանը թողեց առանց քննության` պատճառաբանելով, թե նույն հիմքով միջնորդություններ արդեն իսկ քննվել են:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ լրագրողներին դատական նիստերի դահլիճից հեռացնելն իր պաշտպանյալի գործի հրապարակային քննության իրավունքի խախտում է, ավելին` դատավորը դատական նիստերը հայտարարել էր դռնբաց:
Բացի այդ պաշտպանը դատարանից պահանջեց հավասար պայմաններ ստեղծել մեղադրող եւ պաշտպանական կողմերի համար, քանի որ ներկայում հավասարությունն ապահովված չէ: Օրինակ` մինչ դատարան մտնելն իրենց մանրամասն ստուգում են, իսկ մեղադրողներն, առանց զննման, դատարան են մտնում առանձին մուտքով: Կամ վերջիններիս ընդմիջումների ընթացքում հատկացվում է առանձին սենյակ, իսկ իրենց` ոչ: Այս պահանջին միացան նաեւ մյուս պաշտպանները:
Նիստի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, եւ նշեց, թե իր որդու վրա կրակողներից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել, ավելին` մարդասպանները նույնիսկ հայտնաբերված չեն:
Զոհվածի մայրը, դատարանի անաչառությունը կասկածի տակ դնելով, Մնացական Մարտիրոսյանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն, ինչը կրկին քննության չդրվեց` «արդեն նույն հիմքով միջնորդություններ քննարկվել են» հիմնավորմամբ:
Այնուհետեւ դատավորը ներկայացրեց նիստն արձանագրող քարտուղարին` Վարդուհի Սարգսյանին: Փաստաբան Հովիկ Արսենյանը հարցրեց, թե երբվանի՞ց է նա նշանակվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի քարտուղար, ինչը պարզաբնելու համար դատարանը հայտարարեց մեկժամյա ընդմիջում:
Ընդմիջման ժամանակ իր պաշտպանյալի հետ առանձնազրույցից հետո Ստեփան Ոսկանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Գրիգոր Ոսկերչյանն ունի առողջության, մասնավորապես երիկամի հետ կապված խնդիրներ, այս պահին իրեն վատ է զգում. ունի սրտխառնոց եւ գլխապտույտ: Ընդմիջման ավարտից հետո Ստեփան Ոսկանյանը պատրաստվում է դատավորին միջնորդել, որպեսզի հրավիրվի շտապօգնություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել