Օգնություն՝ կամավոր -պարտադիր սկզբունքով
Էջմիածնի քաղաքապետարանի բաժինների վարիչները լուրջ առաջադրանք ունեն` հավաքագրել վստահելի մարդկանց, ովքեր գրավոր կդիմեն քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` սոցիալական օգնություն ստանալու խնդրանքով:
Եթե չլիներ հավաքագրմանը և դիմումների ձևակերպումներին քաղաքապետարանի աշխատակիցների միջամտությունը, երևույթը գուցե թե աննկատ մնար: Բայց այն գաղտնազերծեց հավատարիմների շրջապատից թոշակառու մի կին, ով, ծանոթանալով գործի էությանը, զայրացած ու վիրավորված հրաժարվել էր օգնությունից: Նրան ասել են. «Գրիր, որ հիվանդ ես ու բուժման համար 100.000 դրամ է պետք: Գումարը բանկից կստանաս, 5000-ը կվերցնես, իսկ մնացածը կտաս նրան, ով քեզ կուղեկցի»: Թոշակառուին զայրացրել էր, որ աղբի վարձից մինչև գույքահարկի գանձում իրենց «խեղդում», ուշացման դեպքում էլ ֆինանսական տույժ-տուգանքների են ենթարկում, որ «էդ մի քանի կոպեկն էլ ձեռքներիցս առնեն ու հազարներով իրենց գրպանը լցնե՞ն»: Տարեց կնոջ համար անհասկանալի էր, թե ինչպես որոշ մարդիկ, օգնության պայմաններին ծանոթանալուց հետո, չհրաժարվեցին այն ստանալու մտքից:
Մեր աղբյուրներից մեկի վկայությամբ` նման բովանդակության դիմումների թիվը քաղաքապետարանում մի քանի տասնյակի է հասել. հավաքագրումը դեռ ընթացքի մեջ է:
Էջմիածնի 2009 թ. բյուջեն հաստատելուց հետո քաղաքապետ Կ. Գրիգորյանն ասել էր, որ ծախսային մասով այս տարի ավելի զուսպ են լինելու, որովհետև նախորդ տարվա 1 մլրդ 100 միլիոնանոց բյուջեի համեմատ այն այս տարի նվազել է 24 միլիոնով: Ասել էր նաև, որ խնայողությունները լինելու են հիմնականում սոցիալապես անապահովներին տրվող ֆինանսական միջոցների հաշվին: Թերևս, այդպես էլ կա. համաձայն քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներից մեկի` 100.000-ներ նախորդ տարի էլ դուրս գրեցին, երբ քաղաքապետը Գագիկ Ավագյանն էր, իսկ տեղակալը` ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Բայց նախորդ տարի դիմումատուներին ոչ թե 5, այլ` 8000 դրամ էին թողնում:
«Այնպես որ, խնայողությունների մասով քաղաքապետն իր խոսքի տերն է»,- ասաց աշխատակիցը:
Տարօրինակն այն է, որ քաղաքացիներից դիմումների հավաքագրումն իրականացվում է Վերահսկիչ պալատի ներկայացուցիչների քթի տակ, որոնք արդեն 20 օրից ավելի մանրակրկիտ ստուգումներ են իրականացնում քաղաքապետարանում և բավականին լուրջ չարաշահումներ են հայտնաբերել:
Լեւոն Հայրապետյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել