Կենտրոնի ոստիկանապետը թերացել է ու հեռացվել
Ոստիկանապետի երեկվա հրամանագրով ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանն ազատվել է աշխատանքից, իսկ նրա պաշտոնում նշանակվել է Նոր Նորքի բաժնի արդեն նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Վերջինի փոխարեն ոստիկանության Նոր Նորքի բաժինը կղեկավարի ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Արսեն Աբրահամյանը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանագրերով կատարվել են այլ փոփոխություններ եւս. ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ է նշանակվել Գրիգոր Գրիգորյանը, ով զբաղեցնում էր ոստիկանության Կոտայքի մարզային ծառայության գծով տեղակալի պաշտոնը, իսկ Մաշտոցի ոստիկանության արդեն նախկին պետ Տեր-Թովմասյանը նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ:
Սկզբում Ներսես նազարյանը հայտարարեց, թե «փոփոխությունները կապված չեն վատ աշխատանքի հետ», բայց լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ նշեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի հեռացման պատճառը թերացումն էր. «Իսկապես, Արթուր Մեհրաբյանն ազատվեց աշխատանքից, ով, ի դեպ, լավ օպերատիվ աշխատող էր, բայց թույլ տվեց մի վրիպում»:
Վրիպումը կապված էր անցյալ տարվա դեկտեմբերին Երեւանի կարաոկե ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության դեպքի հետ, որի արդյունքում սպանվել էր մի երիտասարդ:
«Այդ դեպքը գրանցված էր, սակայն մերոնք չեն կարողացել ճշտել հանցագործությունը կատարող անձանց: Ավելի շուտ` կան տեղեկություններ, որ կասկածյալներից մեկը դատախազի տղան էր: Ուրեմն պարտավոր էինք զբաղվել դրանով, ստուգել այդ վարկածը, որը չի կատարվել բաժնի կողմից, եւ դա դիտվում է որպես դատախազի որդի լինելու հանգամանք,- պարզաբանեց Ն. Նազարյանը,- ուստի նախարարի կողմից դրվեց ոստիկանության եւ քննչական բաժինների պետերի ազատման հարցը»:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի հրամանով մարտի 3-ին աշխատանքից ազատվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Ալեքսան Անդրեասյանը, եւ հենց նրա որդին էլ կասկածվում է մարդասպանության մեջ:
Լրագրողները նկատեցին նաեւ, որ Արաբկիր համայնքի թաղապետ Ալբերտ Երիցյանի քրոջ որդին կասկածվում է մեկ այլ սպանության մեջ, իսկ Ներսես Նազարյանի որդին թաղապետ Ալբերտ Երիցյանի խորհրդականն է: Արդյոք այս հանգամանքները խոչընդոտներ չե՞ն ստեղծի քրեական գործի օբյեկտիվ քննության համար:
«Իսկապես Արաբկիրի թաղապետի քրոջ որդին է նա, սակայն դա ոչնչով չի խոչընդոտելու հանցագործությունը կատարողի պատիժ կրելուն: Մյուս հանդիպումների ժամանակ դուք տեղյակ կլինեք, թե ինչ չափի պատիժ է նա ստացել եւ, փառք Աստծո, նույն Ալբերտ Երիցյանը երբեւիցե չի փորձել ազդել այդ դեպքի հետ կապված, որովհետեւ նա հասկանում է, որ եթե սա լիներ խուլիգանության դեպք, սովորական մի թեթեւ հանցագործություն, իսկապես, կարող է ազդեր եւ, մարդ ես, հնարավոր է, որ դիմեր ինձ օգնելու հարցով: Բայց սա ակնհայտ կատարված ծանր հանցագործություն է, որին բացառվում է ուրեւէ մի օգնություն»,- ասաց Նազարյանը եւ հատուկ շեշտեց, որ հանցագործությունն արդեն բացահայտված է, մեղավորները կալանավորված են եւ ամենայն խստությամբ կրելու են իրենց պատիժը:
Լրագրողները Ներսես Նազարյանից փորձեցին ճշտել նաեւ այն լուրերի իսկությունը, թե նրա որդին քաղաքապետի ընտրություններից հետո պետք է նշանակվի Կենտրոն համայնքի ղեկավար: Նազարյանը հավաստիացրեց, որ իր որդին` 23-ամյա Արմենը, ով Արաբկիրի թաղապետի խորհրդականն է, թաղապետ դառնալու ձգտումներ չունի. «Նույնիսկ եթե ձգտում ունենար, ապա ավագանու թեկնածության ցուցակում կլիներ կա´մ առաջին, կա´մ երկրորդ համարը: Սակայն նման հարց չի քննարկվել, թեեւ ասեմ, որ եթե իմ տղան թաղապետ լիներ, ապա շատ նորմալ թաղապետ կլիներ, դրանում չկասկածեք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել