Խուճապ չկա, բայց գներից դժգոհ են բնակիչները
Ղարաբաղում դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումների հետեւանքով տարբեր ապրանքատեսակների գների բարձրացման հետ կապված խուճապը կարծես թե անցել է: Արտաքուստ թվում է, թե մարդիկ արդեն հարմարվել են նոր գներին, սակայն գների անկանոն աճը դեռեւս մտահոգության առարկա է հասարակության շրջանում:
Ստեփանակերտի բնակչուհի, թոշակառու Սվետլանա Գրիգորյանն, օրինակ, գտնում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների անկանոն աճի վրա պետք է պետությունն ինչ-որ կերպ ազդեցություն ունենա: «Իմ թոշակն ավելի քիչ տոկոսով է բարձրացել, քան առաջին անհրաժեշտության ապրանքները: Ստացվում է, որ վիճակս լավանալու փոխարեն ավելի է վատանում»,- ասում է նա:
Տաքսիստ Սերգեյն էլ դժգոհում է բենզինի գնի աճից: «Հազիվ իջել էր բենզինի գինը, ու ես արդեն ուրախացել էի, քանի որ մեքենաս բենզինով է աշխատում: Թվում էր, թե կարող եմ գոնե եկամուտ ունենալ եւ ընտանիքս պահել, բայց, ինչպես ասում են, երջանկությունս կարճ տեւեց: Մի քանի օրվա ընթացքում բենզինի 1 լիտրի գինն աճել է 40 դրամով»,- նշում է Սերգեյը:
Ինչպես տեղեկացրել էինք, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերահսկողության տակ է վերցրել ապրանքային շուկայում կատարվող վերջին զարգացումները:
Հանձնաժողովի կողմից առաջին դիտարկումն անց է կացվել դեռեւս փետրվարի 12-ին` մինչեւ փոխարժեքի բարձրացումը: Իսկ մարտի սկզբից արդեն հանձնաժողովը պարբերաբար է սկսել դիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի մի շարք խանութներում` 30-ից ավելի ապրանքատեսակների գների մասով:
Դիտարկումները ցույց են տալիս, որ տեղական արտադրության սննդամթերքների գներում համարյա տատանումներ չեն արձանագրվել, ինչը չի կարելի ասել սպառողական զամբյուղում ընդգրկված առաջին անհրաժեշտության այնպիսի ապրանքատեսակների մասին, ինչպիսիք են` բրինձը, բուսական յուղը, կարագը, շաքարավազը եւ այլն: Փոփոխություն չի արձանագրվել նաեւ կոսմետիկ միջոցների եւ մանկական ապրանքատեսակների գներում:
Հանձնաժողովը դիտարկումներ է անցկացրել նաեւ բենզինի, դիզվառելիքի գների հետ կապված, որոնց արդյունքում պարզվել է, որ «Պրեմիում» բենզինի 1 լիտրը մարտի 3-ին արժեր 290 դրամ, իսկ մարտի 10-ին այն արդեն 330 դրամ էր, «Ռեգուլյարը» 270-ից դարձել է 310 դրամ, «Սուպերը»` 320-ից 360-դրամ, իսկ դիզելը 260-ից դարձել է 300 դրամ:
Ըստ ամենայնի, հանձնաժողովը դիտարկման արդյունքերը կամփոփի մարտի 18-ի նիստում: Իսկ մինչ այդ բնակիչները կշարունակեն գնումներ կատարել բարձր գներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել