HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Փոփոխություններ` հանուն առաջադիմության

12_03-rhak«Պետք է արձանագրել, որ հետընտրական ճգնաժամն ավարտված չէ, քաղաքական ճգնաժամը հասարակության մեջ առկա ավելի արմատական խնդիրներ ի հայտ բերեց: Այժմ Հայաստանը գտնվում է շրջադարձային փուլում, և այլևս վերադարձ ստատուս քվոյին` հնարավոր չէ: Այս պայմաններում և' ընդդիմությունը, և' իշխանությունը կարիք ունեն մշակելու նոր ռազմավարություն: Եվ պետք են փոփոխություններ ոչ թե հանուն փոփոխության, այլ փոփոխություն` հանուն առաջադիմության»,- այսօր հայտարարեց Ռիչարդ Կիրակոսյանը` հասարակական-քաղաքական ոլորտի մասնագետներին, լրագրողներին ներկայացնելով Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) պատրաստած «Մեկ տարի անց. Համեմատական փոփոխությունների հոգեբանությունը Հայաստանում և ԱՄՆ-ում» մենագրության հիմնական եզրակացությունը: Եռահոդված մենագրությունն անդրադառնում է այն արմատական հասարակական- հոգեբանական փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում վերջին նախագահական ընտրություններից հետո: Որոշակի զուգահեռներ են տարվում ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: Մենագրության համահեղինակ, ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանը նշեց, որ վերջին ընտրություններն իրենց անցկացման բնույթով առանձանպես չէին տարբերվում 1991 թ.-ից այս կողմ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից, քանի որ կրկին եղան ընտրակեղծիքներ, կրկին առաջադրվեցին մի շարք թեկնածուներ` զուտ տեղեկատվական դաշտը զբաղեցնելու նպատակով, կրկին ԶԼՄ-ների կողմից եղավ միակողմանի լուսաբանում` հօգուտ իշխանության, ընդդիմությունը և իշխանությունը որդեգրեցին իրար ոչնչացնելու մարտավարություն, ապա` անհամաձայնություն արդյունքների հետ կապված: Չնայած դրան` այս ընտրությունների ժամանակ, ըստ Ս. Բարսեղյանի, հասարակությունը կարողացավ դուրս գալ ապատիայի վիճակից և հասկացավ, որ ինքը կարող է գործոն դառնալ, իսկ ընդդիմության լիդերը հայտնվեց «ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, քանի որ մեզ մոտ քվեարկում են ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի համար, այլ ուղղակի ընդդեմ մեկ այլ քաղաքական ուժի: Եվ պաշտոնական տվյալներով միշտ հաղթում է իշխանության թեկնածուն, չնայած հանրային գիտակցության մեջ միշտ հաղթում է ընդդիմության թեկնածուն»,- համոզված է Սյուզաննա Բարսեղյանը: Նրա կարծիքով` հանրային դժգոհությունը երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակից միշտ առկա է Հայաստանում: «Դա էր պատճառը, որ իշխանությունները չէին ակնկալում, որ կարող է լուրջ անկայունություն և ընդդիմադիր տրամադրությունների ժայթքում առաջանա, եթե նույնիսկ երկրում շատ վատանա սոցիալ-տնտեսական իրավիճակը»,- ասաց նա: Ի վերջո, Սյուզաննա Բարսեղյանն արձանագրեց, որ Հայաստանում տեղի է ունեցել հանրային ընկալումների փոփոխություն, որին պետք է շատ զգուշորեն և նրբանկատորեն մոտենալ. «Մենք պետք է այնպես անենք, որ այդ արթնացած հատվածի մոտ հիասթափություն չառաջանա, հասարակական գործոնը անպայման պետք է ընդգրկվի քաղաքական գործընթացներում, քաղաքացիները պետք է պասիվ դերակատարներից փոխակերպվեն ակտիվ դերակատարների, իսկ հանրային ընկալումների փոփոխությունն իր հետ կբերի նոր որակի ընդդիմության պահանջարկ»: Մենագրության մյուս հեղինակ, ՌԱՀՀԿ փորձագետ Արմինե Ղազարյանն էլ հայտարարեց, որ բոլոր երեք նախագահներն ունեն մեկ միասնական կապող օղակ` մարտի 1, և ուզեն թե չուզեն` զուգորդումները ժողովրդի մեջ կան, որոշ ժամանակ անց ժողովուրդը ցանկություն կունենա ազատվելու այդ զուգորդումներն առաջացնող կերպարներից, և այդ ժամանակ ավելի կտրուկ կարգախոսներով հանդես եկեղ անձը կկարողանա համախմբել պառակտված, շերտավորված ու հոգնած ժողովրդին: «Այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների խթանմամբ սոցիալ- հոգեբանական վիճակն այնքան է վատացել, որ հասարակության մեջ առաջացել են լարվածության հոգեբանական խնդիրներ, սթրես, որի արդյունքում հանդես են գալիս հոգեբանական պաշտպանության մեխանիզմներ` ժխտում-ագրեսիա, ռացիոնալիզացիա, և երկար ժամանակ է պետք այդ խոչընդոտները հաղթահարելու համար, որպեսզի դրանք չպահպանվեն հասարակության ներսում որպես կայուն գծեր, հոգեկերտվածքային առանձնահատկություններ»,- ասաց Ա. Ղազարյանը: Ռիչարդ Կիրակոսյանն էլ ներկայացնելով հայ-ամերիկյան քաղաքական համակարգերի տարբերությունները` մատնանշեց, որ Հայաստանում փոփոխությունների հիմք պետք է դառնան քաղաքականության և բիզնեսի տարաջատումը, պետք է առաջ գան իսկական կուսակցություններ, ձևավորվի քաղաքական էթիկա Պառլամենտում, և ղեկավարները կառավարեն ոչ թե հանուն անձնական շահերի: Այսինքն` պետք են դեմոկրատկան ինստիտուցիոնալ փոփոխություններ: Որպես Հայաստանի համար ուսանելի օրինակ նա նշեց այն, որ հաղթանակից հետո Բարաք Օբաման իր մրցակից Հիլարի Քլինթոնին նշանակեց ԱՄՆ պետքարտուղար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter