Բորժոմի գործը, ի վերջո, հայտնվել է
Երեկ Ախալցխայի շրջանային դատարանում քննվել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վ. Չախալյանի և նրա հարազատների գործը:
Դատավարության սկզբից Չախալյանների պաշտպան Ստեփան Ոսկանյանը փորձել է ճշտել կարգավիճակը, թե արդյոք կարող է շարունակել Չախալյանների պաշտպանությունը, թե նույն խնդիրը, ինչպես և մեկուսարանում էր, կառաջանա դատարանում, և կկարողանա, արդյոք, Ստեփան Ոսկանյանը օգտվել իր պաշտպանյալի հետ տեսակցությունների հնարավորությունից: Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այդ հարցին` նշելով, որ դա իրենց խնդիրը չէ և իրենց լիազորությունների մեջ չի մտնում, իսկ թե ինչպես է շարունակելու փաստաբանը իրականացնել իր լիազորությունները, դատավորն ասել է, թե պաշտպանը կարող է տեսակցել և այդ ամենն իրականացնել դատական նիստերի ժամանակ` նիստերից առաջ կամ հետո: Փաստորեն, Ս. Ոսկանյանն այլևս չի կարող Վ. Չախալյանին տեսակցել Թբիլիսիի մեկուսարանում:
«Ստացվում է, որ դատարանը անուղղակի ձևով ընդունում է, որ Վրաստանի արդարադատության նախարարության հրամանը իր համար ևս նշանակություն չունի: Դատարանի հայտարարությունից հետո դուրս է գալիս, որ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանն էլ նույն կարգավիճակով կարող է գալ և մասնակցել դատական նիստին, ասի` ես այս անձի շահերն եմ պաշտպանում, և նրա լիազորությունները հաստատող փաստաթուղթ այլևս անհրաժեշտ չէ»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ Պատրիկ Արապյանին` քրեական գործում որպես պաշտպան ներգրավվելու արգելման որոշումն արդեն ներկայացված է Թբիլիսիի վարչական գործերի կոլեգիայի դատարան:
Դատական նիստին քննվել են սկզբում տուժողները, հետո` վկաները: Տուժողները եղել են Բորժոմի գործով ներգրավված անձինք: Բորժոմի գործը, ի վերջո, հայտնվել է Չախալյանի գործերում, որը վերաբերում է 2005 թ. փետրվարի 12-ին տեղի ունեցած միջադեպին: Տուժողների հայտարարությամբ՝ նրանք զինվորական համազգեստներով անցել են Ախալքալաքի փողոցներից մեկով, ինչ-որ երիտասարդներ նրանց ետևից անվայելուչ արտահայտություններ են արել, նրանք ետ են վերադարձել և կոնֆլիկտի մեջ մտել այդ տղաների հետ:
Վահագնը այդ պահին չի եղել երիտասարդների մեջ, սակայն, ըստ նրանց ցուցմունքների, որոշ ժամանակ անց հրահանգել է հարվածել, ծեծել այդ տղաներին: Այդ երիտասարդները ախալքալաքցիներ են, սակայն անհայտ է, թե ինչու է Բորժոմի դատախազությունը հարուցել այս գործը: Ստեփան Ոսկանյանը նշում է, որ, հավանաբար, դա կարող է կապված լինել նրանց ծառայության տեղի հետ, և այդ միջադեպը բացարձակապես կապ չունի Բորժոմ քաղաքի հետ, նույնիսկ անհասկանալի է:
«Դա զուտ մեղադրողի հայտարարությունն է, որ Բորժոմի դատախազությունից կան նախապատրաստված նյութեր, և ժամանակ խնդրեց այդ նյութերը ավելի ուշ ներկայացնելու համար»,-պատմեց փաստաբանը:
Դրանից հետո վկաները ցուցմունք են տվել 2006 թ. հոկտեմբեր ամսին ընտրություններից հետո տեղի ունեցած միջադեպերի, ինչպես նաև 2006 թ. համալսարանի, եկեղեցու և դատարանի շենքերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Որևէ ցուցմունք, որ Վահագնի կողմից անօրինական գործողություններ են եղել, և նա զանգվածային միջոցառումներ իրականացնելու կոչեր է արել, չի եղել: Ընդհակառակը՝ ցուցմունք տվող թե' վրացի, թե' հայ ոստիկանները բարձրաձայնել են, որ Վ. Չախալյանի միջամտության շնորհիվ թե' դատարանի, թե' համալսարանի շենքում և դրանցում եղած գույքին քիչ վնաս է հասցվել:
Աշխատանքային օրվա ավարտից ավելի ուշ մնալով` դատական նիստն ընդմիջվել է եւ շարունակվել այսօր: Առավոտյան Ռուբեն Չախալյանը հանդես է եկել հայտարարությամբ, պահանջել է դատավարությունն ընդհատել և հետաձգել՝ մինչև իրենց փաստաբանի ներկայությունը չապահովվի: Սակայն դատավոր Ցիրա Մայսուրաձեն մերժել է միջնորդությունը: Ռուբեն և Արմեն Չախալյանները հրաժարվել են վրացի փաստաբանի ծառայություններից և պահանջել են շարունակել նիստը միայն Ստեփան Ոսկանյանի ներկայությամբ: Սակայն դատավորը դա էլ հաշվի չի առել:
Երբ Ռուբեն Չախալյանը դժգոհություն է հայտնել դատավորի ինքնակամ վերաբերմունքից, դատախազը սպառնացել է նրան` խափանման միջոց գրավը փոխել և նորից ազատազրկել: «Հետքի» տեղեկություններով՝ բոլոր վկաներին հրահանգված է եղել նիստից չբացակայել և անպայման ներկա լինել այդ դատավարությանը: Այս պահին էլ նիստն ընթանում է: Դատավորը որոշել է նշանակված երեք օրերի ընթացքում ավարտին հասցնել դատավարությունը, նամանավանդ առանց փաստաբանի ներկայության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել