HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արամ Սիմոնյան. «Ուսանողները կես միլիոնանոց մեքենայով են գալիս դասի»

13_02-a_simonyan«Բացասական գնահատական եմ տալիս ակցիային, քանի որ կոռուպցիայի դեմ նման մեթոդներով չեն պայքարում: Սրանից վատ հոտ է գալիս: Ես չեմ ընդունում` եւ իրավական, եւ բարոյական տեսանկյունից: Հետո էլ որեւէ մի շարժում իր վրա չի կարող վերցնել իրավական գնահատական տալու իրավունքը, դա քննչական մարմինների գործն է: Իմ կարծիքով սա բացահայտ զրպարտություն է»,-այսօր Մամուլի ազգային ակումբում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսպես գնատեց «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնած կաշառակեր դասախոս ակցիան:

Արամ Սիմոնյանը գտնում է, որ շարժառիթները կարող են տարբեր լինել «ինքնահաստատումից  մինչեւ ինչ-ինչ խնդիրներ լուծելով,  միանգամայն պարզ է, որ այս մարդկանց գործը կոռուպցիայի դեմ պայքարը չէ, որոշակի խնդիրներ լուծելու հոգս ունեն»:

Ռեկտորը համոզված է, որ կոռուպցիայի դեմ աղմուկ-աղաղակով չեն պայքարում, քանի որ այդ պայքարը վտանգավոր է. «Նման թատերական ձեւով կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ես էլ չեմ ասում բարոյական կողմի մասին, որովհետեւ այդ մարդկանց հասցված է բարոյական մեծ հարված. նրանց, նրանց ընտանիքի անդամներին` երեխաներին, նրանց կոլեգաներին, դասախոսների ողջ անձնակազմին»:

Միաժամանակ Ա. Սիմոնյանը չի ժխտում, որ կաշառակերությունն ու կոռուպցիան գոյություն ունեն մեր հասարակությունում. «Ձեզնից բոլորը ձեր ծնված օրից, երբ դարձել եք գիտակից մարդ, կաշառակերության հետ առնչվել եք` սկսած մաղարիչից, սրա-նրա բուռը տալուց, շոկոլադով, խմիչքով վերջացրած. ինչից եք զարմացել, դուք առաջին անգամ եք տեսնում կոռուպցիա, երբեք չի եղել, որ դուք մի գործը առաջ տանելու, դուք, ձեր ծնողները, բարեկամներն ու ծանոթները ինչ-որ մեկին նվեր, փող շիշ տաք, ինչ եք իրար ուզում զարմացնել, ում եք ուզում զարմացնել»,-հռետորական հարց է ուղղում ռեկտորը եւ ավելացնում, թե չի նշանակում, որ չպետք է դրա դեմ պայքարել. «Շատ մեծ հաճույքով լուսաբանում եք նկարներ կպցնելը, բայց ոչ մեկը չի գրում այն մասին, թե ԵՊՀ-ն ինչ է արել կոռուպցիայի դեմ»,-ասում է Ա. Սիմոնյանը:

Ռեկտորը գտնում է, որ բոլորի կյանքի արժեքը մի կոպեկանոց է դարձել, քանի որ «այսուհետեւ ով կկարողանա վեր կկենա ու կասի` գիտես ինչ դու կաշառակեր ես, եւ ոչ մեկը չի կարող պաշտպանվել»: Պաշտպանության կարիք ունեն հատկապես դասախոսները, քանի որ, ըստ Ա. Սիմոնյանի, նրանք այսօր ամենաանպաշտպան խավերից մեկն են. «Քիչ աշխատավարձ ստացող, աղքատ կյանքով  ապրող մարդիկ են,  դասախոսներից մեկը, ում նկարը փակցված էր, մեկ սենյականոցում է ապրում 4 հոգանոց ընտանիքով, ինչ եք ուզում նրանից»: Դասախոսներից մեկն էլ «կատաղի հուսահատությամբ երեկ փորձում էր  ռեկտորին ապացուցել, որ ինքը կաշառակեր չէ»:

Աշխատավարձերն էլ են ցածր. հունվարի մեկից պրոֆեսորը, օրինակ ստանում է 160 000 դրամ. «Այդ մարդիկ ունեն մարդկային թուլություններ, հնարավոր է, ելնելով կյանքի դժվար իրավիճակից, տեսնելով, որ իր առջեւ նստած է մարդ, որի միտքը միայն գնահատական ստանալն է, գնում է այդ հանցագործությանը, ոչ բոլորը, իհարկե, նման քայլի գնացողները ԵՊՀ-ի դասախոսների փոքրամասնությունն է»: Մարդկային թուլություններ են  նաեւ այն, որ օրինակ «ուսանողները կես միլիոնանոց  մեքենայով են գալիս դասի:Դուք առավոտյան գնացեք համալսարան կամ էլ երեկոյան իջեք Չարենցի փողոց, երեք շարք կանգնում են թանկարժեք մեքենաներ, հետո մաշված պիջակով մեր դասախոսն է դուրս գալիս ու կողքով գնում, հիմա էդ մարդու ներքին զգացմունքները ձեզ համար որպես մարդ հասկանալի չե՞ն»,-ասում է ռեկտորը եւ հավելում, որ չի  արդարացնում, այլ  խոսում է սոցիալական  արմատների մասին. «Ինչու դատավորի աշխատավարձը պետք է բարձրացնել, որ նա կաշառք չվերցնի, բայց դասախոսի աշխատավարձը չպիտի բարձրացնեն, որ նա չվերցնի, նա էլ է մարդ»:

Դասախոսներին մեղադրելուց առաջ Ա. Սիմոնյանը խորհուրդ է տալիս փնտրել եւ գտնել կաշառակերության արմատները  տանը, դպրոցում. «Դուք նայեք, տեսեք` ինչ կոնտինգենտ ենք մենք ստանում, սեպտեմբերին գալիս է ուսանողություն, որի մի մասն իր անուն, ազգանունը գրել չգիտի,  նրանց գրած դիմումներից  էլ արտասվելու չափ տխրում եմ: Դուք տեսել եք մեր ուսանողներից որեւէ մեկին, ամաչում են` գիրք ձեռքներին բռնեն, եւ մենք սա հանդուրժում ենք»: Ռեկտորը ասում է, որ նկարներ կպցնելով ջախջախում են դասախոսներին, «հնարավոր է մի երկուսն էլ ինֆարկտ կստանան, կմեռնեն կգնան էս աշխարհից, նրանց երեխաները կմնան բարոյապես ճնշված, ընտանիքները կմնան ճնշված վիճակում, այդպես մենք չենք կարող պայքարել»:

Իսկ թե ինչու չեն հեռացնում անպատասխանատու ուսանողներին պատասխանում է. «28 հոգու հեռացրել ենք, հիմա պատաերազմ է, մենք ինչքան կարող ենք դիմանալ այդ պատերազմին: Ես չեմ կարող դնել մասսայաբար հեռացնել, եթե ես սկզբունքայնություն ցուցաբերեմ ու 4000 ուսանողի հեռացնեմ, ես այդ օրը տուն  չեմ հասնի, ինձ իմ կաբինետում կպայթեցնեն, երկրորդն էլ` այդ 4000-ը բազմապատկեք մինիմում 250 000 դրամով, տեսեք ինչ գումար կկորցնի ԵՊՀ-ն»:

Արամ Սիմոնյանը չգիտի` ում դատի տալ. «Մեկ տարի է ինձ մեթոդաբար դրած խայտառակում են, ես գիտեմ` ինչ ուժեր են ինձ խայտառակում, ինչու, բայց  ամեն ինչի կողքին գրում են` մեզ ասել են, մեր կարծիքով, էլ ում դատի տաս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter