Գրիգոր Ոսկերչյանին էլ դատավորը հեռացրեց դահլիճից
Հետքի թղթակիցը հայտնում է, որ «7-ի գործ»-ի դատավարության մասնակցում է միայն Գրիգոր Ոսկերչյանը: Նա ոտքի չկանգնեց եւ ցանկացավ հայտարարություն անել իր առողջական վիճակի մասին, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց` ասելով, թե երբ խոսքի իրավունք տրվի, այն ժամանակ էլ հայտարարություն կանի:
Գ. Ոսկերչյանին դատավորը ոտքի չկանգնելու համար հեռացրեց դահլիճից 10 օրով` կիրառելով դատարանի նկատմամաբ անհարգալից վերաբերմունք սանկցիան: Այնուհետեւ հայտարարվեց 5 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դիմեց դատավորին եւ ասաց, որ ուզում է անհապաղ տեղեկանալ իր պաշտպանյալի առողջական վիճակին, ժամանակ խնդրեց դատավորից: Դատավորը, սակայն, թույլ չտվեց եւ շարունակեց նիստը: Նա հրապարակեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի` Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակի մասին տեղեկանքը, ըստ որի, վերջինիս առողջականը թույլ է տալիս մասնակցել դատական նիստին, ոտքի չկանգնելու պատճառը բնավ էլ առողջականի հետ կապ չուներ, քանի որ ինքն էլ անձամբ դա հաստատեց:
Մերժվեց դատական քարտուղար Վարդուհի Սարգսյանի ինքնաբացարկի միջնորդությունը` անհիմն լինելու պատճառով: Պաշտպանները դատավորից ժամանակ խնդրեցին, որպեսզի իրենց պաշտպանյալներից ճշտեն` արդյոք քարտուղարի նկատմամբ առարկություն ունեն, թե ոչ, սակայն այս պահանջն էլ մերժվեց: Պատճառաբանվեց, որ միայն ներկա պահին ներկա գտնվողները կարող են միջնորդություն, առարկություն կամ անհամաձայնություն հայտնել:
Դատավորը շարունակեց դատը, հրապարակեց մեղադրյալների կենսագրությունները, այնուհետև մեղադրող կողմի ցուցակը: Հայտարարվեց 15 րոպե ընդմիջում, որպեսզի պաշտպանական կողմը պատրաստվի պարզելու համար` արդյոք միջնորդություններ կունենան մեղադրող կողմի նկատմամբ, թե ոչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել