HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների դատավարության՝ «Երկիր» միության արձանագրած փաստերը

2009թ. մարտի 11-12-ին կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` նրա հոր Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության հերթական նիստերը: Դատավարությունը հետաձգվել է մինչեւ մարտի 25-ը: «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ փաստերը.  1.    Չախալյանների գործով դատական նախորդ նիստից, որը տեղի էր ունեցել հունվարի 29-ին, անցել է 41 օր: Դատարանը երկու անգամ` փետրվարի 11-ին եւ 26-ին նշանակել էր գործով դատալսումներ, սակայն դրանք չեն կայացել, քանի որ Վահագն Չախալյանին չէին տեղափոխում Թբիլիսիից Ախալցխա` վառելանյութ չլինելու պաշտոնական պատճառաբանությամբ: 2.    Դատական նիստերը շարունակվում են կայանալ Չախալյանների ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի բացակայության պայմաններում, որին Վրաստանի արդարադատության նախարարությունը փետրվարի 16-ին հրաժարվել է գրանցել եւ թույլ տալ պաշտպանելու Չախալյանների իրավունքները դատարանում: Նշված որոշումը Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին մարտի 6-ին Արդարադատության նախարար Զ. Ադեիշվիլիին ուղղված իր նամակում որակել է որպես «անհիմն» եւ առաջարկել է նրան վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ արտոնել ֆրանսիացի փաստաբանի մասնակցությունը (Օմբուդսմենի նամակն ամբողջությամբ  ներկայացնում են կից հավելվածով): 3.    Չախալյանների հայաստանցի փաստաբան` Ստեփան Ոսկանյանը ներկա դրությամբ ունի անորոշ կարգավիճակ: Մարտի 6-ին, երբ նա փորձել էր այցելել իր պաշտպանյալ Վահագն Չախալյանին, որը պահվում է Թբիլիսիի համար 5 քննչական մեկուսարանում, մեկուսարանի աշխատակիցները նրան հայտնել են, որ Չախալյանների գործում ընդգրկվելու Վրաստանի արդարադատության նախարարության որոշումն արդեն կորցրել է իր ուժը եւ փորձել են արգելել տեսակցել իր պաշտպանյալի հետ: Մարտի 11-ի դատական նիստի սկզբում Ոսկանյանը բարձրացեց իր կարգավիճակի հարցը, սակայն դատավորը մերժեց որեւէ կերպ արձագանքել նշված խնդրին` հայտնելով, որ դատարանը ճանաչում է Ոսկանյանին որպես Չախալյանների փաստաբան, իսկ այլ ատյաններում նրա կարգավիճակի ճանաչել- չճանաչելը դատարանին վերաբերող խնդիր չէ: 4.    Դատալսումների թարգմանությունը շարունակվում է տարվել անփույթ կերպով` բացթողումներով եւ ընդհատումներով: Չախալյանների եւ նրանց հայաստանցի փաստաբան` Ստեփան Ոսկանյանի այդ առնչությամբ բողոքները եւ միջնորդությունը` ընդհատել նիստը եւ ապահովել քիչ թե շատ պատշաճ թարգմանություն, դատարանը այս անգամ էլ թողեց առանց որեւէ  արձագանքի: 5.    Մարտի 12-ի դատական նիստի սկզբում Չախալյանները հանդես եկան հայտարարությամբ, որն ընթերցեց Վահագն Չախալյանը: Հայտարարությունում թվարկվում էին իրենց նկատմամբ թույլ տված վերջին խախտումները` Պատրիկ Արապյանին չգրանցելը,  Ստեփան Ոսկանյանի անորոշ կարգավիճակը եւ այլն, եւ պահանջ էր դրվում` հետաձգել դատավրությունը` ժամանակ տալով իրենց հետապնդել վերոնշյալ խնդիրների լուծումը: Հայտարարությունում նշվում էր, որ հակառակ դեպքում դատավարության շարունակելը պարզապես անօրինական է, քանի որ նշված խնդիրներին լուծում չտալով Դատարանը խախտում է Չախալյանների սահմանադրական իրավունքները (Հայտարարության տեքստն ամբողջությամբ  զետեղում ենք կից): Դատարանը, սակայն, հրաժարվեց հաշվի առնել հայտարարության մեջ նշված պահանջը եւ շարունակեց դատավարությունը: 6.    Մարտի 11-ի եւ 12-ի դատական նիստերի ընթացքում լսվեցին 16 վկա` բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներ: Քննվում էին Վրաստանի 2006թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների բողոքարկման նպատակով 2006թ. հոկտեմբերի 6-ին Ախալքալաքում տեղի ունեցած բողոքի ցույցի հանգամանքները, որի կազմակերպումը Վահագն Չախալյանին առաջադրված մեղադրանքներից մեկն է: 7.    Ներկայացած վկաների հարցաքննությունից հետո դատարանն ընդմիջեց դատավարությունը մինչեւ մարտի 25-ը: Վերոնշյալ փաստերը հերթական անգամ վկայում են այն մասին, որ վրացական իշխանությունները, չկանգնելով որեւէ, անգամ ամենակոպիտ, օրինախախտման առջեւ, շարունակում իրականացնել ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ հաշվեհարդարը: «Երկիր» միությունը դիմում է միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` կոչ անելով համապատասխան գնահատական տալ արձանագրվող աղաղակող անօրինականություններին  եւ ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ այս խայտառակ դատավարությունը դադարեցնելու եւ Վահագն Չախալյանին ազատ արձակելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter