HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի ԱՆ-ը խախտել է Վրաստանի Սահմանադրությունը

Չախալյանների նկատմամբ Վրաստանի ԱՆ-ի պատասխանի շուրջ Վրաստանի ՄԻ պաշտպանը մարտի 6-ին նամակով դիմել է Վրաստանի արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիին: «Երկիր» միությունը տարածել է վերոնշյալ նամակը: «2009թ. մարտի 4-ին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել է Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների փաստաբան` Ստեփան Ոսկանյանը` ֆրանիսացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ` Պատրիկ Արապյանին Չախալյանների դատապաշտպանության իրականացումը չարտոնելու անհիմն լինելու դիմումով` խնդրելով Մարդու իրավունքների պաշտպանին արձագանքել տվյալ փաստին: Վրաստանի արդարադատության նախարարության համար 41 հրամանով դիմումատու Գայանե Չախալյանին մերժվել է` փաստաբան Պատրիկ Արապյանին Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների դատավարությանը որպես դատապաշտպան ընդգրկվելու խնդրանքում:  Հրամանի դրդապատճառների մասում Արդարադատության նախարարությունն առանց որեւէ հիմնավորման աննպաակահարմար է գտնում Պատրիկ Արապյանի նշանակումը որպես Ռուբեն, Արմեն եւ Վահագն Չախալյանների փաստաբան: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրել է ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` Ռուբեն, Արմեն եւ Վահագն Չախալյանների դատապաշտպան նշանակման հարցը  եւ գտնում է, որ № 41 հրամանի ընդունմամբ Վրաստանի արդարադատության նախարարությունը խախտել է Վրաստանի Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության իրավունքը, ինչպես նաեւ` քրեա-դատավարական օրենսդրությունը: Վրաստանի քրեադատավարական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «քրեական վարույթն իրականացնող  դատական ատյանը եւ պաշտոնատար անձը պարտավոր են ապահովել կասկածյալի, մեղադրյալի եւ ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, բացատրել նրան իր իրավունքները, հնարավորություն տալ նրան պաշտպանվելու օրենքով թույլատրված բոլոր միջոցներով, ապահովել նրա իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը»: Քրեական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով` վարույթն իրականացնող ատյանն իրավունք չունի սահմանափակել կասկածյալին եւ մեղադրյալին պաշտպանի ընտրության հարցում: Վրաստանի արդարադատության նախարարության համաձայնությամբ որպես պաշտպաններ կարող են ներգրավվել եւ օտարերկրյա փաստաբաններ: Կասկածյալի, մեղադրյալի եւ ամբաստանյալի խնդրանքը պաշտպանի փոփոխման կամ նոր պաշտպանի հրավիրման վերաբերյալ պետք է բավարարվի, եթե պաշտպանի փոփոխումը կամ նոր պաշտպանի հրավիրումը չունեն դատավարությունը ձգձգելու նպատակ կամ այլ գործողություն, որը կարող է խանգարել դատավարության իրականացմանը: Քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` պաշտպանական կողմի պաշտպանների թիվը դատավարությունն իրականացնող մարմինը կարող է որոշել ողջախոհ շրջանակներում, եթե թվի սահմանափակումը նպատակ ունի խուսափել դատավարության անհիմն ձգձգմանը: Միեւնույն ժամանակ, կողմին պետք է իրավունք տրվի ապահովել իր լիարժեք պաշտպանությունը: Վերոնշյալ իրավական նորմերի հիման վրա եզրակացնում ենք, որ ֆրանսիացի փաստաբանի` որպես Ռուբեն, Արմեն եւ Վահագն Չախալյանների պաշտպան նշանակման մերժումն անհիմն է: Չնայած այն հանգամանքի, որ Չախալյանների շահերը պաշտպանում են փաստաբաններ Ոսկանյանն ու Ռոստիաշվիլին, նրանք իրավունք ունեին իրենց շահերի պաշտպանության համար ներգրավել օտարերկրյա փաստաբանի, քանի որ Չախալյանները գտնում են, որ դա անհրաժեշտ է իրենց լիարժեք պաշտպանության ապահովման համար եւ չի ձգձգում դատավարությունը: Եթե հարցը վերաբերվեր վրացական փաստաբանի նշանակմանը, ապա դատավարությունն իրականացնող ատյանը պարտավոր էր լինելու հնարավորություն տալ Չախալյաններին պաշտպանվել օրենքով թույլատրված բոլոր միջոցներով: Տվյալ դեպքում հարցը վերաբերվում էր օտարերկրյա փաստաբանին եւ հարցի լուծումը վերապահված էր Արդարադատության նախարարությանը. քանի որ Գայանե Չախալյանի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը բավարարում էին փաստաբանի նշանակման համար, ապա մերժման որեւէ իրավական եւ փաստացի հիմք գոյություն չուներ եւ դիմումը պետք է բավարարվեր: Համաձայն Վրաստանի նախագահի 2008թ. նոյեմբերի 7-ի №541 հրամանով հաստատված Արդարադատության նախարարության կանոնակարգի, Արդարադատության նախարարությունը մարմին է, որի իրավասությունների ոլորտում է գտնվում քրեական վարույթի եւ նախաքննության իրականացման ապահովումը եւ միեւնույն ժամանակ օրենքով վերապահված այլ խնդիրների լուծումը, այդ թվում` վրացական դատարանում օտարերկրյա փաստաբանի հանդես գալու արտոնման հարցը: Չախալյանի նախադեպը վկայում է այն մասին, որ Արդարադատության նախարարությանը ե՜ւ մեղադրանքի ե՜ւ պաշտպանության գործառույթների փոխանցումը անհամատեղելի է, եւ քանի որ նշված մարմնի համար դոմինանտ է քրեական հետապնդման իրականացումը, ապա մեծ է հնարավորությունը, որ թույլ կտրվի պաշտպանության իրավունքի խախտում, ինչի լավ օրինակ է ծառայում Չախալյանների գործը: Ելելով վրոնշյալից` համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 21-րդ հոդվածի, «բ» ենթակետի` ուղղում եմ Ձեզ հետեւյալ հանձնարարականը`  Ռուբեն, Արմեն եւ Վահագն Չախալյանների խախտված իրավունքների վերականգնման նպատակով արտոնել ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին մասնակցելու Չախալյանների դատավարությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter