Գագիկ Բեգլարյանին օգնելու է Տարոն Մարգարյանի էլեկտորա՞տը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իր կուսակցությունը դեռ շարունակում է քննարկումները Հայ ազգային կոնգրեսի հետ այն մասին, թե ընդդիմությունն ինչ ֆորմատով պետք է հանդես գա մայիսի 31-ին սպասվող ավագանու և քաղաքապետի ընտրությունների ժամանակ:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` շաբաթվա վերջին հանրությանը կտեղեկացվի ընդդիմության մասնակցության ֆորմատի մասին:
Աժ պատգամավորը համոզված է, որ եթե իշխանությունները անգամ 20 տոկոսով նվազեցնեն ընտրակեղծիքները, ապա առավել ևս միասնական ընդդիմության հաղթանակը շատ իրական կլինի: Ա. Մարտիրոսյանը կարծում է, որ ընդդիմությունը կարող է հավաքել մինչեւ 60 տոկոս ձայն:
Տեղեկացնելով, որ դեռևս ո'չ «Ժառանգության» և ո'չ էլ ՀԱԿ-ի թեկնածուների վերջնական ցուցակները պատրաստ չեն, Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ իշխող կուսակցության թեկնածուների ցուցակի դասավորությանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու հանրապետականները որպես առաջին համար չառաջադրեցին Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ով բավականին լավ համբավ ունի հասարակության շրջանում:
«Տարոն Մարգարյանին առաջադրելու դեպքում արդար ընտրություններով հաղթելու ավելի մեծ շանս կունենային, բայց, կարծում եմ, որ հաշվի առնելով Տարոն Մարգարյանի անձը` իշխանությունը չգնաց նրա թեկնածությունը առաջադրելու ճանապարհով, քանի որ քաղաքապետը ցանկացած կուսակցության մեջ մեծ լծակներ է ձեռք բերում և, ըստ էության, դառնում եթե ոչ երկրորդ, ապա երրորդ անձը երկրում: Եվ իշխանությունը չէր ցանկանա, որ իր նեսում նմանատիպ ավտոնոմ թև գոյանա»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ` հենց դա է պատճառը, որ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը առաջադրեցին, որպեսզի հեշտ լինի գործունեությունը վերահսկել, իսկ Տարոն Մարգարյանին երկրորդ համար նշանակեցին, որպեսզի փորձեն նրա էլեկտորատն ուղղել դեպի Գագիկ Բեգլարյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել