HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատաղիսի գործը` նոր դատարանում

Հյուսիսային քրեական դատարանների լուծարման պատճառով Մատաղիսի գործը երեկվանից քննվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք, որ այս քրեական գործով ամբաստանյալները երեքն են` ժամկետային զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը, որոնց մեղադրում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում կատրաված երկու զինծառայողների` Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ: Դատը սկսվելուն պես ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը պահանջեց դատավորների ինքնաբացարկը: Ըստ նրա` այս դատարանը` Հյուսիսային քրեական դատարանի նույն անձնակազմով, չի կարող համարվել օրինական: Նախևառաջ ճշտելով, թե ինչ կարգավիճակում է շարունակվում դատավարությունը, փաստաբանն ասաց, որ Ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորների մասնակցությունն արդեն իսկ խոչընդոտում է դատական գործընթացը, քանի որ նրանք համատեղ արդարադատություն իրականացնելու իրավունք չունեն: Նրանցից ամեն մեկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ունի իր իրավասության շրջանակները, և այդպիսով ոտնահարվում է ամբաստանյալների շահերը: Այնուհետ շահերի պաշտպանը հետաքրքվեց` կա, արդյոք, որոշում այն մասին, որ վերոհիշյալ քրեական գործը Հյուսիսային քրեական դատարանի վարույթից ելքագրվել ու մուտքագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ու թեև նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը ներկայացրեց պահանջվող փաստաթուղթը, փաստաբան Հայկ Ալումյանը պարզեց, որ քրեական գործը Հյուսիսային քրեական դատարանից ելքագրելու մասին շտամպը բացակայում է, իսկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրելու մասին շտամպը կասկածելի է: Փաստաբանի մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե այդ փաստաթուղթը սարքվել է հենց այդ պահին` նիստի ընթացքում: Հայկ Ալումյանը պնդեց դատավորների ինքնաբացարկի պահանջը: Դատարանը մոտ չորս ժամ խորհրդակցական սենյակ հեռանալով` ինչպես միշտ մերժեց միջնորդությունը: Դատը դարձյալ հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter