HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գագիկ Շամշյանը մի քանի օրից հիվանդանոցից դուրս կգրվի

shamshyan-new«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն անձամբ պատմում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում այսօր իր հետ կատարվածի մանրամասները: «Կաշառակերության հետ կապված ակցիայից հետո ուսանողները ոտքով իջան Վ. Բրյուսովի անվան համալսարան, որպեսզի լսարանում որոշեն իրենց հետագա քայլերը: Լրագրողներով միացանք նրանց: Երբ ուսանողները մուտք գործեցին համալսարան, ես էլ նրանց հետեւից մտա շենք, բարձրացա վերեւ ու սկսեցի նկարել: Չնայած Հանրային հեռուստաընկերության լրագրողը համալսարանի անվտանգության 3 աշխատակիցներին ցույց տվեց իր վկայականը եւ խնդրեց թույլ ներս մտնել, այդ աշխատակիցներից մեկն ասաց` ոչ մեկդ չեք մտնի ստեղ, ես կատարում եմ կառավարության հանձնարարականը: Ես էլ վերեւից հարցրի` ինչո՞ւ պետք է կառավարությունը լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հանձնարարական տար համալսարանին: Բա` արա, դու ո՞նց ես հելել ըտեղ: Ասացի` արայով չխոսես եւ չփորձես խոչընդոտել լրագրողների աշխատանքին: Այդ պահին նրանցից մեկը` ճաղատ գլխով, բարձրացավ վերեւ ու հայհոյանքներ տալով ոտքով ուժեղ հարվածեց սեռական օրգաններիս: Ես ընկա գետնին, իսկ նրանք հարձակվեցին վրաս: Ես ոտքերով պաշտպանվում էի եւ պատասխանում նրանց հայհոյանքներին: Լրագրողները միջամտեցին, վիճաբանություն սկսվեց, որը տեւեց մոտ 20 րոպե: Մի հատ ջահել տղա եկավ, խնդրեցի որ ներկայանա, բա` ես Շամշան Գագոն եմ (հետո ճշտեցի, որ նա համալսարանի պրոռեկտորն էր) դուրս արի: Քիչ անց եկավ նաեւ համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ մենք դուրս եկանք համալսարանից: Համալսարանի անվտանգության ծառայության պետը եկավ, բա` թյուրիմացություն է եղել, իրար չեք հասկացել, ասացի` խնդիր չկա, ես քեն չեմ պահում: Հանգիստ մեզ համար հարցազրույց էինք վերցնում, բայց զգում էի, որ ոտքերս թրջվում են: Ճիշտն ասած` ինձ թվաց, թե հարվածի արդյունքում միզել եմ: Բայց գնացի հարեւանությամբ գտնվող «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ եւ զուգարանում տեսա, որ արյուն էր գալիս»: «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկի տղակալ Սիրանուշ Մարտիրոսյանի խոսքերով` կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները եւ Շամշյանի մոտ նախնական ախտորոշմամբ հայտնաբերվել է միզուկի առաջնային հատվածի մասնակի վնասում, ինչով էլ պայմանավորված է եղել արյունահոսությունը: «Տվյալ պահին հիվանդի վիճակը կայուն է, երեւի մի քանի օրից դուրս կգրվի»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Լուս.՝ Հասմիկ Սմբատյանի «Ազատություն» ռադիոկայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter