Պաշտպանը առաջարկում է վերացնել թերությունները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության կրթության նախարար Ս. Սեյրանյանին, Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին եւ Ոստիկանապետ Ա. Սարգսյանին: Նամակում ասվում է.
«Ապօրինի ծառահատումների վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները 11.03.2009 թվականին այցելել են ՀՀ Լոռու մարզ:
Մարզի Ահնիձորի` Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող անգարատիպ տարածքում, որը բնակիչների և երեխաների հավաստմամբ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն է, խումբն արձանագրել է, որ այն սղոցարան է, որտեղ տեղադրված են փայտ կտրող հաստոցներ:
Խումբն այցելել է նաև Ահնիձոր համայնքի Ղլորկուտ, Տանձուտ և Աթանիղաշ հանդամասեր կոչվող տարածքներ, որտեղ կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ հատված են մի քանի տասնյակ ծառեր, որոնց կոճղերի վրա համապատասխան համարակալումներ չեն եղել: Նշված տարածքներում կատարվել են ֆոտո նկարահանումներ, որոնք տեղադրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք էջում:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, առաջարկում եմ վերոգրյալի կապակցությամբ հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ և արդյունքների մասին տեղեկացնել ինձ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել