Հեռանկարային նախագծեր Իրանի հետ
Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտգործնախարարի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար։
Պարոն Մոթաքին ընդգծել է, որ երկու երկրների նախագահների միջեւ մինչ այժմ կայացած հանդիպումները մեծ դեր են խաղացել երկկողմ հարաբերություններում նոր մթնոլորտի ձեւավորման համար, ակտիվորեն շարունակվում են կապերը նաեւ արտաքին գործերի նախարարությունների, պետական այլ կառույցների միջեւ, ինչը, ըստ նրա, լավ հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա խորացման համար։
Տիգրան Սարգսյանը եւ Մանուչեհր Մոթաքին գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության մակարդակից, ընդգծելով, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության եւ այլ բնագավառներում փոխշահավետ գործակցության դրական արդյունքները։
Այդ հաջողությունները, ըստ նրանց, ոգեւորող օրինակ են նոր ծրագրերի ու նախագծերի մշակման եւ իրականացման համար, որոնցից շատերը Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի օրակարգում են, եւ նախատեսվում է, որ կքննարկվեն նաեւ Իրանի նախագահի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարելիք այցի ընթացքում։
Տիգրան Սարգսյանը եւ Մանուչեհր Մոթաքին իրականացվող հեռանկարային նախագծերի շարքում կարեւորել են, մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի պահեստարանի (տերմինալի) շինարարությունը։
ՀՀ վարչապետը նշել է, որ Իրան-Հայաստան երկաթուղին՝ կառուցման եւ շահագործման դեպքում, կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի եւ Իրանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։ Երկուստեք նշվել է երկու երկրների միջեւ առեւտրի, ապրանքափոխանակության խթանման անհրաժեշտությունը, որի ծավալները դեռեւս հեռու են բավարար լինելուց։
Անդրադառնալով համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակին, զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հարեւան երկրների հետ կապերի ու հարաբերությունների ամրապնդումը, համատեղ փոխշահավետ ջանքերը կօգնեն հնարավորինս նվազեցնելու ճգնաժամի բացասական ազդեցությունները, հաղթահարելու դժվարությունները։
Հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել իրեն հարմար ժամկետում Թեհրան այցելելու ԻԻՀ առաջին փոխնախագահ Փարվիզ Դավուդիի հրավերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել