Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը
Կալանավայրում կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակը։ Արդեն երրորդ օրն է, նա ունի բարձր ջերմություն եւ արյան բարձր ճնշում, ինչը մարտի 11-ին դատարան կանչված շտապ օգնության բժիշկները որակել են որպես «հիպերտոնիկ կրիզ»։ Ընդ որում՝ այս վիճակում նրան ստիպել են հաջորդ օրերին մասնակցել դատական նիստերին։ Գ. Ոսկերչյանը 3 տարի առաջ արդեն մի անգամ թոքի ինֆարկտ է տարել։ Մտավախություն կա, որ այս պայմաններում այն կրկնվելու հավանականություն ունի։ Կալանավայրում բացակայում են նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները։ Պահանջում ենք, որ Գրիգոր Ոսկերչյանին տեղափոխեն այնպիսի հիվանդանոց, որտեղ հնարավոր կլինի ստանալ որակյալ մասնագիտացված ստացիոնար բուժօգնություն:
Նույնպիսի խոշտանգման է շարունակում ենթարկվել նաեւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, որի առողջական վիճակի մասին ահազանգվել է օրեր առաջ: Չնայած դատապարտյալների հիվանդանոցի հոգեբուժական ծառայության բժիշկի տված համապատասխան տեղեկանքին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան ոչ թե ստացիոնար բուժման, այլ փորձաքննության ենթարկելու որոշում է կայացրել, բայց նույնիսկ դա մինչ օրս չի իրականացվել։ Ըստ էության վատացել են նաեւ այլ քաղբանտարկյալների առողջական վիճակը, որոնց բողոքները որեւէ ուշադրության չեն արժանացել:
Հայ ազգային կոնգրեսն այս ամենը համարում է վարչախմբի հրահանգով քաղբանտարկյալների նկատմամբ կազմակերպված հալածանք, նրանց նկատմամբ դատաստանի յուրօրինակ ձեւ: Անկախ պատճառներից, սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով համարվում է խոշտանգում։
Մենք պահանջում ենք անհապաղ վերջ տալ քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումներին, ապահովել անհրաժեշտ եւ որակյալ բուժօգնություն: Նրանց այսօրվա առողջական ծանր վիճակի եւ հետագա վատթարացման ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել