HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանությունների ռեսուրսը

Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ իրենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով գնացող իշխանություններ են: Նրանք հավաստիացնում են, որ ամեն ինչ անում են և անելու են, որ Հայաստանը դառնա կայացած ժողովրդավարական երկիր: Բնական է, որ այդ հայտարարություններին պետք է հետևեին որոշակի քայլեր, որոնք ի ցույց դնելով՝ իշխանությունը պետք է փորձեր ամրապնդել, ապացուցել սեփական խոսքերի լրջությունը։

Սակայն շատ հաճախ իշխանություններն իրականցնում են այնպիսի քայլեր, որոնք առնվազն առաջին հայացքից որևէ կերպ պետք է որ չնպաստեն, այլ հակառակը, էապես խաթարեն իշխանությունների այդ PR ծրագիրը: Վերջին նման քայլերից կարող ենք նշել, օրինակ, բիրտ ուժի կիրառմամբ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների ձերբակալումը և նույնկերպ իրականցվող Երևան քաղաքի կրպակների ապամոնտաժումը: Հարց է առաջանում՝ ո՞րն է նման վարքագծի տրամաբանությունը:

Նախ, փորձենք հասկանալ, թե իշխանությունների ինչի՞ն է պետք մոլեռանդ բարեփոխիչի կերպարը:

Հնարավոր է, որ իշխանավորներից ոմանք հանգել են այն համոզման, որ իրենց հին կերպարով այլևս հնարավոր չէ պահպանել իշխանությունը: Նրանք հասկացել են կամ նրանց հասկացրել են, որ առաջինը՝ հիմնականում «արաբական գարնան» հետևանքով, փոխվել է միջազգային հանրության պահվածքը. վերջինս հասկանալ է տալիս, որ առնվազն ակնհայտ բռնապետություններին այլևս չի հանդուրժելու, քանզի դրանք մեծ գլխացավանք են դառնում իր համար:

Երկրորդը և, թերևս, ամենակարևորը՝ հասարակությունում առաջացել է բռնապետական կարգերը չհանդուրժող անհատների մի ստվար հատված, որն ինքնակազմակերպվելու և պայքար մղելու որոշակի հմտություններ ու կարողություններ է ձեռք բերել:

Իհարկե, եթե հասարակության այդ շերտը կազմեր բնակչության գերակշռող մեծամասնությունը, ապա բարեփոխիչի ոչ մի կերպար ի վիճակի չէր լինի լռեցնել հասարակությանը, և վերջինս արդեն վաղուց հաստատած կլիներ իր ուզած կարգերը: Կազմակերպված և պայքարող բացարձակ մեծամասնության դեմ բռնապետությունն ի վիճակի չէ երկար պայքարել:

Հայաստանում չկա այդպիսի բացարձակ մեծամասնություն։ Սակայն այն հանգամանքը, որ գոյություն ունի ինքնակազմակերպված, պայքարող հասարակական զանգված, իշխանություններին ստիպում է անհանգստանալ իրենց իշխանության պահպանման համար։ Բանն այն է, որ հասարակության վերոնշյալ հատվածն իր ակտիվությամբ կարող է հեղինակություն ձեռք բերել հասարակության մնացյալ մասի մոտ, վարակել նրան իր պայքարի ոգով, տանել իր հետևից և այլն։

Ուրեմն, տրամաբանական է սպասել, որ իշխանությունները պետք է փորձեին խանձարուրում խեղդել նմանօրինակ երևույթի ի հայտ գալը: Բարեփոխիչի իմիջ ստեղծելը պիտանի է միայն հասարակության համեմատաբար իներտ հատվածի հավանական ակտիվությունը կանխելու համար:

Եվ հենց այս տրամաբանության մեջ են մտնում իշխանությունների բարեփոխիչի իմիջի համար արտաքուստ թվացող ոչ դրական գործողությունները: Իշխանությունները մի կողմից ատամ են ցույց տալիս հասարակության այդ հատվածին՝ հասկացնելով, որ իրենք են իրադրության տերը, մյուս կողմից էլ՝ շատերի համար հաճո քայլեր անելով, օրինակ՝ քաղաքն արտաքնապես ավելի բարվոք տեսքի բերելով, փորձում են վաստակել նրանց համակրանքը:

«Գելափի» վերջին հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ հասարակության 75%-ը դրական է վերաբերվում ավտորիտարությամբ հայտնի ռուսաստանյան իշխանությունների քաղաքականությանը, վկայում են, որ իսկապես հնարավոր է այդօրինակ քայլերով համակրանք շահել։ Այսինքն՝ հասարակության մի ստվար զանգվածը կոշտ մեթոդների միջոցով «կարգ ու կանոնի» հաստատումը չի դիտարկում որպես բացասական երևույթ։ Հավանաբար, հենց այս հանգամանքի վրա են խաղադրույք դրել իշխանությունները։

Իհարկե, չի բացառվում, որ իշխանությունների վերոնշյալ կոշտ քայլերը կարող են և այլ դրդապատճառներ ունենալ: Հնարավոր է, օրինակ, որ Հայաստանում գործում են տարբեր, շատ դեպքերում իրար հակադիր իշխանական ուժեր, որոնցից յուրաքանչյուրն իր չափով վերահսկում և կառավարում է երկրի տարբեր հատվածները, ոլորտները և այլն: Այդ պարագայում հնարավոր է, որ, օրինակ, «մեղմ» քաղաքականություն վարող խմբին խանգարում են «կոշտ» քաղաքականության կողմնակիցները։

Սակայն եթե այդպես է, ուրեմն պաշտոնական իշխանությունները չեն վերահսկում երկրում առկա իրավիճակը, այսինքն՝ այդպիսիք՝ որպես մեկ ամբողջություն, գոյություն չունեն, իսկ դա կնշանակի, որ ՀՀ-ն տապալված պետություն է (failed state): Այդ դեպքում հնարավոր է նաև, որ նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչներից ոչ բոլորն են հաշվետու գերագույն գլխավոր հրամանատարին:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter