Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ի երեկոյան հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Հայաստանի նախագահը ողջունել է Բելառուսի իր գործընկերոջ այցը մեր երկիր եւ նշել, որ հայերն ու բելառուսները երկար տարիներ ապրել են նույն պետության մեջ, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո մաս են կազմել միեւնույն անվտանգության համակարգի` անդամակցելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն, ինչն առանձնակի նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին:
Սերժ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ կան որոշ հարցեր, որոնց քննարկումն ավելի արդյունավետ կարող է լինել առաջին դեմքերի մակարդակով` հատկապես ներկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսական հարաբերությունները դրական ազդակների կարիք ունեն, եւ երկու երկրներում մեծ ջանքեր են գործադրվում ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը եւ Հայաստանը շատ սերտ գործընկերներ են, եւ չունեն բանակցությունների համար փակ թեմաներ` սկսած ռազմաքաղաքական համագործակցությունից վերջացրած տնտեսական, ֆինանսական, առեւտրի խնդիրներով:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցների շրջանակում սերտ գործակցությանը: Նրանք երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաեւ բելառուսահայ համայնքին, որը Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով, լիովին ինտեգրված է երկրի կյանքում:
Հայաստանի եւ Բելառուսի նախագահները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային հրատապ թեմաների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել