HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեփականատերը փորձում է վռնդել անօթևաններին

14_02-gyumri-_tnaknerԳյումրիի «Հղկոց-հաստոցների» գործարանի տնակային թաղամասի բնակիչները դեռևս հինգ տարի առաջ մի մարդու պես ետ վերադարձրին բնակարանների գնման վկայագրերը (ԲԳՎ)` հրապարակավ քննադատելով ու գյումրեցիներին կոչ անելով հրաժարվել այդ ծրագրից: Այդ ժամանակ բնակիչները հավաստիացնում էին, որ ԲԳՎ-ն «աչքխաբոցի» է, որ այդ ծրագրով հատկացվող գումարը չի բավարարում նույնիսկ «հավաբուն» գնելու համար, էլ ուր մնաց` նորմալ տուն: Այսօր էլ թաղամասի բնակիչները նույն համոզմունքն ունեն. ԲԳՎ-ի մասին լսել չեն ուզում, սակայն այս պահին նրանց սպառնում է փողոցում հայտնվելու վտանգը: Գյումրիի քաղաքապետարանը տարածքը վաճառել է «ԻսՈւզ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են սփյուռքահայ Հարություն, Նար եւ Շահեն Խաչատուրյանները: Նա էլ որոշել է տնակներից մաքրել տարածքը եւ անօթևաններից ազատվելու հեշտ ճանապարհ գտել` անօթևանների ցուցակից հանել տալ նրանց ու հարցը փակել: Սեփականատիրոջ այս մտադրությունը մեծ աղմուկ է բարձրացրել: 14_02-gyumri-_anotevan2«Ես քսան տարի` երկրաշարժից հետո, ապրել եմ այս թաղամասում, ամուսինս ամբողջ կյանքն աշխատել է «Հղկոց-հաստոցների» գործարանում, վերջերս մահացավ, աչքը` տան կարոտ: Երբ «ԻսՈւզ» հյուրանոցի լիբանանահայ տերը եկավ Գյումրի ու մեր թաղամասում դրեց իր բիզնեսը, բնակիչների մի մասի համար հարկադրված բնակարաններ գնեց, քանի որ նրանք խանգարում էին հյուրանոցի կառուցապատմանը, մյուս մասին էլ` տասնհինգ տնակավորներիս, թողեց անորոշ վիճակում: Հիմա մեր տարածքը ևս պետք է իրեն, լսել ենք, որ «Գոհար» երգչախմբի համար համերգասրահ է կառուցելու, բայց մի նորմալ, կոնկրետ առաջարկ անելու փոխարեն, երրորդ տարին է` ամեն գարնան գլուխ գալիս հաշվառում են անցկացնում, մենք էլ ամեն անգամ սրտատրոփ սպասում ենք, թե էս է`պառադը մեր դռներով էլ կացնի, մենք էլ դուրս կգանք տնակներից: Երևի հույսները դնում են, թե մենք ԲԳՎ-ից կօգտվենք, բայց ես չեմ պատրաստվում նորից ԲԳՎ վերցնել ու ձեռքը կրակն ընկնել: Երբ առաջին անգամ վկայագիր վերցրի, ԲԳՎ–ի արժեքից շատ գումար եմ ծախսել, որ մեքենայով ամբողջ քաղաքը ման գամ, տուն գտնեմ, հիմա առավել ևս հնարավոր չէ: Քաղաքում բնակարան չի մնացել, բայց կառավարությունը վկայագրեր է հրամցնում: Ես, օրինակ, երեք սենյականոցի հավակնորդ եմ, իսկ ԲԳՎ-ի համար կառավարության հատկացրած գումարը հազիվ բավարարի մեկ սենյակ ձեռք բերելուն: Բայց թե գիտեք, որ թույլ չեն տալիս նախատեսվածից շեղվել: Ես էլ գումար չունեմ, որ վրան ավելացնեմ: Էն մարդիկ, որոնք մեր քաղաքում իրենց տներն են վաճառում, հարյուր տարի է` Ռուսաստանում են, տներն արդեն քարուքանդ են եղած, խոնավացած են, նորմալ վիճակում չեն: Քսան տարի դոմիկների մեջ ենք ապրել, դե հմի էլ գնա ուրիշների փտած, հոտած տները ԲԳՎ-ով առ, որ ապրես, դա լինելու բան է: Թող փոխհատուցում տան, ես էլ գլխիս ճարը տեսնեմ` դոմիկը իր տարածքով իրենց նվիրեմ: Հույսներս լրիվ կտրել ենք: Հիմա էլ հայտարարությամբ լսում եմ, որ ԲԳՎ-ն հազիվ երկու հարյուր ընտանիքի հասնի, բայց չորս հազար մարդու են հրավիրում, էլ ինչ ձևով ստանամ: Էղավ, որ ստեղ քավոր-սաներ-բարեկամ հարցերն են առաջ գալիս, ես էլ ո'չ քավոր ունեմ, ո'չ սաներ, խելոք տունս կնստեմ: Բերեցին բանալիներ տվեցին, թե` էս քո տունն է, տնակը «ԻսՈւզին» կնվիրեմ, չտվեցին, ստեղ էլ կմեռնեմ: Քառասուն տարի ամուսինս աշխատել է էս հողի վրա, «Հղկող-հաստոցների» գործարանից սերտիֆիկատ ունի, հմի ինչ-որ լիբանանցի պտի գա ստեղ, իր հաճույքի համար իմ քաղաքում հող ունենա, մեր նյարդերի հետ էլ որ րոպեին ինչ ձևի ուզենա խաղա: Քաղաքի կենտրոնում էնքան ազատ հող կա, թող բարի լինեն մի տարածք վերցնեն, մեր համար բնակարան կառուցեն, մենք էլ շնորհքով ստեղից դուրս գանք: Թե էդ հողերն էլ արդեն մայրաքաղաքի ու Լիբանանի օլիգարխներին են նախատեսել, մեղք են` թող գան խանութ սարքեն: Աչքերդ բացում ես` օր-օրի խանութների թիվն է ավելանում, գյումրեցուց շատ էս քաղաքում խանութներն են»,- պատմեց թաղամասի բնակիչ Սուսաննա Մոսինյանը: Վերջինս նաև դժգոհեց, որ «Իսուզի» աշխատակիցները հետապնդում են իրենց` «ամեն օր ներկա-բացակա են անում, տեսախցիկը ձեռքներին` «գողեգող ֆռֆռում են», և ով սխալվի` մի քանի օրով տնից բացակայի, վազում են քաղաքապետարան` հաղորդելու, թե դրան անօթևանների ցուցակից հանեք, քանի որ բնակության ուրիշ տեղ էլ ունի»: Բնակիչները դժգոհում են, որ թաղամասում ջուր ընդհանրապես չկա, այն ամեն օր բերում են մոտակա հորից, գազ ևս չկա, ուստի ձմռան դաժան օրերին մեկ-մեկ ստիպված են բարեկամների տներում ապաստանել, ինչն էլ «Իսուզի» աշխատակիցները յուրովի են մեկնաբանում: Բնակիչների ասելով` նման մոտեցման պատճառն այն է, որ սեփականատիրոջը ստիպում են անօթևանների հարցերը լուծել իր գրպանի հաշվին: Եվ որպեսզի տարածքն ազատելը էժան լինի, նա քաղաքապետարանին տեղեկություններ է տալիս, թե ով է իսկական անօթևանը: Վերջերս այցելելով բնակիչներին` «Իսուզի» ներկայացուցիչները խորհուրդ են տվել ԲԳՎ վերցնել, այլապես «վերջը վատ է լինելու»: Մենք այս խնդրի շուրջ պարզաբանումներ ստացանք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից: «Ինչպես են բնակիչները ԲԳՎ-ով տուն ձեռք բերելու, երբ Գյումրիում այլևս բնակֆոնդ չկա, վեց տարի շարունակ բնակելի շենք չի կառուցել, «Լինսիի» բնակարաններն էլ դեռ վաճառելու իրավունք չունեն» հարցին ի պատասխան` Ալբերտ Մարգարյանը հայտարարեց, որ «Իսուզի» ղեկավարությունը իրավունք չունի բնակիչներին անօթևանների ցուցակից հանել կամ ստիպել` օգտվելու ԲԳՎ-ից: «Մեզ մի քանի ամիս առաջ «Իսուզի» տնօրինությունը դիմեց խնդրանքով, թե կարող եք բնակիչներին վկայագրեր տալ, մենք էլ գումար ավելացնենք, նրանց համար տուն ձեռք բերենք: Մենք համաձայնեցինք, ասացինք, որ պատրաստ ենք, եթե ձեր առաջարկությունը լուրջ է: Բայց գնացին ու մինչև օրս ձայն-ծպտուն չկա: Ահա ամբողջ նախապատմությունը»,- ասաց Ալբերտ Մարգարյանը: Վերջին օրերին Շիրակի մարզպետարանի մուտքի մոտ ասեղ գցելու տեղ չկա. ի տարբերություն նախորդ տարիների` բնակիչները շտապում են հերթագրվել ԲԳՎ ծրագրի համար: «Կարծում եմ `պատճառն այն է, որ ծրագրում որոշակի փոփոխություններ են եղել: Եթե նախորդ երեք տարվա ընթացքում` 2005, 2006 և 2007 թվականներին ծրագրից կարող էին օգտվել սահմանափակ թվով անօթևաններ, մասնավորապես նրանք, ովքեր անօթևանների ցուցակում վերահաշվառվել էին մինչև 2004 մարտի 1-ը, ապա այժմ մուտքն ազատ է: Գյումրիի 4245 անօթևանն էլ կարող են ԲԳՎ ստանալ: Այսինքն` նախորդ երկու հազարի փոխարեն քանակը կրկնակի ավելացել է: Եվ եթե մոտավոր հաշվարկներ անենք, կառավարության` ԲԳՎ-ի համար այս տարի հատկացրած 1 միլիոն 458 հազար դրամը կբավարարի մոտ 220 ընտանիքի: Եթե նրանց գոնե 70 տոկոսը կարողանա բնակարան ձեռք բերել, մի մասն էլ` գյուղերում, ապա ծրագիրը ինչ-որ օգուտ կտա: ԲԳՎ-ից օգտվելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է նաև այն պատճառով, որ շատերը հրաժարվում են բնակարաններ ստանալ Մուշ կամ Անի թաղամասերում, իսկ կառավարությունը, ինչպես գիտեք, մտադրված է բնակարանաշինություն սկսել հենց այնտեղ: Մարդիկ դժգոհում են, թե մենք ամբողջ կյանքում քաղաքի կենտրոնում ենք ապրել»,- պարզաբանեց Ալբերտ Մարգարյանը: Թե երբ կսկսվի բնակարանաշինությունը, նա չկարողացավ հստակ ժամկետ նշել. փաստն այն է, որ կառավարությունն իր խոստումը չի կատարում, բազմաթիվ հավաստիացումներին հակառակ` բնակարանաշինությունը ձգձգվում է: Այնպես որ, անօթևանների հույսը դարձյալ մնում է չարչրկված ԲԳՎ ծրագիրը: Տես նաեւ` Գյումրիում դեռ 4284 անօթեւան կա, http://old.hetq.am/arm/society/8610/ Գյումրիի վթարայինները հերթով փլուզվում են , http://old.hetq.am/arm/society/8616/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter