HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանադրական դատարանը բավարարել է Ս. Ղանթարջյանի հայցն ընդդեմ ԵՊՀ ռեկտորի

Դեռևս 2008 թ. ամռանը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 4 դասախոսներ` Սարգիս Ղանթարջյանը, Հայկ Ղազարյանը, Ռուբեն Դավթյանը եւ Սեդրակ Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից ծանուցագիր էին ստացել, որ թոշակի տարիքի կապակցությամբ հեռացվում են աշխատանքից: Սակայն վերջիններս վստահեցնում էին, որ իրենց հեռացման պատճառը հունիսի 20-ի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունների ժամանակ Հայկ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելն է: Ըստ հեռացված դասախոսների` Ա. Սիմոնյանը պաշտպանում էր պրոֆեսոր Հարություն Մարզպանյանի թեկնածությունը: Ս. Ղանթարջյանի մյուս երեք գործընկերներն իրենց պաշտոններն ավելի վաղ վերականգնել էին առաջին ատյանի դատարանների միջոցով: Սարգիս Ղանթարջյանը դիմել էր «Լեվ Գրուպ իրավատնտեսական միավորում» ՓԲԸ իրավաբանական գրասենյակ` խախտված իրավունքների վերականգնման խնդրանքով: 26.09.2008 թ.-ին վերջինիս հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի հիմքով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ներկայացվել է աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար վնասի հատուցման պահանջով հայցադիմում: Սարգիս Ղանթարջյանի իրավունքները և օրինական շահերը ներկայացրել են փաստաբաններ Լևոն Բաղդասարյանը և Վահե Հովհաննիսյանը: 2008 թ. դեկտեմբերի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Գ. Կարախանյան) որոշմամբ` գործի վարույթը կասեցվել է, և գործն ուղարկվել է ՀՀ Սահմանադրական դատարան: «2008 թ. մարտ ամսին համալսարանում տեղի են ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչի ընտրություններ, որը մինչ այդ պաշտոնավարում էր պաշտպանյալս՝ պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը: Ընտրությունների արդյունքում պաշտպանյալս վերընտրվել է, ում հետ համալսարանը 5 տարով պայմանագիր է կնքել, որի ժամկետը լրանում է 2013 թ. մարտին: Պայմանագիրը կնքելուց երեք ամիս հետո այն լուծվել է: Սարգիս Ղանթարջյանին ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացրել են՝ պատճառաբանելով, որ տարիքն անցել է: Սույն գործի հետ կապված կա նաեւ աշխատանքային տեսչության պետի որոշումն այն մասին, որ իրավունք չունեին պաշտպանյալիս ազատել աշխատանքից»,- ասել է հայցվորի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը: 2009 թ. փետրվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել է որոշումը. «1. Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` այնքանով, որքանով չի երաշխավորում հավասար և ոչ խտրական իրավապայմանագրային հարաբերություններ աշխատողի և գործատուի միջև, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 և 32 հոդվածներին հակասող և անվավեր: 2. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրիքի 114 հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը` «բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերել ծերության կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ստանում է կենսաթոշակը» բառակապակցությունների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 և 32 հոդվածներին հակասող և անվավեր: Այսինքն` ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը վերականգնվել է իր պաշտոնում: Սահմանադրական դատարանը բավարարել է քաղաքացի Ս. Ղանթարջյանի հայցն` ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի որոշման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter