Ադրբեջանցի մահմեդականները բողոքում են իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքից
Հավատացյալները պնդում են, որ մզկիթների, հիջաբ կրելու եւ hաջի վերաբերյալ խնդիրները խոսում են կամ իշխանությունների անտարբերություն կամ թշնամանքի մասին
«Ադրբեջանում ոչ մահմեդական, քրիստոնյա համայնքների գործունեությունը չի սահմանափակվում, սակայն մահմեդականներին, չգիտես ինչու, նման հնարավորություն չի ընձեռնվում», - նշում է Բաքվի կենտրոնում տեղակայված Աբու Բեքր մզկիթի իմամ Համեթ Սուլեյմանովը:
«Պատճառն այն է, որ Եվրոպայի Խորհուրդը եւ ամերիկացիները սատարում են քրիստոնյաներին»,- ավելացնում է նա:
Իմամը նաեւ բողոքում է, որ իսլամ քարոզող հավատացյալներին ձերբակալում են՝ վահաբիստական ահաբեկչության գործունեության մեջ կասկածանքով՝ ստիպելով սափրել իրենց մորուքները:
Սուլեյմանովի գլխավորած մզկիթը 2008 -ի օգոստոսին փակվեց իշանությունների պահանջով, այն բանից հետո, երբ մզկիթի պատուհանից ներս նետված պայթուցիկը 2 մարդու կյանք խլեց, եւս 18 հոգի վիրավորվեցին:
Մզկիթի վրա կատարված հարձակման վերաբերյալ ոչ մի հստակ բացատրություն այդպես էլ չի տրվել, սակայն կասկածներ կան, որ սա կապված էր այն փաստի հետ, որ մզկիթը պատկանում էր սունիներին, մինչդեռ ադրբեջանցիների մեծամասնությունը շիադավան է:
Իշխանությունների հավաստմամբ՝ սա նախաձեռնվել էր «Անտառային եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության կողմից. 13 մարդ արդեն ձերբակալվել է դեպքի կապակցությամբ, իսկ խմբի մյուս անդամները դեռեւս հետախուզման մեջ են:
Այնուամենայնիվ, ոստիկանությունն այդ իրադարձություններից հետո այդպես էլ թույլ չտվեց Սուլեյմանովին վերաբացել մզկիթը՝ պատճառաբանելով, որ շենքին դեռեւս կարող է վտանգ սպառնալ:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մզկիթի շենքն օր ու գիշեր ոստիկանության վերահսկողության տակ է, քանի որ մեկ այլ հարձակում է սպասվում: Իմամը հարկադրված եղավ հասնել դատարան՝ շենքը վերաբացելու համար:
Միունույն ժամանակ, Սուլեյմանովը պնդում է, որ մզկիթի հարկադրաբար փակվելն արտացոլում է իշխանությունների անտարբեր եւ նույնիսկ թշնամական վերաբերմունքը մահմեդական համայնքների նկատմամբ:
Մի շարք այլ մահմեդական ակտիվիստների նման, իմամը եւս անվստահությամբ է վերաբերվում Կրոնական կազմակերպությունների հետ աշխատող պետական կոմիտեին:
«Մենք ակնկալում էինք ստանալ կոմիտեի նախագահ Հիդայաթ Օրուեւի աջակցությունը, սակայն նա բավարարվեց միյան այն հայտարարությամբ, որ մզկիթը գրանցված չէր եւ առաջարկեց, որպեսզի իմ տունը վերածվի հավատցյալների աղոթատեղիի»,- բողոքում է իմամը:
Սուլեյմանովը պնդում է, որ մզկիթը գրանցվել է դեռեւս 2002-ին:
Նա նաեւ նշում է, որ Օրուեւի հետ հանդիպելու փորձերն այդպես էլ ոչ մի արդյունք չեն տվել:
«Կարծում եմ՝ կրոնական կազմակերպությունը պետք է ղեկավարվի գործին քաջատեղյակ անձնավորության կողմից, սակայն Ադրբեջանում այսօր կրոնական հարցերով մասնագետների մեծ պակաս կա»,- համոզված է Սուլեյմանովը:
Իմամը եւս մեկ օրինակ է բերում՝ որպես պետական մակարդակով մահմեդականների նկատմամբ տեղ գտած թշնամանքի ապացույց. բանն այն է, որ մզկիթների բակում արգելվում է աղոթելը, իսկ սա խնդիրներ է առաջացրել Աբու Բեքրի ծխականների համար մզկիթի փակվելուց հետո:
Սուլեյմանովի խոսքերով՝ իրենց համայնքը ստիպված է բավարարվել մի մզկիթով, որի տարածքն այնքան փոքր է, որ բոլոր հավատցյալները միաժամանակ չեն կարողանում ներս մտնել: «Մզկիթն այնքան փոքր է, որ աղոթողները ստիպված են հերթով մտնել»,- ասում է նա:
Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գյունդուզ Իսմայիլովը հերքում է իմամի մեղադրանքները՝ առարկելով, որ մզկիթի գրանցման վերաբերյալ արված նրա հայտարարությունն այնքան էլ ճշմարիտ չէ:
Իսմայիլովի հավաստմամբ՝ կառավարությունը ֆինանսական աջակցություն չի տրամադրում մզկիթների, եկեղեցիների, սինագոգների կամ այլ պաշտամունքային կառույցների համար. դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դրանք պատմական նշանակություն ստանան:
Խղճի եւ դավանանքի ազատության պաշպանության կենտրոնի (DEVAMM) տնօրեն Իլհար Իբրահիմօղլուն նշում է, որ Ադրբեջանում խղճի ազատության առումով ընդհանուր իրադրությունը բարելավվել է:
Այուամենայնիվ, ամենածանր խնդիրները դեռեւս լուծում չեն ստացել:
Դրանցից մեկը մահմեդական համայնքների գրանցման մասին գերբարդ օրենքն է, որը հարկադրում է նրանց գրանցման գործընթացի ընթացքում ստանալ Կովկասի մահմեդականների վարչության թույլատրությունը:
Այս առումով Իբրահիմօղլուն բերեց սեփական օրինակը. նա արդեն անցել էր այս ամենի միջով, երբ ժամանակին հանդիսանում էր Բաքվի Ջումա մզկիթի հոգեւոր առաջնորդը:
«Երբ 1992-ին գրանցվեցինք արդարադատության նախարարությունում, մեզ ասացին, որ պարտավոր էինք գրանցվել նաեւ Կովկասի մահմեդականների վարչությունում»,- հիշում է նա:
Միեւնույն ժամանակ, Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչ Իսմայիլովը հավատացնում է, որ Կովկասյան վարչությունում գրանցվելը պարտադիր չէ այն համայնքների համար, որոնք արդեն գրանցվել են արդարադատության նախարարությունում:
Գրանցման վերաբերյալ պահանջների հարցերում տիրող խառնաշփոթից բացի, DEVAMM-ի տնօրենը մեկ այլ խնդիր է համարում օտարալեզու կրոնական գրականության շարունակական գրաքննությունը:
Իսմայիլովը, որի ներկայացրած կազմակերպությունը զբաղվում է օտարալեզու կրոնական գրականության ստուգմամբ, նշում է, որ արգելվում են միայն կրոնական տարանջատումներ սերմանող կամ անհանդուժողականություն եւ կոնֆլիկտներ հրահրող գրքերը:
Պետական կոմիտեի ներկայացուցիչը, բերելով անցյալ տարվա տվյալները, հավաստիացնում է, որ գրքերի չնչին մասն է արգելվում. «2008-ին մասնագիտական ստուգման է ենթարկվել 1,500 օրինակ կրոնական գիրք, որոնցից 59-ը արգելվել են՝ կրոնական տարանջատման եւ անհանդուժողականության հրահրման պատճառով»:
Իբրահիմօղլուն այս հայտարարությանն առարկում է՝ նշելով, որ օտարալեզու կրոնական գրականության քննության ժամանակ Պետական կոմիտեի կիրառած չափանիշներն ուղղակի ծիծաղելի են:
«Ինչո՞ւ են միայն կրոնական գրականությունը քննության առնում: Չ՞է որ այլ ժանրի գրքերն էլ կարող են ահաբեկչական եւ տարանջատողական քարոզչություն պարունակել»,- զարմանում է նա:
«Մի անգամ Մոսկվայից գիրք բերեցի՝ «Կրոնի ազատություն» վերնագրով: Գիրքն ինքնին ոչ թե կրոնական, այլ ընդհանուր ազատության մասին էր, բայց, երեւակայեք, այն ուղարկեցին քննության միայն այն պատճառով, որ շապիկին կար «կրոն» բառը»:
Ադրբեջանի մահմեդականների զայրույթի մեկ այլ պատճառը հիջաբ (իսլամական ավանդական գլխաշոր) կրելու հետ կապված վիճելի հարցն է:
Ադրբեջանում կանանց չի արգելվում հասարակական վայրերում հիջաբ կրելը, սակայն Իբրահիմօղլուն պնդում է, որ իրենց խորհուրդ են տալիս անձնագրի նկարներում հանել գլխաշորերը՝ պատճառաբանելով, որ դրանք կրելիս անձի նույնացման ժամանակ կարող են խնդիրներ ծագել:
«Անձնագրի նկարում հիջաբ կրող արտասահմանցիների անձի նույնացման ժամանակ խնդիրներ չեն ծագում, ինչո՞ւ պետք է մեր քաղաքացիների հետ նման բան պատահի», - նշում է Իբրահիմօղլուն:
Նա համոզված է, որ վերջին 5 տարվա ընթացքում իրեն արգելել են Ջումա մզկիթում քարոզել՝ իրավապաշտպանական գործունեության պատճառով:
«DEVAMM-ը ոչ մի կապ չունի մզկիթի հետ, սակայն բոլոր խնդիրները բարդվեցին դրա վրա», - ասում է նա:
Ըստ Իբրահիմօղլուի՝ քարոզչություն իրականցնելու նրա իրավունքի վերաբերյալ դատական գործն այժմ ներկայացված է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Նրանք հայտարարում են, թե առաջարկել են մեզ համաձայնության գալ, եւ մենք մերժել ենք, սակայն դա ճիշտ չէ», - իշանությունների մասին ակնարկելով՝ ասում է նա:
Միեւնույն ժամանակ, Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչ Իսմայիլովը պնդում է, որ Իբրահիմօղլուն չի կարող պահանջներ ներկայացնել Ջումա մզկիթի վերաբերյալ, քանի որ Կովկասի մահմեդականների վարչությունն արդեն նշանակել է մզկիթի հոգեւոր առաջնորդին այնտեղ կրոնական ծեսեր կատարելու համար:
Իբրահիմօղլուի խոսքերով՝ մահմեդականների դժգոհությունը հարուցող մյուս խնդիրը կապված է Ադրբեջանում հաջի` դեպի Մեքքա կատարվող ամենամյա ուխտագնացության իրականացման հետ:
Նա համոզված է, որ Կովկասի մահմեդականների վարչության գերիշխանությունն այս ոլորտում այնքան մեծ է, որ ճնշում է առողջ մրցակցությունը, իսկ բարձր գները պահպանվում են:
«Եթե մի շարք կազմակերպություններին թույլ տրվեր իրականացնել դա վարչության հետ զուգահեռ, ինչպես Թուրքիայում, ապա գործընթացն ավելի թափանցիկ ու նվազ ծախսատար կլիներ», - նշում է նա:
Վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Մուղադդաս Փայիզովը հավաստիացնում է, որ այլ երկրներից գնացող ուխտավորների ընդհանուր թիվն իրենց չի վերաբերում:
Սաուդյան Արաբիան ինքն է սահմանում յուրաքանչյուր երկրից եկող ուխտավորների թվաքանակը: Փայիզովը նաեւ նշում է, որ Ադրբեջանում հաջի կազմակերպման ժամանակ օգտվում են նաու մասնավոր ձեռնարկությունների՝ հիմնականում տուրիստական կազմակերպությունների ծառայություններից:
Սակայն Իբրհիմօղլուն պնդում է, որ նույնիսկ մասնակցության այս տարբերակը չի կարող լուծում համարվել, քանի որ այդ կազմակերպությունների կարգավիճակը շատ է զիջում վարչությանը:
«Միայն այն դեպքում, երբ նրանց տրվեն վարչության հետ հավասար իրավունքներ, որոշակի զարգացում կգրանցվի: Ցանկացած զարգացում հիմնված է մրցակցության վրա. հենց սա է մեզ պակասում»,- եզրափակում է Իբրահիմօղլուն:
Սեյմուր Քազիմովը, ազատ լրագրող Բաքվում
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել