Ղազախ դիվանագետները` ՀՀ սփյուռքի նախարարությունում
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեվի և դեսպանության խորհրդական Կարտայ Խաիրովի հետ: Քննարկվել են հայ-ղազախական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես Ղազախստանի հայ համայնքի հետ գործակցության զարգացմանը վերաբերող խնդիրներ:
Նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` քննարկվել են նաև հայ համայնքի կողմից Ղազախստանում կազմակերպված մշակույթի տների ցանցի գործունեության և դրանց ապագա զարգացումների դրական միտումները: Երկուստեք մատնանշվել է Ղազախստանում ապրող հայերի դերը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում ակտիվ ներգրավվածության առումով և հիշատակվել է հատկապես Ղազախստանի հայ պետական-քաղաքական գործիչ Լևոն Միրզոյանի ունեցած անգնահատելի դերը, որի գործը այսօր էլ շարունակվում է:
Ղազախ դիվանագետը սփյուռքի նախարարին տեղեկացրել է մարտի 18-ին Ղազախստանի դեսպանության և Հայաստանի ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ համատեղ` «Միջէթնիկական և միջկրոնական համերաշխության ղազախստանյան մոդելը» թեմայով կլոր սեղանի կազմակերպման վերաբերյալ և հրավիրել նախարարության աշխատակիցներին մասնակցելու այդ միջոցառմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել