HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոստանում է տապալել Սահակաշվիլու ռեժիմը

Նախագահի հակառակորդների խոսքերով՝ հաջորդ ամիս ծրագրված հսկայական ցույցերը վերջ կտան նրա իշխանությանը. այնուամենայնիվ, ոչ բոլորն են հավատում այս խոստումներին: Մարտի 9-ին Թբիլիսիի կենտրոնում գտնվող ճապոնական ռեստորաններից մեկում Միխայիլ Սահակաշվիլու հանդարտ ընթրիքի ծրագրերը փչացրեցին: Այդ երեկո 2007թ. ցույցերի դաժան ճնշման տարելիցին նվիրված ՙՆոյեմբերի 7-ի ընդդիմադիր շարժման» ակտիվիստները հավաքվել էին ռեստորանի մոտ՝ վանկարկելով՝ «Միշա', հեռացի'ր» եւ «Միշային բանտ նետել»: Այս տարվա ապրիլի 9-ին լրանում է խորհրդային բանակի կողմից Թբիլիսիի Ռուսթավելի փողոցում տեղի ունեցած հանրահավաքի ճշման 20-մյա տարելիցը. դեռ անցյալ տարվա վերջին ընդդիմությունը խոստացել էր այդ օրը մեծամասշտաբ ցույց կազմակերպել՝ պահանջելով Սահակաշվիլու հրաժարականը: «2009-ի ապրիլի 9-ին գալու է «Ռուբիկոնն անցնելու» ժամանակը». պետք է վճռել՝ կամ Վրաստանը կամ Սահակաշվիլու ավազակային ռեժիմը», - IWPR-ի հետ զրույցում հայտարարել է հակամարտությունների կարգավորման գծով նախկին նախարար Գեորգի Խայնդրավան՝ վրացական նախագահի ներկայիս անզիջում հակառակորդներից մեկը: «Ամբողջ աշխարհը սպասում է այն օրվան, երբ վրացական հասարակությունը սահմանադրական մեթոդների ուժով կստիպի Սահակաշվիլուն հրաժարական տալ»,-ասաց նա: Վրացական նախագահի հրաժարականի վերաբերյալ կոչերը հատկապես բարձր սկսեցին հնչել օգոստոսին տեղի ունեցած հարավօսական ավերիչ պատերազմից հետո: Ըստ ընդդիմության ակտիվիստների՝ երկիրը նման աղետի հասցրած կառավարությունը սպառել է ղեկավարելու բոլոր բարոյական իրավունքները: Այնուամենայնիվ, նրանք դեռեւս պետք է մշակեն իշխանություններին մարտահրավեր նետելու միասնական ռազմավարություն, սակայն ոչ բոլոր ընդդիմադիր խմբերն են ապրլի 9-ի ցույցին մասնակցելու պատրաստակամություն հայտնել: Փետրվարի վերջին ընդդիմադիր խմբերից մեկը վերջնագիր ներկայացրեց նախագահին՝ պահանջելով երկու ամսվա ընթացքում անցկացվելիք վաղաժամկետ ընտրությունների համար հանրաքվեի ժամկետ սահմանել. Սահակաշվիլուն տասը օր ժամանակ էին տվել սրա համար: Սա «Դաշինք հանուն Վրաստանի» կուսակցությունն էր, որի 35-ամյա ղեկավար Իրաքլի Ալասանիան եղել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը, մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերին նախագահի նկատամամբ հասարակայնորեն կատարված քննադատությունը եւ իր հրաժարականը: Ներկայում նա Վրաստանի՝ ամենամեծ հասարակայնություն վայելող քաղաքական գործիչներից մեկն է. իր սեփական հետեւորդներից բացի, նրա ղեկավարած դաշինքնի մեջ են մտնում նաեւ Հանրապետական եւ «Նոր աջեր»-ի կուսակցությունները: Այնուամենայնիվ, վերջնագրի ժամկետը լրացավ մարտի 5-ին՝ այդպես էլ անպատասխան մնալով: Սահակաշվիլին, ում նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2013-ին, ընդհանրապես անընդունելի է համարում վաղաժամկետ ընտրությունների գաղափարը: Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչները պետք է ավելի շատ մտահոգվեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ երկրի վտանգված կայունության հարցով: Նրանց պետք է ավելի շատ հուզի «մարդկանց սառնարանների տարողությունը»,- նշել է նա: «Մեր հիմնական խնդիրն է ապահովել երկրի անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը, իսկ նոր ընտրությունները կամ հանրաքվեն կարող են խոչընդոտել այս գործընթացին»,- ասում է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին: «Ընտրությունները եւ հանրաքվեն հենց այն գործոններն են, որոնք կարող են գործել ի վնաս հասարակության շահերի»: Ապրիլի 9-ի հանրահավաքի կազմակերպման նախաձեռնողը Վրաստանի ընդդիմության շայրահեղական թեւն է՝ «Միավորված ընդդիմություն» շարժումը: Վերջին 5 օրերի ընթացքում շարժման ակտիվիստները շրջում են Թբիլիսիի թաղամասերով՝ ստորագրություններ հավաքելով այն մարդկանցից, ովքեր պատրաստակամություն էին հայտնում փողոց դուրս գալ՝ արտահայտելով իրենց բողոքը Սահակաշվիլու դեմ: Ըստ «Միավորված ընդդիմության» ներկայացուցիչների՝ միայն մայրաքաղաքում արդեն 48,347 ստորագրություն են հավաքել, եւ պատրաստվում են կրկնապատկել այս ցուցանիշը մարտի 10-ին ծրագրված շրջանների 16 քաղաքներն ընդգրկող եռօրյա շրջագայության ժամանակ: «Ընդդիմությունն իրոք լուրջ պատրաստություններ է տեսնում. նախագահը չի էլ պատկերացնում իրեն հասցվելիք հարվածի ողջ ուժգնությունը»,- նշում է Խայնդրավան: Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, ով ներկայում գլխավորում է «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» ընդիմադիր կուսակցությունը եւ Ալասանիայի պես նախագահ դառնալու հույսեր է փայփայում, պատրաստվում է ակտիվ մասնկացություն ունենալ ապրիլի 9-ի ցույցին: Բուրջանաձեի խոսքերով, եթե իր իսկ արտահայտությամբ՝ «ոչ ադեկվատ» վարքագիծ դրսեւորող Սահակաշվիլին մինչեւ ապրիլի 9-ը հրաժարական չտա, ապա «մարդիկ իրենք նրան կտապալեն խաղաղ, սահմանադրական ճանապարհներով»: Ավելին, կարծիքներ կան, որ Սահակաշվիլու եւս մեկ նախկին դաշնակիցը կարող է աջակցություն ցուցաբերել ընդդիմության նախաձեռնած պայքարին: Դա Իրաքլի Օքրուաշվիլին է, ով իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի, պաշտպանության եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնները: Ներկայում նա բնակվում է Ֆրանսիայում՝ մեկ տարի առաջ քաղաքական ապաստան ստանալով այնտեղ: «Օքրուաշվիլին ետ կվերադառնա ֆրանսիայից մինչեւ ապրիլի 9-ը, երբ Վրաստանում լուրջ բողոքի շարժում ծավալվի»,- կանխատեսում է Խայնդրավան: Միավորված ընդդիմության առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեն նույնիսկ խորհուրդ է տվել Սահակաշվիլուն եւ նրա համախոհներին «փախչել երկրից», եթե ցանկանում են փրկվել: «Ապրիլի 9-ը նախանշելու է մշտական ցույցերի եւ ազգային միասնության սկիզբը»,- նշել է նա: «Դժվար է կանխատեսել, թե երբ կավարտվեն այս ցույցերը... մենք կհաղթենք, բայց դեռ չգիտեմ՝ ինչ գնով»: Այնուամենայնիվ, ընդդիմությունն այսօր չունի իր դիրքորոշումները բարձրաձայնող հզոր գործիք: «Իմեդի» հեռուստաընկերությունը, որը ժամանակին ընդդիմությունն օգտագործում էր 2007-ի նոյեմբերի ցույցերի նախապատրաստման համար, այժմ մյուս բոլոր ազգային հեռուստաալիքների պես գտնվում է կառավարության վերահսկողության տակ: Հեռուստաալիքը նախկինում պատկանում էր հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլուն: Հասարակությանը դիմելու համար ընդդիմությունը ներկայում վստահելի երկու փոքր հեռուստաալիք ունի՝ «Կավկազիա»-ն եւ «Մաեստրո»-ն, սակայն սրանք հեռարձակվում են միայն Թբիլիսիում: Հունվարի 20-ին «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում ընդդիմության առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեի եղբոր՝ հայտնի երգիչ Գեորգի Գաչեչիլաձեի մասնակցությամբ աննախադեպ ռեալիթի-շոու սկսեց հեռարձակվել՝ «Բանտախուց համար հինգ»: Այդ ժամանակվանից ի վեր նա փակվել է «Մաեստրո» հեռուստաընկերության ստուդիայում՝ հայտարարելով, որ դուրս չի գա, քանի դեռ գործում է Սահակաշվիլու իշխանությունը: Ամեն երեկո նրան այցելում են քաղաքական եւ հասարակական գործիչների խմբեր, որոնք քննարկում են քաղաքական զարգացումները, քննադատում իշխանություններին՝ հեռուստադիտողներին կոչ անելով միանալ ապրիլի 9-ին կայանալիք ցույցին: Օր ու գիշեր հեռուստատեսության չորս տեսախցիկներ են հետեւում Գաչեչիլաձեին, ով պահանջել է, որպեսզի իր ինքնակամ ազատազրկման պայմանները հնարավորինս մոտ լինեն իրական բանտի պայմաններին: Սա հաստատում է նրա այն համոզմունքը, որ Սահակաշվիլու ռեժիմի ներքո Վրաստանը վեր է ածվել բանտի: Այնուամենայնիվ, մասնագետների խոսքերով, այդ ամենը կարող է եւ ոչ մի արդյունքի չբերել: «Ներկայումս դեռեւս խիստ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա իշխանափոխություն կատարել: Դա էապես կախված է իշանությունների որդեգրած ռազմավարությունից»,- նշում է քաղաքական մեկնաբան Ռամազ Սակվարելիձեն: Նրա կարծիքով, ընդդիմությունը ոչինչի էլ չի հասնի, եթե նախագահն ազիջում դիրքորոշում ընդունի: «Այն փաստը, որ 2003-ի վարդերի հեղափոխության ժամանակ Էդուարդ Շեվարնաձեն հրաժարական տվեց, դեռ չի նշանակում, որ նրա հետնորդը կդիմի նույն քայլին»,- ասում է նա: «Եթե Սահակաշվիլին համառություն ցուցաբերեց, նրան շատ դժվար կլինի ստիպել հրաժարական տալ»: Մեկ այլ քաղաքական մեկնաբան՝ Արչիլ Գեգեշիձեն նույնպես շեշտում է. «Եթե ընդդիմության շարքերում բացակայեն միասնականությունը եւ խորհրդակցությունը, ապա նրանք չեն կարողանա հասցնել ցույցերը կրիտիկական կետին»: Նրա գործընկերը՝ քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, կարծում է, որ փողոցային ցույցերին մոտ ապագայում դուրս եկող մարդկանց 80 տոկոսը դիմելու է այս քայլին՝ որոշակի անմիջական զիջումներ ստանալու հույսով: «Մարդիկ ցույցերը կարճ ժամանակում ճգնաժամը հաղթահարելու միջոց են համարում»,- նշում է նա: «Սա քաղաքական պայքարի ոչ դասական տարբերակ է: Յուրաքանչյուր տասը ցուցարարներից միայն երկուսն են, որ պայքարում են իրենց քաղաքական հայացքների համար»: «Ընդդիմությունը ջուրը չտեսած՝ բոբիկանում է, փոխանակ նախեւառաջ մտածի սեփական շարքերում միասնություն ապահովելու մասին»: Միխայիլ Վիգնանսկին, Թբիլիսիի «Վրեմյա նովոստեյ» թերթի թղթակից Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter