HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ավագանին շարունակում է կրճատել բյուջետային ծախսերը

16_03-vanadzor1Թեեւ Վանաձորի ավագանին միաձայն հաստատեց քաղաքապետարանի 2008 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, այդուհանդերձ, Վանաձորի կառավարման անցած տարվա ֆինանսական փաստաթուղթը պատմության գիրկն անցավ պարտքերով: Տեղական բյուջեի պարտքերը կազմում են փաստացի եկամուտների 5.8 տոկոսը, որից 106 մլն դրամը քաղաքապետարանինն է: Պարտապանն անցյալ տարի չկարողացավ վճարել իր իսկ լիազորությունների համար սահմանված գումարները, օրինակ` քաղաքային տնտեսությանն ուղղված, ինչպես նաեւ իր ենթակայության հիմնարկ-ձեռնարկություններին ունեցած պարտքերը: «Դա էական նշանակություն չի ունենա այս տարվա բյուջեի կատարման վրա»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը: Նրա լավատեսության պատճառն այն է, որ տարեսկզբին արդեն քաղաքապետարանը պարտքի մեծ մասը վճարել է, իսկ մնացած 5 մլն դրամ պարտքն էլ ընթացքում կմարի: Այլ է քաղաքապետարանին պարտք մնացածների վիճակը: Պարտքերն ամբողջությամբ չմարած քաղաքապետարանն իր հերթին պարտատիրոջ իրավունքով որոշել է դատական ճանապարհով բռնագանձել Վանաձորի «Պրոմեթեյ Խիմպրոմ» ՓԲԸ-ի գույքահարկը: Համայնքային բյուջեի խոշոր պարտապան-գործարանի 115 մլն դրամ պարտքն անցած տարիներին է կուտակվել: «Անցյալ տարի 80 մլն դրամը վճարեցին, բայց մյուս մասը դեռ մնում է»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետը: Քաղաքապետարանում հույս ունեն, որ դատական ճանապարհով կկարողանան բռնագանձել քիմգործարանի պարտքը: Եթե քիմգործարանն իր պարտքն ամբողջությամբ վճարեր, ապա անցած տարվա վարչական բյուջեն կկատարվեր 100 %-ով եւ, ինչպես Ա. Սուքիասյանն է ասում, դեռ 10 մլն դրամ էլ ազատ մնացորդ կունենային: Վանաձորի «Պրոմեթեյ Խիմպրոմ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը մեզ բացատրեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում կանգ են առել կարբիդի ու արհեստական քարերի արտադրությունները` ընկերության մոտ 5 մլն դոլարի ներդրումները հօդս ցնդեցնելով, որի պատճառով էլ չեն կարողացել կատարել հարկային պարտավորությունները: Սակայն արդեն սկսել են պարարտանյութեր արտադրել եւ քաղաքապետարանի հետ կփորձեն փոխհամաձայնության գալ` գումարը մաս-մաս վճարելու համար: «Չեմ կարծում, որ մեր ունեցած գույքի վրա արգելանք կդրվի կամ էլ սնանկացման կգնանք, նման բան տեղի չի ունենա, պարարտանյութերի արտադրությամբ ընկերությունը նախատեսում է տարեկան արտադրել մոտ 60.000 տոննա պարարտանյութ, ինչը կիրացվի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում»,- հայտնեց տնօրենը: Վանաձոր քաղաքի համայնքային բյուջեի անցած տարվա եկամուտների հավաքագրումը կատարվել է 82 %-ով: Թեեւ ֆինանսատնտեսական բաժնի պետը դա համարում է դրական, բայց հավաքագրման թերացումների մասին խոսելիս Վանաձորի «Պրոմեթեյ Խիմպրոմի» խնդրից բացի մատնանշում է եւս մեկը: Արդեն քանի տարի է քաղաքապետարանը չի կարողանում հավաքագրել ավտոմեքենաների գույքահարկի չվճարումից կուտակված 500 մլն դրամի ապառքները: Քաղաքապետարանը չի կարողանում գույքահարկ գանձել ավելի քան 4.000 ավտոմեքենայի համար այն պատճառով, որ չի գտնում փաստացի տերերին: Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը խնդիրը պարզաբանելիս նշեց, որ այդ մեքենաները ժամանակին վաճառվելով` գնորդի անվամբ գույքը չի գրանցվել, մեքենան շարունակում է պատկանել նախկին տիրոջը: «Օրենքով մեքենայի տերը պիտի վճարի, բայց նա էլ ասում է, թե վաղուց վաճառել է, ինչու՞ պիտի ինքը վճարի ուրիշի կողմից շահագործվող մեքենայի գույքահարկը»,- պարզաբանում է քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Սուքիասյանը: Այս հարցը լուծելու համար քաղաքապետարանը դիմել է ՀՀ կառավարություն` առաջարկելով մշակել այնպիսի մեխանիզմ, որ սեփականատիրոջ փոփոխման դեպքում քաղաքապետարանը տեղեկացվի: Ամեն դեպքում, Սուքիասյանը չի հավատում, որ 500 մլն դրամ պարտքը կհավաքագրվի, մինչդեռ այդ պատճառով բյուջեն շարունակում է թերակատարվել: Չնայած անցյալ տարվա բյուջեի թերակատարմանը, Վանաձորի ավագանին առայժմ չի շտապում վերանայել այս տարվա բյուջեն: Փոխարենը ավագանին հերթական լուծարման որոշումը կայացրեց: Հունիսի 1-ից չի գործի Վանաձորի քաղաքապետարանի ավտոհավաքակայանը: «Մենք այն պահում ենք, բայց ոչինչ էլ չի նորոգում»,- ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Հիմնարկը լուծարելով` քաղաքապետարանը կխնայի 5 մլն դրամ, այնքան, որքան վճարում է ավտոհավաքակայանի աշխատակազմին: Մնացած 12 մլն դրամ տարեկան ծախսերը` որպես սպասարկման համար նախատեսված գումարներ, տեղական բյուջեն կշարունակի վճարել այս դեպքում արդեն այլ հիմնարկների: Սեփական սպասարկման ծառայության գոյության անհրաժեշտությունն, ըստ քաղաքապետի, ամենեւին չկա. «Պայմանագիր կկնքենք ավտոմեքենաների սպասարկման որեւէ հիմնարկի հետ` կսպասարկեն»: «Ավագանու նիստի լուսաբանումից եմ տեղեկացել լուծարման մասին»,- ասում է ավտոհավաքակայանի տնօրեն Աշոտ Սաղաթելյանը: Նա կարծում է, որ եթե քաղաքապետարանն աշխատում է, ապա իր հիմնարկը եւս կարող էր աշխատել` ավտոմեքենաները պիտի սպասարկվե՞ն, թե ոչ: «Եթե կարող են 30.000 դրամով սպասարկել իրենց ավտոմեքենաները մեկ այլ հիմնարկում, ուրեմն ձեռնտու է փակելը»,- տարակուսում է Սաղաթելյանը` նկատի ունենալով իր աշխատակիցների ամսական 30.000 դրամ աշխատավարձը: Դեռեւս խորհրդային տարիներից քաղաքային իշխանությանը սպասարկող ավտոհավաքակայանն իր 14 հոգանոց աշխատակազմով սպասարկում է քաղաքապետարանի 6 ավտոմեքենայի: Քաղաքապետի հնչեցրած դժգոհությանը, թե միեւնույն է, այս հիմնարկը չի նորոգում մեքենաները, Սաղաթելյանն իր պատասխանն ունի` սարքավորումներ չունեն, բայց ունեն որակյալ մասնագետներ: 14 աշխատողներից աշխատանքը կպահպանեն 6-ը` միայն վարորդները, որոնք կընդգրկվեն քաղաքապետարանի աշխատակազմում: Մնացածը կդառնան գործազուրկ: Այս տարվա բյուջեի ծախսերը կրճատելուն ուղղված մյուս «նորամուծությունը» ՀՀ պետական բուհերում գերազանցությամբ սովորող, սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին նպաստից զրկելն է: Վանաձորի ավագանին երեք տարի առաջ որոշել էր աջակցել ուսանողներին` հատկացնելով ամսական 10.000 դրամ: Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Սուքիասյանն ասում է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես կլուծվի այս հարցը, բայց, ամենայն հավանականությամբ, այս դեպքում եւս խնայողությունների կգնան: Անցած` 2008 թ. բյուջեից ուսանողներին հատկացվել էր ավելի քան 5 մլն դրամ, ինչը Վանաձորի քաղաքապետի կամավոր լիազորություններից է: «Մեզ համար առաջնայինը պարտադիր լիազորությունները կատարելն է, հետո միայն` կամավորին անդրադառնալը»,- ասում է քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը: Վերջինս դժվարացավ ասել, թե կոնկրետ ինչ ուղղությամբ կծախսվեն ավտոհավաքակայանի փակումից եւ ուսանողների նպաստներից տնտեսված գումարները: Սակայն նշեց, որ այս տարի հնարավոր է եկամուտները 100 տոկոսով չհավաքագրվեն, ու տնտեսված գումարներն ուղղվեն բյուջեով նախատեսված` քաղաքապետի պարտադիր լիազորությունների կատարմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter