Շիրակում կմշակվի մարզի 2010-2012 թթ. զարգացման ռազմավարական փաստաթուղթը
Շիրակի մարզի զարգացման ռազմավարական պլանը կազմելու աշխատանքների մեկնարկը տրվեց մարտի 2-ին հրավիրված մարզխորհրդի նիստի ժամանակ: Հավաքված համայնքապետերին մարզպետի տեղակալ Սամվել Պետրոսյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, իսկ մարզպետ Լիդա Նանյանը հանձնարարեց ներկայացնել առաջարկներ, որոնցից կկազմվի մարզի զարգացման ծրագիրը:
Նորությունը, որ իրենք պիտի ակտիվ մասնակցություն ունենան մարզի զարգացման գործին, մի շարք համայնքապետերի գցել էր տարակուսանքի մեջ: Ամենայն հավանականությամբ, շատերին անհասկանալի մնաց, թե ինչ առաջարկներով պիտի իրենք հանդես գան: Նրանցից մի քանիսը միմյանց հետ զրուցելիս միտք էին հայտնում, թե սա երեւի կառավարության հերթական ձեւական որոշումներից է, որից օգտվելու են մի քանիսը, իսկ մնացածն ինչպես կար, այդպես էլ շարունակելու են: Թյուրըմբռնման մթնոլորտն անհանգստացրել էր նաեւ փոխմարզպետ Սամվել Պետրոսյանին, ով ղեկավարելու է զարգացման ծրագրի 28 անդամներից կազմված հանձնաժողովը: Մարզխորհրդի նիստի ժամանակ, ծրագիրը ներկայացնելուց հետո, նա մի քանի անգամ հարցրեց, թե արդյոք համայնքապետերը հարցեր ունեն ասվածի վերաբերյալ ու մնաց անպատասխան:
Առանձնազրույցի ժամանակ Սամվել Պետրոսյանն ասաց, որ ինքը լավատեղյակ է, թե ընդհանրապես ինչպես են գրվում համայնքների զարգացման ծագրերը եւ հույսեր փայփայել, թե նույն այդ մարդիկ որեւէ գործուն մասնակցություն կունենան այս ծրագիրը կազմելուն, միամտություն կլիներ: «Հատկապես գյուղական համայնքների այն ժամանակ եռամյա, հիմա արդեն քառամյա պլանները լրիվ դեկլարատիվ բնույթ ունեն,- ասում է Սամվել Պետրոսյանը,- գրում են` ուղակի գրելու համար, այստեղից-այնտեղից թխած ինչ-որ բաներ են գրում` ֆինանսական հիմքերից զուրկ, թե` սա կանենք, նա կանենք ու նստում-սպասում են, թե պետությունը դրան երբ է օժանդակելու: Համայնքապետեր ունենք, որոնք այդ էլ են զլանում անել: Մեր հույսը, որ ճիշտն ասեմ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն են, ովքեր ընդգրկված են հանձնաժողովի աշխատանքներում եւ, բնականաբար, ընտրված ոլորտներին լավատեղյակ մասնագետները: Նրանց ուժերով է հիմնականում գրվելու այս ծրագիրը»:
Հանձնաժողովի 28 անդամներից 13-ը մարզպետարանի համապատասխան վարչությունների եւ բաժինների պետերն են: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով հրավիրվել են Գյումրիում գործող առավել ակտիվ 9 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Գյումրին եւ Արթիկը ներկայացված են փոխքաղաքապետերի մակարդակով, իսկ Անիի վարչատարածքը ներկայացնում է Մարալիկի քաղաքապետը: Հանձնաժողովի կազմը համալրում են նաեւ Ախուրյանի, Ամասիայի եւ Աշոցքի համայնքապետերը: Հանձնաժողովում ընդգրկված ԱԺ պատգամավոր եւ գործարար Սամվել Բալասանյանն ու Հայ-ամերիկյան Տնաշինական կոմբինատի տնօրեն Ավետիք Հարությունյանը ներկայացնելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու լուծման ուղիներ են առաջարկելու: Մարզպետի տեղակալը խոստացավ հանձնաժողովի աշխատանքների թափանցիկություն` «ցանկացած ոք, ով մտահոգված է մարզի ճակատագրով, կարող է գալ եւ ծրագրային առաջարկներ անել»:
Մարզպետի տեղակալից ճշտեցինք, որ հաջորդ քայլով պիտի ձեւավորվեն 8-9 հոգուց կազմված ոլորտային խմբեր` տեղերում աշխատելու համար: Այդ նպատակով բոլոր համայնքապետերին հանձնարարվել է թեկնածուներ ներկայացնել: Նշված թեկնածուն պիտի համապատասխանի որոշակի չափանիշների: Բացառվում է ինչ-որ մեկի ընդգրկումը ոլորտային խմբերում «լավության» կարգով: «Թեպետեւ դա, ինքնաբերաբար, կբացառվի, որովհետեւ աշխատանքները հասարակական հիմունքներով են»,- վստահեցրին մարզպետարանի Տարածքային բաժնում:
Գյուղերից ընտրված թեկնածուները պիտի լինեն կրթված, ընտրված ոլորտներից որեւէ մեկին լավատեղյակ: «Մենք ընտրել ենք 9 ոլորտ` առողջապահություն, գյուղատնտեսություն եւ գյուղական համայնքների զարգացում, բնապահպանություն եւ շրջակա միջավայրի պահպանություն, քաղաքաշինություն, մասնավոր հատված, տարածքային կառավարման եւ ինքնակառավարման զարգացում, բնականաբար պիտի ձեւավորվի 9 ոլորտային խումբ, որոնք աշխատելու են տեղերում»,- մանրամասնում է Սամվել Պետրոսյանը:
Նաեւ մոնիտորինգի խումբ է աշխատելու այս ծրագրում: «Անկեղծ լինենք` պետությունն ինքն էլ է տեսնում, որ համայնքների զարգացումը` հիմնված ռազմավարական պլանների վրա, ֆիկցիա է: Մի բանը որ ձեւական բնույթ է կրում, ինքներդ էլ եք հասկանում` գործնականում հնարավոր չէ կիրառել: Դրա համար էլ 2008 թ. սեպտեմբերի 18-ին կառավարությունը որոշում ընդունեց, որպեսզի մարզերի զարգացման ծրագրեր կազմվեն»:
Հանրապետության երկու մարզերում` Տավուշում եւ Գեղարքունիքում, Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ նմանատիպ ծրագիր իրականացվել է: Ս. Պետրոսյանը տեղյակ չէր արդյունավետությունից, սակայն կարծում էր, որ դրական տեղաշարժեր եղել են: Այլապես հայրենի կառավարությունը չէր որոշի ֆինանսավորել մնացած մարզերի զարգացման ռազմավարական պլանների կազմման աշխատանքները:
Երեք ամսից Շիրակի մարզի զարգացման ծրագիրը կուղարկվի Կառավարություն: Մինչեւ տարեվերջ ծրագիրը պիտի անցնի մի քանի նախարարություններով, բազմաթիվ քննարկումներ պիտի լինեն, որից հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը: Այս ծրագիրը դառնում է ամենակարեւոր փաստաթուղթը, որով պիտի մարզը զարգանա 2010-2012 թթ.-ին:
Ապրիլի մեկին եւս մեկ մարզխորհրդի նիստ է հրավիրվելու: Փոխմարզպետի համոզմամբ` նախորդ նիստի մասնակիցների 99 տոկոսը չէր ըմբռնել, թե ինչի մասին է խոսքը: «Եթե հասկացած լինեին, պիտի բազմաթիվ հարցեր առաջանային, որովհետեւ 2010 թվականից, երբ գործողության մեջ կդրվի ծրագիրը, անհատական խնդիրներ այլեւս չեն բարձրացվելու, ու ինչ ընդգրկվեց ծրագրում, ընդգրկվեց, հաստատվելուց հետո փոփոխություններ չեն ենթադրվում: Դրա համար էլ ակնկալում ենք համայնքապետերի ակտիվությունը, որը, ցավոք, դեռ նկատելի չէ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել