Համատիրությունները լուծարվում են, նախագահները` բողոքում
Արաբկիր համայնքում գործող «Կանազ» համատիրությունն այժմ անորոշ վիճակում է: Ադոնցի 13 շենքն ունի իր համատիրությունը` «Կանազը», սակայն վերջերս պարզվել է, որ շենքի բնակիչներից բնակարանների համար գանձվող գումարները հավաքում է մեկ այլ կին` շենքի բնակիչ Լիդա Կարապետյանը: «Կանազ» համատիրության նախագահ Իշխանուհի Հարությունյանը չգիտի` ինքը դեռ համատիրության նախագահ է, թե «Կանազ»-ն արդեն լուծարվել է, քանի որ Արաբկիր համայնքի թաղապետարանից նրան ասել են, որ ինքն այլևս համատիրության նախագահ չէ: Շենքի բնակիչներն ասում են, որ իրենք դեմ չեն Իշխանուհու նախագահությանը, սակայն բնակարանի համար գանձվող գումարները վճարում են Լիդա Կարապետյանին:
2008 թ. Արաբկիր համայնքում գործել է 82 համատիրություն: Այս պահին թաղապետարանում գրանցված է 61 համատիրություն, այդ թվում և լիազորագրային կառավարումներ: Արաբկիր համայնքի «Ազատություն» համատիրության նախագահ Ժորա Մարտիրոսյանն ասում է, որ Արաբկիր համայնքի թաղապետարանը ստիպում է լուծարել համատիրությունները, որպեսզի մնան մի քանի մեծ համատիրություններ:
Վկայակոչելով «Համատիրության մասին» ՀՀ օրենքը` Ժորա Մարտիրոսյանն ասում է, որ համայնքում համատիրությունների քանակը սահմանափակում չունի, կարող է լինել 5, 6 կամ 100 համատիրություն, այսինքն` բնակչությունն է ընտրում, թե համատիրությունն ինչպես կլինի` մեկ շենքից բաղկացած, երկու կամ ավելի:
«Մենք` բնակիչներս ենք որոշում, թե որ շենքի հետ միանանք և ստեղծենք համատիրություն, չենք ուզում, չենք միանում, այդպես է ասում օրենքը»,- հաստատում է Ժորա Մարտիրոսյանը:
Մի քանի համատիրությունների նախագահների հետ զրույցից պարզվեց, որ իրենք դեմ են իրենց համատիրությունները լուծարելուն և ավելի մեծերին միանալուն: Նրանց խոսքերով` թաղապետարանից ասում են, որ համայնքում պիտի լինի 6 համատիրություն: Սակայն, համատիրությունների ղեկավարների խոսքերով, դա նմանվելու է «ժեկային» համակարգին, որն արդյունավետ չի եղել:
«Համատիրությունը ստեղծվում է սեփականատերերի կեսից ավելիի համաձայնությամբ, նույն ձևի էլ պետք է լուծարվի: Այդ բոլորն ապօրինի ու անօրինական է, գնում են շենք, ովքեր տարիներով վարձեր չեն մուծել, նրանցից ստորագրություններ են հավաքում: Թաղապետարանն ասում է դա, որպեսզի միավորի բոլոր շենքերը, ստեղծի մի քանի համատիրություններ, դնի իր նշանակած մարդուն, որպեսզի իրենց հետ կարողանան աշխատել»,- ասում է «Տանիք» համատիրության նախագահ Սուրեն Սինանյանը:
«Որպեսզի գործ ունենա մեկ մարդու հետ, և նա լինի իրենց նշանակած մարդը, կարող է մի հատ մեխ խփեն, որ ցույց տան` իբր մի բան արել են, գումարը դուրս են հանում և այդպես լվացում է տեղի ունենում, որպեսզի գործ չունենան 80 համատիրության նախագահների հետ, այլ գործ ունենան իրենց նշանակած մարդկանց հետ, որ իրենցով ինչ ուզեն` անեն»,-շարունակում է «Զարթոնք» համատիրության նախագահ Երանուհի Ազիզյանը:
«Կանազ» համատիրության նախագահ Իշխանուհի Հարությունյանն ասում է, որ իրեն էլ ապօրինի հեռացրել են և իր փոխարեն թաղապետարանն այլ մարդ է նշանակել, թեպետ նման լիազորություն չուներ, քանի որ համատիրության նախագահին ընտրում են շենքի բնակիչները: Ադոնցի 13 շենքից Լիդա Կարապետյանը ստորագրահավաք է կազմակերպել` Իշխանուհու նախագահության դեմ, Իշխանուհի Հարությունյանն էլ հայտնաբերել է, որ ստորագրահավաքը կեղծ է:
Լիդա Կարապետյանի ստորագրահավաքի մասնակիցներից ոմանք նույնիսկ տեղյակ չէին նմանատիպ փաստաթղթի ու ստորագրությունների մասին: Ավելին, շենքի բնակիչներից Սեդա Ստեփանյանն ու Նինել Ջհանգիրյանը հաստատեցին, որ այդ թղթի վրա իրենց անվան դիմաց դրված ստորագրություններն իրենց չեն պատկանում:
«Եթե մենք ունենք շենքի ընտրված նախագահ, ինչու այլ մարդու վճարեմ: Ես վճարումներն անում եմ շենքի նախագահին»,- ասում է Նինել Ջհանգիրյանը:
«Եթե բնակիչներին ձեռք էր տալիս նրա աշխատանքը, ես, պատկերացրեք, համաձայն եմ: Ինձ բոլորը ստորագրություն են տվել, որ իրեն չեն ուզում»,- ասաց Լիդա Կարապետյանը:
Իսկ վերոնշյալ ցուցակում մահացած մարդկանց անվան դիմաց ստորագրությունները Լիդա Կարապետյանը հետևյալ կերպ բացատրեց. «Օրինակ` Ռուզանը մահացած է, տղան է ստորագրել»: Նմանատիպ այլ ստորագրություններ ցույց տալուց հետո պարզվեց, որ այդ ցուցակը տիկին Լիդային տվել են «Քնար» համատիրությունից: «Սա համարյա կիսով չափ լրացրած է եղել, և այս ցուցակն ինձ տվել են, որ ավելացնեմ: Գիտեք ինչ, էս սաղ սուտ է, եկեք միասին մտնենք տները»,- մեզ առաջարկեց տիկին Լիդան, մինչդեռ մենք արդեն հասցրել էինք զրուցել բնակիչների հետ:
«Ես շենքի ակտիվիստն եմ, այստեղ չկա որևէ հարց, որ ես չեմ լուծել: Ես երկար տարիներ բակը մասնավոր մաքրել եմ տվել` 100-ական կամ 150-ական դրամ տվել ենք հավաքարարին, մաքրել է, ջրերի, լիֆտի, լույսի` բոլոր հարցերը լուծել եմ ես անշահախնդիր ձևով»,-իր` շենքի լիազոր լինելը պատճառաբանեց տիկին Լիդան:
Ինչպես պարզվեց` Լիդա Կարապետյանն իսկապես աշխատում է թաղապատերանում` գույքահարկի բաժնում որպես տեսուչ: Իսկ 2008 թ. դեկտեմբերից Ադոնցի 13 շենքի լիազորն է «Քնար» համատիրությունում: Ստացվում է, որ «Կանազ» համատիրությունն արդեն լուծարվել է: Տիկին Լիդան ասում է, որ իրենց շենքից 90 տոկոսով գումարները հավաքված ու վճարված են «Քնար» համատիրությանը, որն էլ այժմ իրականացնում է շենքի աղբահանությունը և այլ միջոցառումներ: Լիդա Կարապետյանի հավաստմամբ` շենքում «այլանդակ» վիճակ էր տիրում, նույնիսկ աղբը չէր տարվում ու բակը չէր մաքրվում, և տիկին Իշխանուհին նույնիսկ բնակիչներից աղբի համար գումար չէր կարող հավաքել:
«Ես հավաքում եմ գումարները, բոլորը ինձ են վճարում, գիտեք ինչքան փող եմ հավաքում, ոչ մի շենք այսքան փող չի հավաքում, ոչ ոք իրեն չէր տալիս, ինքը ոչինչ չէր անում, այսօր այդ համատիրության շնորհիվ մենք բոլոր մուտքերում թարթիչավոր լույսեր ենք դրել»,- պատմեց Լիդա Կարապետյանը:
Արաբկիր համայնքի թաղապաետարանի բնակարանային, կոմունալ, տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Հրայր Անտոնյանը, մեկնաբանելով վերոնշյալ դեպքերը, մեղադրանքներն ու իրադարձությունները, պարզաբանեց, որ 2009 թ. Արաբկիր համայնքի 88 համատիրությունների և լիազոր կառավարիչների պարտադիր կատարման նորմերն ուսումնասիրելով` հանգել են այն եզրակացության, որ գրեթե ոչ մի տեղ, բացի մի քանի խոշոր համատիրություններից, որևէ աշխատանք չի կատարվում:
«Նույնիսկ աղբահանության աշխատանքներով համատիրության նախագահները կամ լիազոր կառավարիչները չեն զբաղվում, միայն աշխատում են տեղեկանք տալու համար»,- ասաց Հ. Անտոնյանը և հավելեց, որ իրենք արձանագրություններ են կազմել աղբի փաստացի չտեղափոխման կամ պարտադիր նորմի չկատարման համար, և նմանատիպ համատիրությունների նախագահները կամ լիազոր կառավարիչները տուգանվել են: Իշխանուհի Սարգսյանի հավաստմամբ` իր ղեկավարած համատիրությունը չի տուգանվել:
«Մենք անցկացրել ենք մոնիտորինգ, բոլոր շենքերի կատարվող ու կատարվելիք աշխատանքների ցանկ ունենք, հանգել ենք այն եզրակացության, որ մեկ շենքանոց համատիրությունը ֆիզիկապես և ֆինանսապես հնարավորություն չի ունենա իր շենքի վրա ծախս կատարի, որովհետև հավաքվում է նույն գումարը, ինչը 10 շենքանոց համատիրությունում»,- պարզաբանեց թաղապետարանի բնակարանային, կոմունալ, տնտեսության և բարեկարգման բաժնի պետը:
Ըստ Հրայր Անտոնյանի` այժմ շենքերում թաղապետի գլխավորությամբ կատարվում են աշխատանքներ: Ամեն շաբաթվա մեջ երեք օր նրանք այցելում են բակային տարածքներ, որտեղ ուսումնասիրում են և շենքերի տեխնիկական վիճակը, և այնտեղ կատարված աշխատանքները:
«Համատիրությունների 90 տոկոսում աշխատանքներ չեն կատարվում: Թաղապետի հանձնարարությամբ շենքերում տեղադրվել են դռներ, քաշվել են ակնթարթային լույսեր: Բակային տարածքներում թաղապետարանի միջոցներով քաշում են արտաքին լուսավորության ցանց, իսկ համատիրություններն այդ աշխատանքները, որոնք որ իրենց պարտադիր կատարման նորմն է, նույնիսկ չեն էլ պակերացնում և չեն էլ անում,- համոզված է Հ. Անտոնյանը,- և ժողովուրդը տեսնելով, որ մենք գալիս ենք ու աշխատանքներ ենք կատարում, իրենց համար ստեղծում են մեծ համատիրություններ, որպեսզի մի շենք չլինի, այլ լինեն բազմաթիվ շենքեր, այսինքն` մի շենքից կարող է հավաքվել 100 հազար դրամ, ու այդ գումարը աշխատավարձ տան ու կենսաթոշակային վճարումներ անեն, շենքի վրա գործ անել այլևս չեն կարող»:
Հրայր Անտոնյանի խոսքերով` որոշ համատիրությունների նախագահներ ոչինչ չեն անում, այլ զբաղված են թերթերում իրենց վարկաբեկելով: Կոմունալի բաժնի պետն ասում է, որ իրենք ժողովրդին բացատրել են` եթե ուզում են շենքերում աշխատանք կատարվի, կարող են ստեղծել մեծ համատիրություն, որպեսզի մի շենքի գումարով աշխատավարձ բաժանվի, մնացած շենքերի գումարներով իրենց շենքի համար ծախսեր կատարվեն:
Հրայր Անտոնյանը «Կանազ» համատիրության կապակցությամբ ասաց, որ բնակիչներն իրենք են դիմում գրել, ստորագրահավաք անցկացրել, որպեսզի Իշխանուհուն նախագահի պաշտոնից հանեն: Իսկ այն, որ ստորագրահավաքի այդ ցուցակում եղել են մահացած մարդկանց ստորագրություններ, Հրայր Անտոնյանն ասաց. «Ես այդ ցանկը հանձնել եմ տիկին Իշխանուհուն, նա էլ նույն բանն ասեց, ես էլ ասեցի, որ եթե կան նման ստորագրություններ կամ կեղծ ստորագրություններ, դիմեք դատախազություն, թող դատախազությունը զբաղվի, կեղծ ստորագրություն դնողից ինչ պետք է` օրենքով սահմանված կարգով համապատասխան ընթացք տան»:
Այժմ Իշխանուհի Հարությունյանը դիմել է համապատասխան մարմիններին` կեղծ ստորագրահավաք իրականացնողներին պատժելու համար, ինքն էլ է ստորագրահավաք կազմակերպել` վերականգնելու իր և շենքի բնակիչների իրավունքները: Արդեն 37 ստորագրություն հավաքված է, և ստորագրահավաքը դեռ շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել