HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Փոքրիկ Էդուարդի վիրահատության համար շտապ անհրաժեշտ է 10 հազար դոլար

16_03-eduard32-ամյա Գուրգենի մտքով երբեք չէր անցել, որ կհայտնվի այնպիսի վիճակում, որից կախված կլինի իր 10 ամսական երեխայի հետագա կյանքը: «Չորս ամսվա ընթացքում եթե չհասցնեմ 10 հազար դոլար գտնել ու երեխային վիրահատության տանել, չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անեմ հետո»,- ասում է Գուրգեն Արզումանյանը:

Գուրգենի 10 ամսական որդին` Էդուարդը, ծնվել է «կերակրափողի աթրեզիա» արատով: Ամեն օր 3 ժամը մեկ մանկական սնունդ են ներարկում  Էդուարդի կերակրափողն ինչ-որ չափով փոխարինող խողովակը, որտեղից էլ սնունդը տեղափոխվում է ստամոքս: Արդեն 3 վիրահատություն է տարել փոքրիկ Էդուարդը, սակայն 4 ամիս հետո ստիպված կլինի մեկ անգամ եւս անցնել այդ ճանապարհը: Հայրն ասում է, որ երեխային Մոսկվայում վիրահատելու համար շտապ 10 հազար դոլար է անհրաժեշտ, այլապես նա ամսական պետք է մեծ գումար ծախսի կերակրափողը փոխարինող խողովակը փոխելու համար: Իսկ այդ հնարավորությունը Գուրգենի ընտանիքը չունի: Ընտանիքի միակ աշխատողն ինքն է, աշխատավարձը հազիվ հերիքում է մանկական սննդին: Մոտ 30 հազար դրամ էլ փոքրիկ երեխային են նպաստ տալիս: 4 հոգանոց ընտանիքն ապրում է վարձով: Գուրգենն ասում է, որ այստեղից-այնտեղից հնարավորինս փող է հայթայթում (ռադիո եւ էլեկտրասարքավորումներ է վերանորոգում) ու հազիվ կարողանում ընտանիքը պահել: «Մեզ Աստված է պահում»,- ասում է նա` չմոռանակով, որ ծանր պահերին կողքին են եղել իր ընկերներն ու կոլեկտիվի անդամները. առավել ծանր պահերին իրենց աջակցությունն են ցուցաբերել ԼՂՀ փրկարար ծառայության պետ Վյաչեսլավ Առստամյանը, ծառայության ողջ կոլեկտիվը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, սոցապահովության, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունները: Կիսանկուղային, խոնավ պատերով մի սենյակում են ապրում Գուրգենը, կինը եւ երկու երեխաները` 6-ամյա Մարիամն ու փոքրիկ Էդուարդը: Վարձով Գուրգենն ապրում է 1996 թվականից, իսկ Ղարաբաղ էր եկել 1990 թվականին, երբ Արցախյան պատերազմի պատճառով նախընտրեց Բաքվից բռնագաղթած ընտանիքը թողնել Աբովյան քաղաքում եւ գալ Արցախ: Երկու ընկերներով եկան, մասնակցեցին պատերազմական գործողություններին, իսկ հրադադարից հետո Գուրգենը մնաց այստեղ: Նա մասնակցել է Ղարաբաղի տարբեր շրջաններում ընթացող մարտական գործողություններին, երեք անգամ վիրավորվել է` գլխից ու ոտքերից: «Երբ ընկերս զոհվեց այստեղ` երդվեցի մնալ ու չհեռանալ Ղարաբաղից, ու մինչեւ հիմա Ստեփանակերտում եմ, որն ինձ համար արդեն հարազատ է դարձել, իմ աչքի առաջ է այս քաղաքը պատերազմից հետո նորից ծնունդ առել»,- ասում է Գուրգենը: Երբ որոշեց ընդմիշտ մնալ այստեղ, երիտասարդ Գուրգենը չէր մտածում բնակարան ունենալու մասին: Այդպես էլ ամուսնացավ իրենից 8 տարով փոքր Էլմիրայի հետ, եւ մինչեւ հիմա ապրում են վարձով: Տան հարցն էլ է առաջնային այս երիտասարդ ընտանիքի համար, սակայն առավել կարեւոր է երեխայի առողջությունը: «Առանց տան ապրել եմ 15 տարուց ավելի, էլի կդիմանամ, բայց երեխայի վիրահատությունը սպասել չի կարող: Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինի 4-5 ամիս հետո»,- նշում է երեխայի հայրը: Գուրգենը հույս ունի, որ հովանավոր կգտնի երեխային վիրահատության տանելու համար Իսկ փոքրիկ Էդուարդը շարունակում է անհոգ ծիծաղել ու խաղալ քույրիկի` Մարիամի հետ: Երեխաներին, բնականաբար, չեն մտահոգում ոչ տան փոքրությունը, ոչ նկուղային հարկում լինելը, ոչ խոնավությունը եւ ոչ էլ ծնողների հոգսը: Հ.Գ. Փոքրիկ Էդուարդին օգնելու համար կարող եք գումարը փոխանցել այս հաշվեհամարին` «Արցախբանկ» 223008104653, Արզումանյան Գուրգեն Էդուարդի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter