HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոտրված ոտքով կինը մեկ տարի սպասում է բուժման իր հերթին

16_03-zabella1Արդեն մեկ տարուց ավելի 77-ամյա Զաբելա Ավանեսյանն օրվա մեծ մասն անցկացնում է աթոռին նստած, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում մեծ դժվարությամբ է կարողանում տեղաշարժվել: Պատճառը ծերությունը չէ: Մեկ տարի առաջ սայթաքել-ընկել է, վնասել աջ ոտքը ու մինչեւ օրս լիակատար բուժում չի ստացել: «Հետքի» հետ զրույցում նա պատմեց, որ բուժման նպատակով այցելել է Էջմիածնի հիվանդանոց, սակայն ստացիոնար բուժման համար պահանջել են մոտ 100 հազար դրամ:

«Իմ դրությունը ամբողջ Էջմիածինը գիտի, բայց ոչ մեկը չի աջակցում: Հիվանդանոցի տնօրինությունն էլ գիտի, որ ես միայնակ կին եմ ու այդքան գումար չունեմ: Ինձ անմիջապես հիվանդանոց պառկեցնելու փոխարեն առաջարկել են, որ իրենց մոտ հերթագրվեմ: Երբ հերթը հասնի, նոր միայն կպառկեցնեն: Մեկ տարի է` կիսամեռ վիճակով ապրում եմ, ի՞նչ է` մի այդքան էլ սպասեմ, թե երբ իմ հերթը հասնի, ավելի լավ է գնամ մեռնեմ, էլի»,- ասաց Զ. Ավանեսյանը: Զ. Ավանեսյանը ամսական ստանում է 23 հազար դրամ թոշակ եւ 10 հազար դրամ նպաստ ու այդ գումարով ի վիճակի չէ նույնիսկ դեղորայք գնել: «Արդեն ցավին չեմ դիմանում, քիչ է մնում` սողալով քայլեմ: Երբեմն ցավերս այնքան են ուժգնանում, որ ստիպված շտապօգնություն եմ կանչում, գալիս են, մի քանի դեղ են նշանակում, սրսկում են ու գնում, մի քանի ժամ հետո վիճակս էլի նույնն է: Հարեւաններս ձեռքս կրակն են ընկել, արդեն ամաչում եմ, նրանք են ինձ համար գնումներ անում, իմ հարցերը լուծում, ես տանից չեմ կարողանում դուրս գալ»,- պատմում է Զաբելա տատը: Զ. Ավանեսյանը Ղարաբաղի ազատագրական պայքարի տարիներին ամուսնու ու եղբոր ընտանիքի հետ Հայաստան է գաղթել Ադրբեջանի Բաքու քաղաքից: «Մենք Բաքվի ամենահարուստ ընտանիքներից մեկն ենք եղել, շքեղ տուն ենք ունեցել, լավ ունեցվածք: Այդ ամենը թողեցինք թուրքերին ու մի կերպ փախանք Հայաստան: Ամուսինս ինձ թագուհու նման է պահել, Ադրբեջանում չի եղել մի ռեստորան, որ ինձ տարած չլինի: Մենք տանը մսեղենից, թարմ աղցաններից բացի այլ բան չէինք ուտում ու հիմա չեմ կարողանում մակարոն ուտել, երբեք չեմ կերել»,- պատմում է Զ. Ավանեսյանը: Երկու տարի առաջ ամուսինը մահացավ, ու նա մնացել է միայնակ, քանի որ երեխաներ չունեն: «Երբ եղբայրս մահացավ, նրա երեք երեխաներին ես ու ամուսինս պահեցինք, իրենք հիմա Ղարաբաղում են ապրում: Սերոժիկս զանգում, ասում է` բաբուլյա, արի Ղարաբաղ, մեր տանը ապրի, բայց ես չեմ կարողանում գնալ: Այս տանը ամուսնուս հետ կապված շատ հիշողություններ ունեմ»,- նշեց տիկին Զաբելան: Մեր զրույցի ժամանակ նա մի քանի անգամ պատերը բռնելով մոտեցավ ամուսնու նկարին, ձեռքերը վեր բարձրացրեց ու, վերեւ նայելով, ամուսնուն խնդրեց, որ իրեն անտեր չթողնի եւ շուտ իր մոտ տանի: «Մենք շատ սիրով զույգեր ենք եղել ու հիմա առանց նրա չեմ կարողանում ապրել, մենակությանը սովոր չեմ: Որպեսզի նրա բացակայությունը շատ չզգամ, օրը մի քանի անգամ գալիս, նստում եմ նրա նկարի մոտ ու բարձրաձայն հետը խոսում»,-ավելացրեց նա: Նկարի հետ խոսելու սովորությունն ունի նաեւ առարկայական հիմք: Թեեւ տանը դրված էր սովետական արտադրության երկու հեռուստացույց, սակայն նրանցից ոչ մեկը չէր աշխատում, եւ Զաբելա տատը իր մտքերն ու վատ հիշողությունները ցրելու համար այլ զբաղմունք չունենալով` ստիպված ամուսնու կամ եղբոր երեխաների նկարների հետ է խոսում: Չնայած տարեց կինը մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում, բայց նրա տունը շատ կոկիկ էր, իրերը հավաքած էին, իսկ հատակը փայլում էր մաքրությունից: «Պետությունից ոչ մի օգնություն չեմ ստացել, թոշակի ու նպաստի գումարով մի կերպ յոլա եմ գնում: Ձմռան ամիսներին ամսեկան միայն 15-20 հազար դրամ էլեկտրաէներգիայի համար եմ ճարում: Ճիշտ է, շան օրի եմ ապրում, բայց հարեւաններիցս ոչ մեկը չի իմացել, որ օրերով ուտելու բան չեմ ունեցել: Ինձ համար ամոթ է, որ այս տարիքիս գնամ ինչ-որ մեկից մի 5000 դրամ փող ուզեմ, որ հաց առնեմ ուտեմ: Եթե ուրիշներից գումար ուզեմ, Աստված կասի` դու լավ էիր ապրում, հիմա ի՞նչ օրն ես ընկել»,- հուզվեց տիկին Զաբելան: Նրա ասելով` խորհրդային տարիներին բանկում մեծ չափի գումար է գցել ու հիմա չի կարողանում ետ ստանալ: Չքավորությունն իրեն ստիպել է վաճառել տան որոշ իրեր` սառնարան, կահույք եւ այլն: Վերջում Զաբելա տատն ինձ օրհնեց` ասելով, որ իր եղբորորդու` Սերոժիկի «բոյն ու բուսաթը» ունեմ ու, պատերը բռնելով, մինչեւ դարպասն ինձ ուղեկցեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter