HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրախտի դռները բա՞ց են մեր թռիչքների համար

Մարտի 13-ին Գոռը կդառնար 12 տարեկան: Սակայն հարազատները, ընկերները ծննդյան օրը կնշեն առանց նրա. օրեր առաջ Գոռին գտել են նկուղում կախված: «Շատ աշխույժ երեխա էր, սրտաբաց, բարյացկամ:

Առանձնապես մեծ հետաքրքրություն չուներ դասերի նկատմամբ, բայց կարգապահ աշակերտ էր, եթե դասարանում որեւէ հասարակական աշխատանք էր նախատեսվում, նա առաջիններից մեկն էր ոգեւորվում»,-պատանուն բնութագրում է դասղեկը` Մարգարիտա Մարությանը: Վերջինս պատմեց, որ Գոռը մի քանի օր դպրոց չէր հաճախել` հիվանդ էր, այդ օրն էլ ուզում էր շուտ գնալ, բայց ինքն արգելել է: Երկար դասամիջոցին միայնակ նստած էր վառարանի մոտ: «Մի քիչ զրուցեցինք, բայց որեւէ արտասովոր բան չեմ նկատել նրա վարքագծում»,- ասում է դասղեկը: Դասերից հետո Գոռն ընկերների հետ տուն է գնացել, այցելել մորը, ով հարեւանի տանը հաց էր թխում, վերանորոգել կրտսեր եղբոր հեծանիվը: Բայց մայրը դեռ հարեւանի տանն էր, երբ կատարվում էր ողբերգությունը: Վշտի մեջ սգացող մայրը հիմա չի կարողանում հիշել, թե առաջինն ով հայտնեց բոթը, բայց նաեւ չի հասկանում, թե ինչը կարող էր դրդել մշտապես ժպիտը դեմքին, խաղից երբեք չհոգնող երեխային: Հիշում է միայն, որ օրեր առաջ, երբ լուր է տարածվել հարեւան գյուղում մի պատանու ինքնասպանության փորձի մասին, տղան հարցրել է պապին, թե քանի րոպեում է մարդը մեռնում: Մոր պատմածով` պապն այդ մասին ասել է միայն դեպքից հետո: Մեր այցելության օրը չկարողացանք հանդիպել Գոռի հորը, ով ճանաչված տրակտորիստ է Ակներ գյուղում: Տանն անսովոր եռուզեռ էր, հարեւան սենյակից խոսակցության բարձր ձայներ էին լսվում: Կատարվածի մասին իրենց տարակուսանքը հայտնեցին նաեւ Գոռի հորեղբոր կանայք, ովքեր ամեն կերպ փորձում էին հետաքրքրվել, թե ինչի մասին էի խոսում որդեկորույս մոր հետ: Վերջինս սկզբում կցկտուր, հետո արդեն, ասես անգիր արած, կրկնում էր. «Չգիտեմ, չեմ հասկանում` ինչ եղավ»: Ականատեսների պատմածով` Գոռի թաղման օրերին անհասկանալի հանդարտություն, սակայն շրջապատի նկատմամբ ակնառու լարվածություն էր նկատվում Գոռի հարազատների շրջանում: Տղայի ինքնասպանությունն անհասկանալի է նաեւ ընկերների, ուսուցիչների համար, որոնցից ոչ ոք նախկինում որեւէ արտասովոր բան չէր նկատել երեխայի վարքագծում: Հասակակիցների համար թերեւս տարօրինակն այն էր, որ Գոռը սիրում էր բարձրություններից թռչել. եթե առու լիներ, նա չէր շրջանցում, անպայման ռիսկի էր դիմում ու փորձում ընկերներին էլ ոգեւորել: «Թռեք, որ դրախտ ընկնեք»,- ասում էր նա: Պատմում են միայն, որ հսկա տան մի հարկաբաժնում պարբերաբար մարդիկ էին հավաքվում եւ մինչեւ ուշ երեկո ներս ու դուրս անում: Դեպքին տեղյակ են նաեւ Գորիսի ոստիկանությունում, հարցաքննություններ են եղել, սակայն ինչպես ասաց Գորիսի ոստիկանության անչափահասների խմբի ավագ օպեր լիազոր Անդրանիկ Մինասյանը, նման դեպքերը սովորաբար չեն հաշվառվում որպես հանցագործություն: «Մարդն է, իր կյանքը, ոնց կուզի` կտնօրինի»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց նա: Նույն կերպ, բնականաբար, որեւէ գնահատական չի տրվում այդ դեպքից ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ ուրիշ պատանու ինքնասպանության փորձին, որը հրաշքով կանխվել էր: Երեւանի բժիշկների ջանքերով փրկվել էր 16-ամյա տղայի կյանքը` այնուամենայնիվ որոշ հետք թողնելով նրա առողջության վրա: Մայրաքաղաքից հեռու գտնվող ավանդական գյուղում ավելի դժվար է խոստովանել, որ ինչ որ խնդիրների պատճառով երեխադ նման քայլի է դիմել, սակայն դաժանն այն է, որ 21-րդ դարում հենց այդ քայլի դրդապատճառը կարող է սովորական հիվանդության մասին պատանու թյուր պատկերացումը լինել եւ այն, որ շրջապատում հարազատները, ընկերները շարունակ հիշեցնում են այդ մասին: Այս դեպքից մեկ ամիս առաջ կյանքին վերջ տալու փորձ էր կատարել 15-ամյա մի աղջնակ, որն ապրւմ է այդ գյուղից մի քանի կիլոմետր հեռու` ընկերուհուն թողնելով այս մակագրությունը «Մեզ բոլորը խղճում են, բայց չեն սիրում»: Եվ միայն դիպվածի շնորհիվ (նկուղը ցածր էր, աղջիկը` բարձրահասակ) նա չէր կարողացել ի կատար ածել մտադրությունը: Դպրոցում բարձր առաջադիմությամբ սովորող աղջկա համար այլեւս անտանելի էր կրել սոցիալական ծանր պայմանները: Ընտանիքի միակ կերակրողը մայրն էր, ով այդ օրերին համալրել էր գործազուրկների շարքերը, իսկ ծանոթ-բարեկամների կարեկցանքն արդեն վիրավորում էր ինքնասիրությունը: Դրան ավելանում էր ավագ եղբոր մշտական ծեծը, եւ աղջնակն այլ ելք չէր գտել: Իսկ երբ փորձը ձախողվել էր, շարունակել էր պնդել. «Մեկ է, մի օր լինելու է...»: Երեք օրինակ` ընդամենը մեկ ամսում, մի քանի կիլոմետր շառավղով բնակավայրերում: Երեք օրինակ, որոնց դրդապատճառները թեպետ տարբեր են, բայց մեր կյանքն են ներկայացնում: Չնայած ոստիկանական հաշվետվություններում դրանք որպես հանցագործություններ չեն որակվում (առաջին դեպքի առթիվ քննություն է կատարվում), այնուամենայնիվ, որքանո՞վ է արդարացված, թե մարդը կարող է իր կյանքի հետ վարվել ինչպես կամենա, մանավանդ, եթե դա երեխայի կյանք է: Գուցե հասարակությունն էլ է հավատում, թե դրախտի դռները բաց են մեր թռիչքների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter