Ալավերդու քաղաքապետարանը գնումները կատարում է քաղաքապետին պատկանող խանութների ցանցից
Քաղաքապետը ներկայացրեց բյուջեի հաշվետվությունը
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը մարտի 13-ին մամուլի ասուլիս էր հրավիրել` մամուլի միջոցով բնակչությանը ներկայացնելու քաղաքապետարանի 2008 թ. բյուջեի հաշվետվությունը: «Չնայած այս խառը իրադարձություններին, ես կասեի` 2008 թվականը Ալավերդու քաղաքապետարանի համար հաջող տարի էր` չհաշված ճգնաժամը»,- շեշտեց քաղաքապետը իր պաշտոնավարման մոտ 5 տարիների ընթացքում հրավիրած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:
Համայնքի բյուջեի 2008 թ. եկամուտները պլանավորվել են 389 մլն դրամ: Քաղաքապետը տեղեկացրեց, որ բյուջեի եկամուտների մուտքերը կատարվել են 87,8 %-ով, որը կազմում է 341,9 մլն դրամ: Ծախսային մասը կազմել է 87,6 %, այսինքն` 342,4 մլն դրամ: Թե այս գումարները որտեղ եւ ինչպես են ծախսվել` նա չներկայացրեց: «Մենք բյուջեի սեփական եկամուտներ նախատեսել էինք 136,3 մլն դրամ, որը կազմում էր բյուջեի եկամուտների 35%-ը, փաստացի կատարել ենք 84 մլն դրամ»,- տեղեկացրեց Ա. Նալբանդյանը: Թե ինչու է քաղաքապետարանը սեփական հարկային եկամուտները 52,3 մլն դրամով պակաս կատարել, եւ դրա արդյունքում բյուջեով նախատեսված որ ծրագրերն են տուժել, նա չմեկնաբանեց: «Մեր ցավոտ կողմը տարիներ առաջ կուտակված հողի եւ գույքահարկի պարտքերն են»,- ասաց քաղաքապետը եւ այստեղ էլ ընդհատեց խոսքը: Նրա ասելով` թեեւ կարող է մանրամասն ներկայացնել բյուջեի կատարումը, անգամ ըստ բնագավառների, սակայն առաջարկեց անմիջապես անցնել հարցերին, որպեսզի դրանց ավելի երկար ժամանակ տրամադրեն: Հարցուպատասխանի առաջարկը հակառակի պես չարդարացվեց, քանի որ ասուլիսին հրավիրված լրագրողների մեծ մասն անտեղյակ էր Ալավերդի համայնքի 2008 թ. բյուջեից եւ հարցեր չուներ քաղաքապետին: Քաղաքապետը ստիպված էր պատասխանել «Հետք»-ի հարցերին: Փորձեցինք Արթուր Նալբանդյանից նոր պարզաբանումներ ստանալ Ալավերդի համայնքի 2008 թ. բյուջեի մասին «Հետքի» հրապարակումների առնչությամբ: Ինչպես «Հետքը» ներկայացրել էր (տես հոդվածը` «Ինձ ինչիգ եք հարցնում, գնացեք ՀՀ կառավարությանը հարցրեք»,- ասում է սանահինցի Արմո Երիցյանը), 2008 թ. համայնքի բյուջեի բնապահպանական վճարներից շուրջ 9 մլն դրամ հատկացվել է Ալավերդի քաղաքի Սանահին եւ 12 մլն դրամ` Ակներ գյուղական թաղամասերում խմելու ջրագծերի կառուցմանը, սակայն ջուրն առ այսօր բնակիչներին չի հասել: Ինչու՞ ջրագծերի կառուցման նախագծերում չի նախատեսվել ներքին ցանցի վերանորոգումը, եւ արդյոք ջրագծերին հատկացված գումարներն անարդյունավետ ծախսումներ չե՞ն դիտվում, մեր հարցերին Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Իհարկե, անարդյունավետ չեմ համարում, ծրագրի նպատակը եղել է մեկը. նախ` պետք է ջուրը հասցնել գյուղեր, որից հետո մտածել ներքին ցանցի մասին: Սա շարունակական աշխատանք է, այս տարի իրականացվելու են շուրջ 20 մլն դրամի վճարովի հասարակական աշխատանքներ, որում ընդգրկված են նաեւ Ակներ եւ Սանահին թաղամասերի ջրագծերի ներքին ցանցերի վերանորոգման աշխատանքները: Աշխատանքների կատարման համար համայնքի բյուջեից ոչ մի կոպեկ ներդրում չի կատարվելու: Ներդրումները կատարելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Ինչ վերաբերում է ջրագծերին, իրոք, դեռ բնակչությանը ջուր չի հասնում, այդ ծրագրով չի կարող ջուր հասնել, որովհետեւ ծրագրի նպատակը եղել է մեկը` ջրի ակունքից ջուրը գյուղերի վերեւի ջրամբար հասցնելը: Ներքին ցանցը կվերանորոգվի բնակիչների ներդրումային մասնակցությամբ, ջուրը բնակարան պետք է հասցնի բնակիչը եւ ջուր կստանա ջրաչափ տեղադրելուց հետո»: Քաղաքապետը խոստացավ լուծել նաեւ գյուղերի ջրամատակարարման խնդիրը: «Ինչու՞ է քաղաքապետարանը համայնքի բյուջեի միջոցներով նախատեսված մինչեւ 50 մլն դրամի գնումները կատարում միայն քաղաքապետին պատկանող «Կատա» խանութների ցանցից» հարցին ի պատասխան` Ա. Նալբանդյանն ասաց. «Ես, քանի որ, ասեմ, դա ինչպես է տեղի ունենում: Դուք, ինչպես գիտեք, ուրեմն, նախապես հայտարարվում է մրցույթ, որին կարող է մասնակցել ոչ միայն «Կատա» խանութը, այլեւ բոլոր այն խանութները, որոնք իրավունք ունեն նման սպասարկում անելու, եւ բոլորն էլ հայտարարությունը կարող են կարդալ, գալ մասնակցել մրցույթին: Իհարկե, մրցութային հանձնաժողովն արդեն կորոշի, թե ով պետք է այդ ծառայությունը մատուցի քաղաքացիներին: Հիմա վերջին տարիներին (իր` քաղաքապետ աշխատած տարիներին, այդ թվում նաեւ 2008 եւ 2009 թթ.-Լ.Փ.) շահել է «Կատա» առեւտրի տունը, երեւի հանձնաժողովը կարող է ավելի պարզաբանում տալ, թե ինչի է շահել հենց «Կատա» առեւտրի տունը, այլ ոչ թե մի այլ կազմակերպություն: Եթե հայտով դիմեր մի ավելի լուրջ կազմակերպություն, ես համոզված եմ, որ անպայման նա կշահեր»: «Հետք»-ի այն հարցին, թե դեռ որքան պետք է Ալավերդու կենցաղային աղբը թափվի «Դեբեդ» գետը, քաղաքապետը պատասխանեց, որ ինքն այդ հարցին սպասում էր, որովհետեւ այն համարում է քաղաքի թիվ 1 խնդիրը: «Ավագանին արդեն որոշում է կայացրել Մադան թաղամասում աղբավայրի համար 4,6 հա հողատարածք հատկացնելու մասին: Բայց քանի որ աղբավայր կառուցելու համար լուրջ մասնագիտական փորձագիտական եզրակացություններ են պետք, հիմա մենք այդ փուլում ենք, աշխատում ենք միջազգային կառույցների հետ, որպեսզի ֆինանսավորման տարբերակ գտնենք: Փորձագիտական եզրակացություններ մի քանի ամիս հետո լիցենզավորված կազմակերպություններից կստանանք: Ասեմ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր դրական եզրակացությունն արդեն տվել է հատկացված հողատարածքի համար: Մեզ մնում է ֆինանսներ հայթայթել: Մենք արդեն բնապահպանության եւ առողջապահության նախարարություններին ենք ներկայացրել 2010 թ. բնապահպանական ծրագրերի փաթեթը, որտեղ բնապահպանության գծով տրամադրվող մեծ գումարը հատկացվելու է աղբավայրի կառուցմանը: Չնայած նախնական հաշվարկներով աղբավայրի կառուցումը կկազմի 200 մլն դրամ, մենք մեզ տրամադրված բնապահպանական վճարների 50-60 %-ը կհատկացնենք աղբավայրի ստեղծմանը»,- ասաց քաղաքապետը: Քաղաքապետը մեկնաբանեց նաեւ, թե ինչու ինքը բյուջեի 150 մլն դրամ ապառքներից հարկային եկամուտներ չի նախատեսել: «Գույքահարկի եւ հողի հարկի հավաքագրումը նույնիսկ մինչեւ 50 % չենք ապահովում: Կառավարությունը շատ լուրջ ուշադրություն է դարձնում համայնքների սեփական եկամուտներին եւ խիստ մոտեցում ունի` ներդրումներ չեն կատարվի այն համայնքներում, որտեղ սեփական եկամուտների տոկոսը շատ ցածր է: Շատ ճիշտ եք նկատել, բայց մենք սրանով մեր եկամուտների կատարման գծով մի քանի համայնքներից ետ էինք մնում, փորձել ենք ավելի իրատեսական մոտեցում ունենալ, այս դեպքում տարեվերջում կունենանք հարկահավաքության ոչ թե 50, այլ 80-85 %, որը մեզ համար նույնպես ցուցանիշ է, եւ չենք կորցնի կառավարության կողմից մեզ տրվելիք ներդրումները: Իսկ ինչ վերաբերում է 150 մլն դրամ ապառքներին, պիտի ասեմ, որ գումարի մի մասն իրականությանը չի համապատասխանում: Դրանց վրա աշխատում ենք եւ ճշտումներ ենք կատարում: Մեկ-երկու տարի կաշխատենք, որպեսզի բերենք 90 % ճշտության»: Ասուլիսի վերջում քաղաքապետ Արթուր Նալբանդյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին քաղաքապետարանը կունենա իր ինտերնետային էջը, որի նպատակը քաղաքապետարանի թափանցիկ աշխատանքի ապահովումն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել