HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Քասախի նախկին գաղութի տարածքում բնակվող փախստականները 21 տարի է սպասում են «համաներման»

16_03-kasakh

Կոտայքի մարզի Քասախ գյուղի նախկին ուղղիչ-աշխատանքային գաղութի տարածքում արդեն 21 տարի  է ապրում են փախստականների մոտ 50 ընտանիքներ: 1988 թ. Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից գաղթած ադրբեջանահայերին ժամանակավորապես տեղավորել են գաղութի տարբեր նշանակության շինություններում` խոստանալով սեղմ ժամկետներում լուծում տալ նրանց բնակարանային խնդիրներին:

Տարրական կոմունալ պայմաններ չունեցող վթարային շենքերում ապրող փախստականները մինչ այսօր էլ հույսով սպասում են այն օրվան, երբ իրենց «համաներում կշնորհվի» ու կազատվեն իրենց բաժին ընկած կենցաղային ծանր պայմաններից:

16_03-rosa«Կոյուղագծի խողովակները պայթած են կամ ընդհանրապես չկան, շատ տեղերում տանիքները նորմալ չեն, ջուրը կաթում է ամենուրեք, խմելու ջուր չունենք տանը, երեխաներն ինչ ապագա կարող են ունենալ աղբի, առնետների, խոնավության մեջ մեծանալով: Ամառն ընդհանարապես այստեղ հնարավոր չէ շնչել, սարսափելի հակահիգենիկ վիճակ է, բոլորը հիվանդանում են»,- մեկ շնչով բոլորի խնդիրներն է ներկայացնում բաքվեցի 45-ամյա Ռոզա Ադամյանը:

Տիկին Ռոզան Քասախում հայտնվել է ծանոթների համառ ջանքերի շնորհիվ բնակարան ստանալով: Նա ոչ ֆորմալ կերպով ընտրվել է Քասախի փախստականների ներկայացուցիչ, ով տարբեր պաշտոնյաների մոտ բարձրաձայնում է իրենց խնդիրների մասին:

Ճանաչում է Քասախի բոլոր փախստականների ընտանքիներին և ամենայն մանրամասնությամբ կարող է պատմել նրանց կյանքի ու խնդիրների մասին` համեստորեն լռելով սեփական սոցիալական խնդիրների մասին:

Ռոզա Ադամյանն իր երկու անչափահաս աղջիկների հետ ապրում է նախկինում վարչական սենյակ ծառայած մի «բնակարանում»: Սենյակն այնքան փոքր է, որ տան իրերն իրար վրա են դարսում, որ հնարավոր լինի շարժվել սենյակում, իսկ երբ վերևից սկսում է կաթել, ստիպված են լինում տան միակ անկողինն էլ տեղաշարժել, որ հետո հնարավոր լինի քնել:

Ընտանիքի միակ եկամուտը «Փարոս» ծրագրով տրամադրվող 23000 դրամ թոշակն է և այն չնչին գումարը, որ տիկին Ռոզան ձեռք է բերում ուրիշների տանը գործ անելով:

«Մշտական աշխատանք գտնել չեմ կարողանում, քանի որ նախ ասում են` հայերեն չգիտես, բացի այդ, չեմ կարող գրանցել որպես աշխատող, քանի որ կզրկվեմ «Փարոս» ստանալու հնարավորությունից: Եթե պիտի առավոտից մինչև երեկո տանջվեմ ու արդյունքում 23000 դրամից մի քիչ ավել վաստակեմ կամ չվաստակեմ ու զրկվեմ «Փարոսից, ապա իմաստը որն է»,- հարցնում է Ռոզա Ադամյանը:

Տիկին Ռոզան դեռ հիշում է այն օրերը, երբ ինքն ու մայրն ապրում էին Բաքվում, որտեղ ծնվել ու մեծացել է: Տիկին Ռոզան պատմում է, որ երբ Բաքվում սկսվեցին խժդժությունները, ինքն աշխատում էր Ճանապարհորդությունների բյուրոյում, որտեղից իրեն արձակուրդ են տվել, որ աշխատանքային ստաժը չկորչի և ինքը եկել է Հայաստանի Ճանապարհորդությունների բյուրոյում աշխատելու: Չնայած Հայաստանի բյուրոյում համաձայնել են նրան ընդունել աշխատանքի, սակայն շուտով բյուրոն մասնավորեցվել է, ու ինքը մնացել է առանց աշխատանքի: Ռ. Ադամյանը պատմում է, որ Բաքվում իրենց հարևանների և արմատներով բաքվեցիների հետ իրենք երբևէ խնդիրներ չեն ունեցել:

«Մենք որտեղ որ ապրում էինք, հայկական թաղամաս էր, հայեր էին ապրում, ադրբեջանցիները շատ քիչ էին, բայց Հայաստանից եկած ադրբեջանցիները և շրջաններից եկած ադրբեջանցի գյուղաբնակները բողոք բարձրացրին, ասում էին` մենք արմատներով ադրբեջանցի ենք, մենք չենք կարողանում Բաքվում ապրել, իսկ հայերըը լավ աշխատանք ու լավ տներ ունեն»,- հիշում է նա:

Տիկին Ռոզայի ասելով` մայրը հույս ուներ, որ վիճակը կհանդարտվի ու իրենք ստիպված չեն լինի փախչել Բաքվից: Բայց երբ իրավիճակը սրվել է, ստիպված են եղել շտապ գալ Հայաստան ` չհասցնելով վերցնել տան իրերը կամ բնակարանը փոխել արդեն Բաքվում գտնվող Հայաստանից եկած ադրբեջանցիների հետ, ովքեր նման առաջարկ էին արել:  Քասախում հայտնվել է ծանոթների համառ ջանքերրի շնորհիվ գաղութի այդ բնակարանը ստանալով: «Այսպես տանջվում ու հույսով սպասում ենք, որ քիչ է մնացել, շուտով նորմալ պայմաններում կապրենք, մայրս սպասեց, սպասեց և այդպես էլ մահացավ 2002 թ.-ին»,- ասում է նա:

16_03-mariaԲաքվեցի Մարիա Ավանեսյանը շատ պատկերավոր է հիշում, թե ինչ էր կատարվում Բաքվում 1988 թ.-ի վերջերին. «Երկու տղաներիս տարել էի մանկապարտեզ, մյուսին` դպրոց, երբ հետո գնացի մանկապարտեզ տղաներիս վերցնելու, մանկապարտեզը շրջապատված էր տանկերով, դռների վրա փակցված էին բոլոր հայ երեխաների անունները, և ներսում ոչ մեկը չկար: Երկար փնտրեցի տղաներիս, երբ իմացա, որ ադրբեջանցի դայակաները նրանց թաքցրել են նկուղում և ետևի դռնից գաղտնի հանձնում են ծնողներին: Ադրբեջանցի մի տղա, ում մայրը ռուս էր, երեխայիս թաքցրել էր թփերի ետևում ու այդպես գտա նրան, բայց մեր հարևանությամբ արդեն ապրում էին Հայաստանից եկած ադրբեջանցիներ, որոնք սպառնում ու ծեծում էին մեր երեխաներին: Չդիմանալով` դեկտեմբերի 2-ին մենք եկանք Հայաստան»:

Մարիա Ավանեսյանը հիշում է նաև, որ ադրբեջանցիները վառում էին այն իրերը, որոնք իրենք բեռնել էին ու պատրաստվում էին բերել իրենց հետ: Երբ Ավանեսյանների ընտանիքը ժամանել է Հայաստան, նրանց տեղավորել են Կիրովականում: Սակայն 5 օր անց տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժը, ինչի արդյունքում Մարիայի ավագ որդին գանգուղեղային վնասվածք է ստացել: «Երկար բուժումից հետո 2002 թ., այնուամենայնիվ, ես նրան կորցրի»,-հուզմունքը չթաքցնելով`

պատմում է նա:

16_03-maria-1Երկրաշարժից հետո նրանց տեղավորել են Քասախում: Մարիա Ավանեսյանը ամուսնու և որդու հետ ապրում է մի շենքի նկուղում` զրկված նույնիսկ բնական լույսից: Նրանց տուն տանող միջանցքը լցված է կոյուղաջրերով, իսկ հոսանքալարերը կախված  են պատերից, գետնից քիչ բարձր: Ինչպես և փախստականներից շատերի տներում` այստեղ էլ պատերը սևացած են ու ճաքճքած, առաստաղից ջուր է կաթում, պատերը միշտ խոնավ են:

Մարիայի մյուս որդին զինվորական է. 3 երեխաների և կնոջ հետ վարձով ապրում է Շուշիում. «Նրանք գալիս են, մեկ ամիս ապրում են այստեղ, հիվանդանում այս խոնավությունից, նորից գնում են, այնտեղ բուժվում: Այստեղ երեխա մեծացնել հնարավոր էլ չէ, 3-րդ թոռնիկս էլ նոր է ծնվել»,- ասում է Մ. Ավանեսյանը: Մարիան չի աշխատում, իսկ որդին ու ամուսինը մշտական աշխատանք չունեն:

«Փետրվարի 27-ն էր, մեր բարեկամը զանգեց, ասաց` տնից դուրս չգաք, գործկոմի շենքի մոտ թուրքերը միտինգ են անում, չհասկացանք` ինչ է եղել, բայց տնից դուրս չեկանք:  Առավոտյան գնացի աշխատանքի, մեր ղեկավարն ասաց` Ռայա, գնա տուն: Եկա տուն, դուռը փակեցինք ու այդպես մնացինք մինչև երեկո, երեկոյան երկու ավտոմեքենա կանգնեց մեր դռան մոտ»,- հիշում է Սումգայիթից  մի կերպ փախած 75-ամյա Ռաիսա Առուստամյանը: Նա ապրում էր ամուսնու, աղջկա, տղայի, հարսի ու թոռների հետ: Ռ. Առուստամյանն ասում է, որ եթե իրենց ադրբեջանցի հարևանները չլինեին, ովքեր իր ընտանիքի անդամներին առանձին-առանձին թաքցրել են իրենց տներում, ապա ոչ մեկն այսօր ողջ չէր լինի:

16_03-raisa«Կապույտ-սև շորեր հագած, կապույտ-սպիտակ դրոշակնեը ձեռքներին` թուրքերը գոռում էին՝ մա'հ հայերին, քարեր էին շպրտում մեր տան վրա, չնայած մեր հարևաններն ասացին նրանց, որ այստեղ հայեր չկան, նրանք գիտեին, որ այս շենքում մենք ու էլի մի հայ ընտանիք է ապրում: Նրանք ԺԵԿ-ից իմանում էին` որտեղ են ապրում հայերը, ստիպված տան բանալին տվեցինք վերևի ադրբեջանցի հարևանին ու փախանք Հայաստան` առանց տան իրերը վերցնելու, նրանք մեր գնացքն էլ էին քարկոծում»,- պատմում է տիկին Ռաիսան:

Ռ. Առուստամյանը արցունքն աչքերին հիշում է, որ Հայաստան հասնելուց մի շաբաթ անց իր թոռնիկներից մեկը մահացել է, չնայած իրենց շատ լավ են ընդունել ու տեղավորել Աղվերանի պանսիոնատներում`ապահովելով ամեն ինչով:

«Թոռս հիվանդ էր, վախից, ցրտից երեխան մի շաբաթից մահացավ, դա իմ առաջին կորուստն էր, եթե մնար, արդեն 24 տարեկան կլիներ»,- պատմում է տիկին Ռաիսան: 6 ամիս անց ընտանիքը 4 սենյականոց բնակարան է ստացել Սպիտակում, բայց երկրաշարժը «քարը-քարի վրա չի թողել», և այս ընտանիքն էլ հայտնվել է Քասախում: Երկրաշարժից տիկին Ռաիսան կորցրել է դեռ չծնված թոռնիկին, հետո էլ ամուսինն է մահացել:

«Ասացին` այստեղ ժամանակավոր ապրեք, մենք ձեզ տեղավորելու ենք ու 21 տարի է մեզ տեղավորում են: Խոհանոցում 6 հոգի մարդ կապրի՞, այստեղ եփի, այստեղ կեր, այստեղ քնի, տան տակն էլ ամբողջը ջուրա, այս խոնավության մեջ մի կերպ ապրում ենք», - ասում Ռ. Առուստամյանը: Տիկին Ռաիսայի խոսքերով` եկողներից ոչ ոք երբեք իրենց չի մերժում, չեն ասում` չենք տալու:

«Գալիս են, գնում են, ասում են` տեղավորելու ենք, 2006 թ. եկան, ասացին, որ նախագահի հրամանն է, փախստականներից ով սենյակները չի սեփականաշնորհել, նրանց տուն են տալու կամ փող են տալու տուն առնեք, մենք էլ ուրախացանք, նոյեմբերին կանչեցին, գնացինք, մտածում էինք` եթե ինձ ու տղայիս որպես առանձին ընտանիքներ տրված գումարները միացնենք, մի բնակարան կկարողանանք գնել, 25 հազարով մի տուն աչքներիս տակ ունեինք այստեղ, բայց 7000 դոլար ինձ տվին, 9000 էլ տվին տղայիս, այսինքն` մեզ ընդհանուր 16 000 հազար տվին, բա 8 հազարը որտեղից գտնեինք»,-հարցնում է տիկին Ռաիսան: Նրանց նաեւ առաջարկել են գնալ գյուղերում տուն գնել: «Թոռս մահացավ, ամուսինս մահացավ, ես 2 տեղ գերեզման ունեմ, 3-րդ գերեզմանը որտեղ պիտի լինի, թող տուն սարքեն, տան կամ հարմար գումար տան` ժողովուրդը գնա, տուն առնի, իրենց տված գումարով ես առնվազն մի գոմ կառնեի, ես հո 18 տարեկան չեմ, որ գնամ գյուղում տուն առնեմ, գյուղատնտեսությամբ զբաղվեմ, երեխեքս էլ էստեղ աշխատում են, ինչ անեմ, փառք Աստծո, օրվա հացն ունենք, բայց երբ ենք մարդավայել ապրելու»,- գանգատվում է Ռաիսա Առուստամյանը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter