Սեփական տանը անօթեւանի նման են ապրում
«Օր է լինում` ընդհանրապես ուտելու բան չենք ունենում, եթե հարեւաններս մի բան տալիս են, առաջին հերթին փոքրերին ու դպրոցական երեխեքիս եմ տալիս, որ ուտեն, ուժ ունենան, դպրոցում ուշագնաց չլինեն: Մենք մեծ ենք, սովին մի կերպ կդիմանանք»,- ասում է 8 երեխաների մայր Չինար Բարսեղյանը: Բարսեղյանների ընտանիքում ապրում է 10 անձ՝ Աշոտ եւ Չինար ամուսինները ու նրանց 8 երեխաները, որոնցից 4-ն անչափահաս են: Ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում եւ գոյատեւում են 42 հազար դրամ նպաստով:
Կահույք ու պահարաններ չունենալու պատճառով նրանց հագուստները թափված են մահճակալներին: Աթոռներից հերթով են օգտվում` 10 հոգի են, բայց 4 աթոռ ունեն, սեղանն էլ փոքր է, ոչ բոլորն են տեղավորվում դրա շուրջը: Երբ մտանք, տիկին Չինարը վառարանի վրա կարտոֆիլ էր խաշում: Նա ասաց, որ տանը ուրիշ բան չկա, երեխաներին պետք է կերակրի միայն խաշած կարտոֆիլով: Երեխաները մահճակալներին նստած` սպասում էին կարտոֆիլի խաշվելուն: Ամենափոքրը՝ 4-ամյա Վիկտորը, դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում: Վատառողջ էր 12-ամյա Արուսյակը: Նա ասում է, որ սոված է, ու փորը դրանից ցավում է: Իսկ մոր ասելով` Արուսյակը լուրջ հիվանդ է, բայց հնարավորություն չունեն նրան հիվանդանոց տանելու: Աղջիկը շատ նիհար էր, իսկ հասակը` տարիքի համեմատ կարճ:
Ընտանիքի հայրն, ասես, ամաչում էր, երբ կինն իրենց խնդիրների մասին էր պատմում: Նա թողեց դուրս եկավ տանից: «Ես ու ամուսինս երեխաներ շատ ենք սիրում, բայց 8 երեխա ունենալը նույնպես գումարի հետ էր կապված եւ այդքան երեխաներ չէինք նախատեսել: Ճիշտ է, շատ երեխաներ ունենալը լավ է, բայց նրանց պահելու համար գումար է պետք: Եթե փող ունենայինք, բժշկական միջամտությամբ կընդհատեի հղիությունս եւ 8 երեխա չէինք ունենա»,- սոցիալական վատ պայմաններում 8 երեխա ունենալը փորձում է բացատրել Չինար Բարսեղյանը: Պետական զանազան այրեր տարբեր առիթներով անընդհատ թմբկահարում են, որ մեր երկրում բազմազավակությունը խրախուսվում է, սակայն այս ընտանիքը երբեւէ պետության աջակցությունը չի զգացել, տարվա մեջ ընդամենը 1-2 անգամ Էջմիածնի քաղաքապետարանն է գումարով նրանց օգնում: Ժամանակին նաեւ «Կարմիր խաչից» են ծանրոցներ ստացել, բայց 3 տարի է աջակցությունը դադարեցվել է: Չինարի ասելով` մոտ 100 հազար դրամի խանութներում պարտք ունեն՝ հաց ու սննդամթերք են գնել: Զրույցի այդ պահին նրանց տուն եկավ հարեւանուհիներից մեկը՝ Կարինե Մկրտչյանը: Բարսեղյանները նրան նույնպես պարտք են: «Հացի գործարանում եմ աշխատում ու աշխատավարձի փոխարեն ինձ հաց են տալիս, ես էլ այդ հացը վաճառում եմ: 3 ամիս է Չինարն ինձնից հաց է առել ու փողը չի տվել: Նրա դրությունը հասկանալով` չեմ խեղդում պարտքը ուզեմ, բայց ես էլ ընտանիք, երեխա ունեմ, ինչքա՞ն կարող եմ սպասել: Միեւնույն է` էլի նրան հաց տալիս եմ, որովհետեւ եթե չտամ, երեխաները սովից կկոտորվեն»,- ասաց Կարինե Մկրտչյանը: Երեխաներից երեքը դպրոցական են: Սակայն կասկածի տակ է նրանց դպրոց գնալու հարցը, քանի որ երեխանեըը հագուստ չունեն: Ընտանիքը չի կարողանում նաեւ 3 երեխայի համար գիրք ու տետր գնել:
Հարեւանները պատմում են, որ երեխաներն ապակե տարաներ ու գունավոր մետաղներ գտնելու ակնկալիքով ամեն օր աղբանոց են գնում, մի քանի շիշ են հավաքում, տանում հանձնում են կրպակներին ու հացի գումար վաստակում: «21-րդ դարում նման կյանքով ապրելը պարզապես անմարդկային է: Նրանց ապրելը ապրել չի, երեխաները մեղք են»,- ասաց հարեւանուհիներից մեկը` Անահիտ Հայրապետյանը: Իրոք, Բարսեղյանները հեռու են ոչ միայն 21-րդ դարի վայելքներից, այլեւ զրկված են նույնիսկ տարրական պայմաններից: Տունը, որտեղ ապրում են, կիսակառույց է, պատերը գաջած չեն, իսկ հատակը բետոնապատ է: Մեր այցելության պահին տունը ծխի մեջ կորել էր, քանի որ վառարանի մեջ վառում էին` ինչ ձեռքներն ընկներ՝ պլաստմասե իրեր, ավտոմեքենայի անվադողերի կտորներ, պոլիէթիլեն եւ այլն: Տան ծուխը երեխաների վրա էր նստել եւ ոտքից գլուխ մրվել էին, օճառ էլ չունեին, որ լվացվեին: Ընդամենը 3 փոքր սենյակ, որից 2-ը որպես ննջասենյակ էր օգտագործվում: «Երեխեքս արդեն մեծ են, պայմաններ չունենք ու ստիպված մի մահճակալին 2-3 հոգով ենք քնում: Հասուն երեխեք են, բայց քույր ու եղբայր իրար հետ են քնում: Երեկ էլ հագուստների միջից 5 հատ կարիճ եմ սատկացրել, երկու անգամ էլ փոքր տղաս է կարիճի կծելուց փրկվել»,- պատմում է Չինարը: Քանի որ կոմունալ ոչ մի հարմարություն չունեն, տիկին Չինարի ասելով` իրենք ձմռանը գրեթե չեն լողանում. «Դրսում ենք լողանում, իսկ ձմռանը ցուրտ է, դրսում լողանալ չի լինի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել