HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Սփյուռքահայերը Հայաստանում օտարերկրացի են

Նոր տարուց երկու օր առաջ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Հրանդը վայր է ընկել եւ ստացել ոտքի վնասվածք: «Սառույցի վրա քայլելիս սահեցի եւ ընկա, ոտքս ջարդվեց, գնացինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

Տաքսիով գնացինք, քանի որ ընկերներս խորհուրդ տվեցին շտապ օգնություն չկանչել՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար»,- պատմում է Հրանդը, ով արդեն երկու տարի ապրում ու աշխատում է Երեւանում: Բժշկական կենտրոնում ախտորոշվեց` աջ սրունք-թաթային զույգ պճեղների փակ բեկորային կոտրվածք` տեղաշարժով: «Խորհուրդ տվեցին, որ վիրահատենք եւ բեկորները ի մի բերենք երկաթի միջոցով»,- պատմում է Հրանդը: Հունվարի 6-ին ողնուղեղային անզգայացման տակ կատարվել է վիրահատություն` օստեոսինթեզ մետաղական հարթակով եւ պտուտակներով: Վիրահատությունից հետո Հրանդը մնաց հիվանդանոցում մինչեւ հունվարի 13-ը: «Տոնական ժամանակահատված էր եւ շատ մարդ էլ չկար, մանավանդ` հաշվապահական կողմում: Բժիշկը պատահաբար մտավ եւ ասաց, թե արդյոք ես գիտեմ, որ իմ «հիվանդության պատմության» թերթիկի վրա գրել են այս մեծ գումարը` 750,000 դրամ: Նա ասաց` որ տեղյակ լինեք, զգուշացնում եմ: Պաշտոնապես ամբողջ հաշվապահությունից ոչ մեկը ինձ չէր ծանոթացրել վճարման կարգին, որպեսզի իմանամ, թե ինչի համար այդքան շատ պետք է վճարեմ: Միայն խոսքով ասացին, թե քանի որ Հայաստանի քաղաքացի չես, դիտվում ես որպես օտար, ապա պետք է մուծես հնգապատիկ ավելի»,- հիշում է տուժածը: Վիրահատության համար գանձված 750,000 դրամով հարցը չի ավարտվել: Հրանդը 42,000 դրամ վճարել է սենյակի (օրական երեք հազար դրամ) եւ մի քանի հազար էլ` այլ մանր-մունր ընթացիկ բժշկական ծառայությունների համար: Սփյուռքահայի ոտքի վնասվածքն արժեցավ շուրջ 850,000 դրամ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացուց նույն ծառայությունների համար կգանձվեր 150,000 դրամ` որպես գանձարկղի վճար: «Գլխավոր բժիշկն էր Օրգուսյանը, որի հետ ընկերներս նախքան վիրահատությունը գնացին բարեխոսելու, ասաց, որ վիրահատությունից հետո գումարի մասին կխոսենք, ուստի որոշեցինք մնալ: Վիրահատությունից հետո էլ բաժանմունքի վարիչի հետ խոսեցի եւ ասացի, թե ելք չկա, պետք է մի քիչ պակասեցնել գումարը, ասացին, որ օրենքով է այդպես, նրանք (գլխավոր տնօրինությունը) սպառնացին, թե գումարը պակաս վճարելու դեպքում ոստիկանություն կդիմեն: Երբ ասացինք, թե դուրս կգանք, բաժնի պետը եկավ եւ թե' Հայաստանի, թե' ԱՄՆ անձնագրերս ուզեց: Նրանք ուզեցին իրենց մոտ պահել, որ ես դուրս չգամ: Որպես պատանդ հայկական անձնագիրս վերցրին, վճարելուց հետո տվեցին ինձ»,-պատմում է Հրանդը եւ ավելացնում, որ ինքը երկու տարի է բնակվում է Երեւանում, բացի այդ էլ` 10 տարվա կացության հատուկ կարգավիճակ ունի, որը միայն վիզայի խնդիրն է լուծում, քանի որ մեկ այլ պարագայում դրա գոյությունը հաշվի չի առնվում: Նշենք նաեւ, որ Հրանդը ՀՀ հարկատու է, իր ստացած աշխատավարձից նա հարկեր է վճարում պետությանը: «Հիվանդանոցում խորհուրդ տվեցին դիմել երկքաղաքացիություն ստանալու համար, որպեզսի 5 ամիս հետո, երբ գնամ երկաթները հանելու, 5 անգամ ավելի չվճարեմ, այսինքն` երկաթները հանելը տեղացու համար 60 հազար դրամ է, իսկ ինձ համար` 300000: Պետք է փորձեմ այլ հիվանդանոց գտնել, օրինակ` Էրեբունի հիվանդանոցում ասացին, թե նույնը կանեն ավելի քիչ գումարով»,- պատմում է Հրանդը: Այս հարցով Հրանդը Սփյուռքի եւ Առողջապահության նախարարություններ չի դիմել: Մենք փորձեցինք Սփյուռքի նախարարությունից պարզել, թե որքանով էր օրինական եւ բարոյական սփյուռքահայի նկատմամբ նման վերաբերմունքը: «Յուրաքանչյուր սփյուռքահայի տուն համարվող» նախարարության իրավաբանական բաժնի պետ Համլետ Աղոյանը մեզ ասաց, թե ժամանակ չունեն մեր հարցերին պատասխանելու: Խնդրեցին հարցերը ներկայացնել գրավոր: Գրավոր հարցմանը պատասխան ստացանք ուշացումով, որտեղ նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը մեկ նախադասությամբ գրել էր. «Սփյուռքի նախարարությունը դիմել է Առողջապահության նախարարություն»: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ուղղված հարցերին, թե ինչ իրավունքներ եւ արտոնություններ ունի 10 տարվա կացության հատուկ կարգավիճակ ունեցող սփյուռքահայը, ինչ կարգով են լուծում տրվում սփյուռքահայերի առողջական խնդիրներին, ինչպես է աջակցում Սփյուռքի նախարարությունը նման դեպքերում, որպես պատասխան մեզ տրվեց իրավական նորմերի մի փաթեթ, ըստ որի` սփյուռքահայը նույն օտարերկրացին է, եւ նրա իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով: Այս պարագայում գուցե հարց առաջանա` եթե սփյուռքահայը նույն օտարերկրացին է, ինչ անհրաժեշտություն կա, որ գործի Սփյուռքի նախարարությունը: Ստեփան Պետրոսյանը, երեւի ակնկալելով, որ իրենց պատասխանից հետո նման հարց կծագի, գրել է. «Սփյուռքի նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում սփյուռքահայերի` ՀՀ-ում կացության կարգավիճակի, նրանց երկքաղաքացիություն ստանալու եւ ուսման հետ կապված խնդիրների լուծման օժանդակության հարցերը: Ներկայումս նախարարությունը մի քանի օրենքներում եւ Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծեր է մշակել եւ քննարկման դրել, որոնք ուղղված են սփյուռքահայերի կարգավիճակի ձեռքբերման գործընթացի բարելավմանը եւ սփյուռքահայերի ուսման վարձավճարի նվազեցմանը»: Առողջապահության նախարարությունից մեզ պատասխանեց նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը. «ՀՀ օրենսդրության մեջ չի օգտագործվում «սփյուռքահայեր» եզրույթը, կիրառվում է միասնական «օտարերկրացի» եզրույթը: Հայաստանում գտնվող օտարերկրացիները իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում, որոնք տարբեր պետությունների քաղաքացիների համար կարող են տարբեր լինել»: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը համարվում է ՓԲԸ, իսկ ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի` վճարովի ծառայությունների գները, ինչպես նաեւ առանձին հիվանդությունների եւ ծառայությունների գներ, բժշկական կենտրոնը որոշում է ինքնուրույն: «Առողջապահության նախարարության կողմից բժշկական հաստատությունների վճարովի բժշկական եւ սպասարկման գների վերաբերյալ առանձին քաղաքականություն չի կիրառում: Նախարարությունը հաստատում է միայն այն բժշկական հաստատությունների վճարովի ծառայությունների գները, որոնց հիմնադիրը ինքն է»,- գրել է փոխնախարար Հայկ Դարբինյանը: Առողջապահության նախարարությունը ոչ միայն գնային քաղաքականության հետ «գործ չունի», այլեւ` մատուցված բժշկական ծառայություններից դժգոհ սփյուռքահայի. «Բժշկական օգնություն ստանալու ընթացքում առաջացած դժգոհությունները կամ որոշակի խնդիրները կարգավորելու նպատակով օտարերկրացին կամ սփյուռքահայը կարող է դիմել փակ բաժնետիրական ընկերության տնօրենին, վերադաս մարմնին` հիմնադրին, իսկ խախտված իրավունքների վերականգնման համար կարող է դիմել դատարան»,-ասում է Հայկ Դարբինյանը: Հրանդն էլ ասում է, որ պետք է շուտափույթ կերպով երկքաղաքացիություն ձեռք բերի, որպեսզի երկրորդ անգամ ստիպված չլինի հինգ անգամ ավել վճարել ծագած առողջական խնդիրների համար: «Հայաստանում մեծ թվով սփյուռքահայեր կան, Աստված չանի նույն վիճակում հայտնվեն նրանք,- ասում է Հրանդը եւ ընդգծում,- իմ բժշիկների հանդեպ որեւէ գանգատ չունեմ, հոգատար էին եւ շատ լավ գործ են արել ոչ այնքան բարենպաստ պայմաններում: Ես ավելի դժգոհ եմ հիվանդանոցի տնօրինության անբարյացակամ վերաբերմունքից: Նրանք օրենքից են խոսում, բայց Հայաստանում դա մի քիչ անհեթեթ է հնչում: Սփյուռքից եկող հայերի հանդեպ մի քիչ վերաբերմունքը պետք է բարելավվի: Խոսքս պարզ զբոսաշրջիկների մասին չէ, այլ նրանց, ովքեր Հայաստան են գալիս վերահաստատվելու մտադրությամբ»: «Փաստորեն, հիվանդանոցի տնօրինությունը ինձ խաբեց` սկզբից ասելով, որ թող վիրահատվի, հետո գումարի մասին կխոսենք, իսկ վիրահատությունից հետո պնդեց, թե սակագները սահմանված են ՀՀ կառավարության կողմից եւ իրենք իրավասու չեն որեւէ ինքնակամ փոփոխություն անելու: Իրականում որպես մասնավոր հաստատություն իրենք կարող էին զիջման գնալ: Ճիշտ` թե սխալ, այն տպավորությունը ստեղծվեց, որ ուզում էին օգտվել իմ սփյուռքահայ լինելուց եւ առավել գումար պոկել: Որպես այս խտրական վերաբերմունքի փաստ` ընկերներիցս մեկն ականատես էր նրան, երբ գանձարկղի մոտ մի Վրաստանի քաղաքացուց գանձեցին ընդամենը 150 000 դրամ, այսինքն` ՀՀ քաղաքացուն համարժեք գումար: Հարցին, թե ինչու այս դեպքում օտարերկրացուն զիջում են, պատասխանեցին`վրացի է, էլի, գումար չունի»,- շարունակում է Հրանդը: «Օրինակի համար, եթե ես առիթ ունենայի` տեսնվելու Սփյուռքի նախարարի հետ, խորհուրդ կտայի ավելի լրջորեն ուշադրություն դարձնել այն բազմապիսի խնդիրներին, որոնց առջեւ կանգնում են Հայաստանում ապրող սփյուռքահայերը: Ոգեւորիչ չէր, երբ որ ընկերս իմ խնդրանքով գնաց Սփյուռքի նախարարություն` իմանալու, թե ինչ փաստաթղթեր են պետք երկքաղաքացիության համար եւ նրան իրավաբանական բաժնում տվեցին կիսատ-պռատ պատասխաններ: Նրանք նույնիսկ անտեղյակ էին իրենց նախարարի պաշտոնական հայտարարություններից ազգանունների հայեցի ճշգրիտ թարգմանության մասին: Միայն բարեհունչ լոզունգներով եւ հնամաշ հռետորությամբ չի, որ նախարարությունը պիտի կարողանա իր գոյատեւությունն արդարացնել»,- ասում է Հրանդը: Այնուամենայնիվ, մինչեւ անհրաժեշտ բարեփոխումները կատարվեն, առողջապահության համակարգը միեւնույն ձեւով պիտի դիմավորի այլ սփյուռքահայերի: Իսկ բժիշկները մի «դեղ ու դարման» կգտնեն: Հիվանդանոցի բժիշկներն ահա թե ինչպես են սփոփել Հրանդին` ասելով. «Լավ է` այստեղ է պատահել, եթե ԱՄՆ-ում լիներ, ավելի շատ կվճարեիք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter