HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Երբ հարվածը հասցվում է ճիշտ թիրախին

Որքանո՞վ էր տեղին եւ նպատակային «Միասին» երիտասարդական շարժման «կաշառակեր դասախոսներ» ակցիան, որո՞նք էին դրա իրական նպատակները եւ ի՞նչ հետեւանքներ դա կունենա թե՛ կազմակերպիչների, թե՛ դասախոսական անձնակազմի, թե՛ կրթական համակարգում կաշառակերության դեմ պայքարի վրա։

Սրանք հարցեր են, որոնք ծնվեցին մարտի 11-ի առավոտվանից հետո, երբ դասի եւ աշխատանքի շտապող ուսանողներն ու դասախոսները շենքերի ու շինությունների պատերին փակցված, փողոցներում ու պուրակներում գետնին, ցեխաջրերի մեջ շաղ տված տեսան «կաշառակեր» մակագրությամբ թվով 30 դասախոսների լուսանկարներ։ Դա այնպիսի թեժ քննարկումների տեղիք տվեց, որ անմիջապես հասկանալի դարձավ. ակցիան դիպել է թերեւս ճիշտ թիրախին եւ շոշափել թաքնված, բայց հասարակական հնչեղություն ունեցող ամենացավոտ խնդիրներից մեկին։ Սա մի քանի շերտերից կազմված հիմնահարց է, որոնց հարկ է անդրադառնալ առանձին-առանձին։

Իրավական

Կաշառակերությունը քրեական հանցագործություն է եւ պատժվում է քրեական օրենսգրքով սահմանված նորմերով ու պատժաչափերով։ Դասախոսների լուսանկարների ուղեկցումը «կաշառակեր» մակագրությամբ այդ մարդկանց ուղղված կոնկրետ մեղադրանք է, որը ներկայացվում է առանց որեւէ փաստարկման, ապացույցի։

Հետեւաբար, խնդիրը զուտ իրավական առումով տեղափոխվում է քրեական օրենսգրքով պատժելի մեկ այլ հանցագործության՝ «զրպարտության» հարթություն։ Դա նշանակում է, որ ներկա դրությամբ այդ 30 դասախոսները ակցիայի կազմակերպիչներին ավելի հիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու հիմքեր ունեն, մանավանդ եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է այնպիսի զրպարտության, որը անմիջականորեն առնչվում է նրանց բարի համբավի ու հեղինակության արատավորմանը։

Սակայն որքան էլ զարմանալի լինի, այս պայմանական կողմերից եւ ոչ մեկը խնդիրն իրավական հարթության վրա լուծելու կամք չդրսեւորեց։ Շարժումը բացարձակապես որեւէ պարզաբանում չտվեց, թե ինչու էր ընտրել բուհական կաշառակերության դեմ պայքարի հենց այսպիսի, փաստացի մերկապարանոց մեղադրանքների մեթոդը, իսկ դասախոսները իրենց բարի համբավը եւ հեղինակությունը պաշտպանելու համար չփորձեցին դատական կարգով պատասխանատվության կանչել ակցիայի կազմակերպիչներին։ Եվ այստեղ խնդիրը բացարձակապես բուհական կաշառակերության հետ կապ չունի։

Նույն հաջողությամբ այդ մարդկանց կարելի էր մեղադրել այլ հանցագործությունների մեջ, եւ նրանք ոչինչ չէին ձեռնարկի այդ մեղադրանքներից պաշտպանվելու համար։ Դա նշանակում է, որ խնդիրը համահասարակական հիվանդության հերթական դրսեւորումներից մեկն է, որը մեկ բառով կարելի է բնորոշել որպես անպատասխանատվության եւ անպատժելիության սինդրոմ։ Բոլոր կողմերը պատրաստ են միմյանց հայհոյել, վարկաբեկել, անգամ խնդիրը ազգային անվտանգության մակարդակի հասցնել, սակայն սեփական գործողությունների համար պատասխանատվություն չկրել։ Եվ այս տեսակետից ակցիան ու դրանց թիրախները լիարժեքորեն մեկը մյուսին արժեն։

Քաղաքական

Խնդիրն այս պրիզմայով դիտարկելու անհրաժեշտությունն առաջանում է, երբ փորձում ենք տալ երկու հարցի պատասխան։ Առաջին՝ ինչու՞, այնուամենայնիվ, ակցիան իբրեւ թիրախներ ընտրել էր հենց այն մարդկանց, որոնք քիչ ծառայություն չէին մատուցել գործող իշխանությանը՝ ուսանողության տրամադրությունները իշխանության քիմքին հարմարեցնելու եւ ուղղորդելու տեսակետից։ Երկրորդ՝ ինչու՞ այդ 30 հոգուց եւ ոչ մեկը չհամարձակվեց, այնուամենայնիվ, պատիվ պահանջել ակցիայի հեղինակներից։

Առաջին հարցի պատասխանը առաջին հայացքից թվում է շատ տրամաբանական. ուրեմն այդ մարդիկ կամ նրանց մեծ մասը ժամանակին իշխանություններին բուհերում ինչ-ինչ ծառայություններ մատուցելով` փորձել են ավելի ազատ գործելու քարտ-բլանշ ստանալ եւ չվախենալ հովանավորչության կամ կաշառակերության համար պատասխանատվություն կրելուց։ Եվ հիմա ուղղակի հարված ստանալով այնպիսի ուժի երիտասարդական թեւից, որը չափազանց մոտ է կանգնած իշխանության բուրգի գագաթին, այնքան են շփոթվել, որ չգիտեն` ինչպես արձագանքել։

Նրանք հասկանում են, որ արդեն խոցելի են դառնում, սակայն միաժամանակ հասկանում են, որ դրա դեմն առնելու օբյեկտիվ որեւէ միջոց, լծակ չունեն։ Դա ուղղակիորեն առնչվում է նաեւ երկրորդ հարցին։ Այդ դասախոսները պատիվ չեն պահանջում երիտասարդական կազմակերպությունից, որովհետեւ չգիտեն, թե ինչ եւ ինչ ծավալի ուժ է կանգնած իրենց դիմաց, մինչեւ ուր կարող է այն գնալ, եթե իրենք ավելի ուժեղ տրորեն քնած առյուծի թաթը։

Կարելի է վստահորեն պնդել, որ եթե ակցիան կազմակերպվեր, օրինակ, որեւէ ընդդիմադիր երիտասարդական կազմակերպության կողմից, այդ դասախոսները մի վայրկյան անգամ չէին վարանի նրանց դատարաններ քարշ տալ, հարցը միանշանակ քաղաքականացնել եւ հաշվեհարդարի երկարատեւ պրոցես սկսել այն ուսանողների դեմ, որոնք թեկուզ տեսականորեն կարող էին մասնակցած լինել ակցիայի հիմք դարձած սոցհարցումներին կամ ընդդիմադիր հայացքներ ունենալ։

Մինչդեռ հարվածը հասել է ոչ այնքան սպասված տեղից, եւ դասախոսները ստիպված են վախենալ ինչ-ինչ քայլերի դիմելու հետեւանքներից։ Խնդիրն այն է, որ ինչպես հասարակության յուրաքանչյուր անդամ, նաեւ այդ մարդիկ վստահ չեն կարող լինել, որ դատական գործընթացների արդյունքում կարող են պաշտպանել իրենց իրավունքները, եւ դա եւս համահասարակական հիվանդության դրսեւորում է։

Այդ դասախոսներն ընկել են այն նույն ցանցի մեջ, որն անցած տարիների ընթացքում այնպիսի ջանադրությամբ ու հետեւողականությամբ բուհերում հյուսում էին։ Եվ այստեղ որեւէ նշանակություն չունի՝ ինչպիսի քաղաքական ենթատեքստ կամ նպատակ է հետապնդում ակցիան, այն կապված է դեկանների ընտրությունների՞, Երեւանի քաղաքապետի ընտրությունների՞, ՄԻԱԿ-ին քաղաքականապես ակտիվացնելու՞, թե` այլ, դեռեւս այնհայտ քաղաքական նկատառումներով։ Շատ ավելի էական է այն, որ այդպիսի երեւույթները քաղաքական շարժառիթներով օգտագործելու հնարավորություններ են ստեղծվում բուհերում։

Բարոյական

Խնդրի բարոյական կողմին անդրադառնալիս դիտարկվում է դրա ընդամենը մեկ երեսը։ Այն է՝ այս ակցիայով բարոյական հարված հասցվեց դասախոսական անձնակազմին, այն ավելի խոցելի դարձավ, ինչը սպառնում է ամբողջ կրթական համակարգի բարոյալքմամբ։ Այս տեսակետից մեկնաբանությունները տեղին են ու հասկանալի։ Սակայն հարց է առաջանում՝ ինչու՞ խնդիրը չի դիտարկվում բարեխիղճ ու իսկապես սովորող ուսանողների եւ ազնիվ ու անկաշառ դասախոսների շահերի տեսանկյունից, որոնք եւս կրթական համակարգի անքակտելի մասն են։

Որեւէ մեկը չի կարող պնդել, որ բարոյական է, երբ գիշեր-ցերեկ ուսման վրա տքնող ուսանողը քննության գալիս տեսնում է, թե ինչպիսի երջանիկ հայացքով, գերազանց կամ բավարար ստացած, քննասենյակից դուրս է գալիս իր այն համակուրսեցին, ով անգամ իր անուն ազգանունը գրել չգիտի։

Եվ բարոյալքումը ոչ այնքան այստեղ է տեղի ունենում, որքան` երբ ուսանողը հասկանում է, որ ի դեմս քննությունն ընդունող դասախոսի կողմից կանաչ գորգի վրայով քայլելու իրավունք ստացած այդ անգրագետ ուսանողի՝ ինքը պոտենցիալ մրցակից է ձեռք բերում նաեւ աշխատաշուկայում եւ հատկապես պետական կառավարման համակարգում, որտեղ այդպիսիների հովանավորների ձեռքերն ավելի հեշտությամբ են հասնում։

Հարց է առաջանում՝ ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվի այդ ուսանողը, ինչպե՞ս մտածի իր հետագայի մասին։ Մյուս կողմից որքանո՞վ է բարոյական այն արդարամիտ ու բարեխիղճ դասախոսի իրադրությունը, ով տեսնում է, որ իր կողմքին աշխատող դասախոսն իր չափ աշխատավարձ ստանալու պարագայում թանկարժեք ավտոմեքենաներ է վարում կամ ամեն օր բնակարանն է վերանորոգում, որը այդ աշխատավարձի սահմաններում ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։

Ի՞նչ պետք է զգա ու ինչպիսի՞ նվիրվածությամբ աշխատի այդ դասխոսը։ Այս տեսակետից, իհարկե, ծայրահեղության մեջ ընկնել չի կարելի։ Որովհետեւ ակնհայտ է, որ անգրագետ ուսանողը քննասենյակից հրճվանքով դուրս է գալիս առաջին հերթին այն պատճառով, որ հասարակական հարաբերությունների ընդունված կանոններին ու չափորոշիներին լրիվ համաձայն՝ դասախոսին կաշառք են առաջարկում ինքը կամ իր «պապան», եւ դա միանգամայն բնական ու օրինաչափ է համարվում նրանց կողմից։

Հենց այս տեսակետից է, որ երիտասարդական շարժման ակցիան խիստ թերի է։ Պատերին «կաշառատու» մակագրությամբ հայտնվելու նույնքան «իրավունք» ունեին հենց այսպիսի ուսանողները։ Եվ եթե դրանք կամա թե ակամա դուրս են մնում հասարակական պարսավանքի դաշտից, ապա ակցիան կարող է եւ՛ քաղաքականացվել, եւ՛ զուտ զրպարտչական բնույթ ստանալ, եւ՛ օբյեկտիվ կասկածներ առաջացնել։

Պակաս կարեւոր չէ այն խնդիրը, թե որքանո՞վ էր հղկված ու մինչեւ վերջ մտածված ակցիան։ Երբ պարզվեց, որ ցուցակում ընդգրկվածներից մեկը դասախոս չէ եւ կապ չունի կրթական ոլորտի հետ, հասկանալի դարձավ, որ այն շատ փնթի է կազմակերպվել, եւ երիտասարդները հաշվի չեն առել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ակցիան։ Դրա վկայությունն է նաեւ երիտասարդների անտարբերությունը սկսված աժիոտաժի նկատմամբ, բացատրություններ տալու ցանկության բացակայությունը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե «Միասին»-ը բացարձակապես հաշիվ չի տալիս իրեն թույլ տված արարքների համար եւ բարոյական պատրասխանատվության խնդիր չի դնում իր ու հասարակության առաջ։ Դա թե՛ անհասկանալի է, թե՛ անընդունելի։

Սոցիալական

Ակնհայտ է, որ երբ կա կաշառք տվող, կլինի նաեւ վերցնող։ Եվ կոռուպցիոն դաշտը ձեւավորվում է այս հանցավոր միասնության արդյունքում։ Սակայն դրա հիմքում սոցիալական բաղադրիչը քիչ նշանակություն չունի։ Դասախոսներն այնքան «մաքուր» եկամուտ չունեն, որպեսզի չմտածեն հանցավոր ճանապարհով սեփական բարեկեցության խնդիրները լուծելու մասին։

Միաժամանակ ձեւավորվել է հասարակական մի շերտ, որը ոչ միայն պատրաստ է այդ մեթոդների միջոցով ձեռք բերել ավարտական վկայականը կամ ցանկալի գնահատականը եւ այդպիսով «սարքել» սեփական սերունդների ապագան, այլեւ դա օբյեկտիվ ու օրինաչափ է համարում։ Սա ակնհայտորեն հասարակության սոցիալական բեւեռացվածության հետեւանք է։ Սակայն որեւէ երաշխիք չկա, որ անգամ դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու դեպքում այդ արատավոր երեւույթը կվերանա կամ կնվազի։

Նույն կերպ դատավորների աշխատավարձերի բարձրացումը չհանգեցրեց արդարադատության մակարդակի բարձրացմանը։ Այստեղ ավելի շատ գործում է սոցիալական ավանդույթների համակարգը, երբ կրթությունը եւ կաշառակերությունը, կամ արդարադատությունը եւ կոռուպցիան այնքան են սերտաճել միմյանց, որ հասարակական գիտակցության մեջ մեկն առանց մյուսի չի ընկալվում։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մեզանում որեւէ մեխանիզմ չի ստեղծվում՝ ուղղված հենց այսպիսի կարծրատիպերը վերացնելուն։

Եվ ակցիան, թեեւ փնթի ու շտապողականության արդյունքում կազմակերպված, պետք է հենց այս դիրքերից գնահատել։ Հիմա պետք է պատկերացնել, թե այս ակցիայից հետո ինչպես է կաշառակեր դասախոսը եւ կաշառառու ուսանողը նայելու բարեխիղճ ու ջանասիրաբար սովորող ուսանողի ու ազնվորեն իր հացը վաստակող դասախոսի աչքերին, որոնցից յուրաքանչյուրը գիտի, թե ով ով է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter