HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանները չեն մասնակցի դատավարությանը

7-ի գործով փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «2008 թ. դեկտեմբերի 19-ից սկսվել է սույն քրեական գործի դատավարությունը: 2008 թ. դեկտեմբերի 19-ից մինչև օրս նախագահող դատավորի կողմից թույլ են տրվում օրենքի այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք խախտում են մեր պաշտպանյալների, տուժողների եւ պաշտպանների իրավունքները: Կոպտորեն ոտնահարվում են դատավարության մասնակիցների իրավունքները: Սույն գործով դատավարությունն իրականացվում է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այլ` նախագահող դատավորի կամայականությամբ: 2008 թ. դեկտեմբերի 19-ի դատական նիստին նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստին ներկա են գտնվել ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ Արթուր Գրիգորյանը և  Արա Զաքարյանը: Մյասնիկ Մալխասյանը և Սասուն Միքայելյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով ցանկություն են հայտնել իրենց պաշտպանությունն իրականացնել այդ պաշտպանների միջոցով: Դատարանը մերժել է նրանց միջնորդությունը այն պատճառաբանությամբ, որ դատավորին ինքնաբացարկի  հայտնման փուլում չի թույլատրվում նրանց ներգրավվումը որպես պաշտպանների: 2008 թ. դեկտեմբերի 19-ի դատական նիստին պաշտպանական կողմը դատավորին ներկայացրել է երեք ինքնաբացարկի միջնորդություն: Այնուհետև դատարանը` սկսած 2008 թ. դեկտեմբերի 23-ից, պարբերաբար սկսել է դատարանի դահլիճից հեռացնել մեր պաշտպանյալներին` դատական նիստերը հետաձգելով մի քանի օրով, իսկ 4 անգամ` երկշաբաթյա ժամկետով: Դատարանի կողմից կիրառված սանկցիաները, սակայն, համարժեք չեն եղել մեր պաշտպանյալների կողմից կատարած արարքներին, քանի որ մեր պաշտպանյալները իրենց արաքներով անհնարին չեն դարձրել գործի քննությունը: Դատարանը միայն 2009 թ. փետրվարի 26-ին է դրսևորել կամահայտություն դատավարություն իրականացնելու, այդ դատական նիստին պաշտպանական կողմը դատավորին ներկայացրել է երկու ինքնաբացարկի միջնորդություն: 2009 թ. փետրվարի 27-ին պաշտպանական կողմը դատավորին ներկայացրել է ևս երկու ինքնաբացարկի միջնորդություն: Ընդհանուր հաշվարկով՝ մեր պաշտպանյալները մեր հետ միասին դատավորին ներկայացրել են ևս 7 ինքնաբացարկի միջնորդություն: Բոլոր միջնորդությունները եղել են հիմնավոր, սակայն 6-ը մերժվել են, իսկ մեկը անհիմն կերպով չի քննարկվել նախագահողի կողմից: Այնուհետև տուժողի իրավահաջորդները դատավորին ներկայացրել են երկու ինքնաբացարկի միջնորդություն, որից մեկը մերժվել է, մյուսը չի քննարկվել: Այսպիսով, դատարանը ոչ միայն չի գործում իրավունքի եւ օրինականության դաշտում, այլեւ կատարում է կամայական գործողություններ, քրեադատավարական օրենսդրությունը կիրառում է իր ապօրինի մտադրությունները իրականացնելու համար եւ ակնհայտ կատարում է պատվեր: Դատավորը զբաղվում է ինքնիրավչությամբ` այսպիսով դատարանը դնելով օրենքից դուրս: Ինչպես հայտնի է, մեր պաշտպանյալները դատարանի որոշմամբ զրկված են դատական նիստերին մասնակցելու հնարավորությունից: Մենք` պաշտպաններս, առանց մեր պաշտպանյալների, մասնակցում ենք դատավարությանը, ինչը մեզ համար կրկնակի պատասխանատվություն է: Մենք ստիպված ենք ոչ միայն կատարելու այն բոլոր դատավարական գործողությունները, որպիսիք բոլոր դեպքերում մտնում են պաշտպանների պարտականությունների շրջանակի մեջ, այլեւ ստիպված ենք ստանձնելու բացառապես մեր պաշտպանյալների իրավասությանը վերաբերող հարցերի լուծումը: Արդեն մի քանի դատական նիստերի ընթացքում մենք ստիպված ենք լինում գործի համար վճռորոշ որոշումներ ընդունել առանց մեր պաշտպանյալների հետ խորհրդակցելու: Արդեն մի քանի դեպքում մենք պարզել ենք, որ դատական նիստերի ընթացքում առանց մեր պաշտպանյալների հետ համաձայնեցնելու մեր կողմից ընտրված դիրքորոշումները և ընտրված մոտեցումները հակասության մեջ են մտել մեր պաշտպանյալների կարծիքների հետ: Սակայն դատավարությունը ընթանում է այնպիսի եղանակով, որը բացառում է դրանում ծագող հարցերի վերաբերյալ մեր պաշտպանյալների հետ մեր դիրքորոշումը ճշտելու, նրանց հավանությանը նախապես արժանացած գործողություններ կատարելու բոլոր հնարավորությունները: Իրավիճակը էլ ավելի է բարդանում՝ հաշվի առնելով, որ օգտվելով առիթից՝ դատարանը ձգտում է մեր պաշտպանյալների բացակայությամբ հնարավորին չափ շատ գործողություններ կատարել: Այս նպատակով դատարանը, անտեսելով իրավական տարրական նորմերը, բացարձակ կամայական ձևով մերժում է մեր ամենահիմնավոր միջնորդությունները: Բանը հասել է նրան, որ մեկ հատոր գործի նյութերին (որն, ի դեպ, մեզ մինչ այժմ չէր տրամադրվել մինչդատական վարույթն իրականացնող մարմնի մեղքով) դատարանը առաջարկել է ծանոթանալ մեկ ժամում: Մենք ականատես ենք լինում դատարանի կողմից պարբերաբար կատարվող օրենքի կոպիտ խախտումներին: Դատարանը ամեն օր նշանակում է դատական նիստ` զրկելով մեզ մեր պաշտպանյալների հետ տեսակցելու, դատական նիստերին պատրաստվելու, միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից: Դատարանը դատական նիստի քարտուղարի անուն ազգանունը հայտարարելուց հետո հնարավորություն չի ընձեռել  մեզ պարզելու՝ մեր պաշտպանյալները ունեն, արդյոք, բացարկի միջնորդություններ: Իսկ մեր միջնորդությունները՝ այդ հնարավորությունը ընձեռելու մասին, մերժել է` պատճառաբանելով, որ մեր պաշտպանյալները ցանկացած փուլում կարող են բացարկ հայտնել դատական նիստերի քարտուղարին: Այսինքն՝ դատարանը դատական նիստի ընթացքում նոր քրեական դատավարության օրենսգիրք է «ընդունում»` դատական նիստի նախապատրաստական մասում հայտնվելիք միջնորդությունների ներկայացումը կամայականորեն հետաձգելով և փոխադրելով այն դատաքննության փուլ: Դատարանը օրենքի կոպիտ խախտումներով անտեսել և անտեսում է սույն գործով տուժող մոտ 240 անձանց, արդեն երեք ամիս է չի ծանուցում տուժողներին և նրանց իրավահաջորդներին, ընդհանապես չի ստուգում նրանց ներկայությունը, իսկ նրանց կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդությունների փուլ, ըստ դատարանի, Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում , քանի որ դատարանը  այդ նորմի պահանջը անտեսել է միտումնավոր: Դատարանը մի դեպքում մերժում է պաշտպանների ներգրավումը դատավարության այս փուլում, մյուս դեպքում նույն փուլում նշանակում է պաշտպան: Այսինքն՝ գործում է կրկնակի ստանդարտ. այն, ինչ ցանկանում են Սասուն Միքայելյանն ու Մյասնիկ Մալխասյանը, չի թույլատրվում, սակայն Շանթ Հարությունյանին պարտադրվում է: Ստեղծված իրավիճակի անկողմնակալ գնահատումը հիմք է տալիս ասելու, որ մենք` ՀՀ Փաստաբանական պալատի անդամներս, սույն գործով ներգրավված պաշտպաններս, ըստ էության, չենք մասնակցելու տվյալ դատավարությանը: Մենք պարզապես ներկա ենք այս դատավարությանը, ընդ որում` մեր ներկայությունը բխում է ոչ թե մեր պաշտպանյալների շահերից, այլ` մեղադրանքի կողմի և մեղադրանքի կողմին հարած դատարանի պարտադրմամբ: Ընդ որում, մեր ներկայությունն ապահովելով՝ դատարանը հետապնդում է արդարադատության նպատակների հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող նպատակ` լեգիտիմության տեսք տալու կամայականություններով հագեցած այս դատավարությանը: Նման պայմաններում ակնհայտ է, որ մեր ներկայությունն այս դահլիճում ոչ մի ընդհանուր բան չունի փաստաբանի առաքելության հետ: Մենք պարզապես օգտագործվում ենք` այս դատավարությանը օրինական և իրավական տեսք տալու նպատակով: Մենք չենք կարող դավաճանել փաստաբանական մեր երդմանը և խախտել օրենքները ու ի վնաս մեր պաշտպանյալների գործողություններ կատարել: Մենք գիտենք՝ ինչ հետապնդումների են ենթարկվում այն փաստաբանները, ովքեր ստիպված դիմում են ծայրահեղ միջոցի և լքում են դատարանի դահլիճը, և որքան էլ մեծ լինի այդ հետապնդմանը ենթարկվելու վտանգը, այն համարժեք չի կարող լինել այն վտանգին, որը սպառնում է մեր պաշտպանյալներին` դատավարությանը մեր մասնակցության պարագայում: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր մասնակցությունը վտանգի մեր պաշտպանյալների իրավունքները և ստիպված դիմում ենք ծայրահեղ միջոցի: Հարգելի դատարան. Մենք չենք կարող վտանգել մեր պաշտպանյալների ճակատագիրը, մենք այլևս չենք կարող մասնակցել այս կեղծ արդարադատությանը եւ, հավատարիմ մնալով մեր երդմանը, մենք ստիպված ենք թողնել այս դահլիճը` հանուն արդարադատության իրականացման: Մեր գործողությունները հանուն օրենքի և իրավունքի են, հանուն մեր պաշտպանյալների, հանուն արդարադատության: Դուք Ձեր գործողություններով (անգործությամբ) մեզ դրել եք ընտրության առաջ. կամ` մնալ և լեգիտիմացնել այս ապօրինությունները, որը, ցավոք, վերածվում է մեկ դերասանի թատրոնի, և մենք ակամա դառնում ենք ապօրինությունների մասնակից, որոնք տեղի են ունենում այստեղ, այդ պարագայում մեր ներկայությունը այս դահլիճում այլևս որևէ տրամաբանական բացատրություն չի ունենա, կամ` այսուհետեւ դատարանը կգործի իրավունքի եւ օրենքի շրջանակներում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter