HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանները չեն ցանկանում մասնակից լինել դատարանի ապօրինություններին

hovik-arsenyan«Յոթի գործ»-ով պաշտպաններն այսօր չեն գնալու դատարան, բայց վստահ են, որ դատավարությունը կշարունակվի առանց իրենց, և դատավարությունը կանցնի հաջորդ փուլ: «Յոթի գործ»-ով փաստաբաններն այսօր «Հայացք» ակումբում լրագրողներին ներկայացրեցին դատարանի մոտեցումների վերաբերյալ իրենց մտահոգող հարցերը: Ալ. Արզումանյանի, Մ. Մալխասյանի և Ս. Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը ներկայացրեց ողջ դատավարության ընթացքում դատարանի թույլ տված ապօրինությունները և ասաց, որ իրենց ներկայությունն այլևս նշանակություն չունի դատարանում, քանի որ դատավորը ինքնակամ որոշումներ է կայացնում:  Ըստ պաշտպանների, Սասուն Միքայելյանի` Հովիկ Արսենյանի ծառայություններից հրաժարվելու փաստը ամբողջությամբ օրինական է, դա նրա իրավունքն է: Սասուն Միքայելյանի շահերը պաշտպանելու համար դեկտեմբերի 19-ին` «Յոթի գործ»-ով առաջին դատական նիստում միջնորդվել էր ներգրավել նաև փաստաբան Արթուր Գրիգորյանին, իսկ Մ. Մալխասյանի շահերը պետք է  ներկայացներ նաև Արա Ղազարյանը: Դատարանը չի ընդգրել նրանց որպես պաշտպաններ` հայտարարելով, որ երբ կբացատրվեն մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները, ցանկության դեպքում այդ անձիք կնեգրավվեն իրենց շահերը պաշտպանելու համար: Իսկ այժմ Սասուն Միքայելյանի` նոր պաշտպան ընդգրկելու պահանջը չի բավարարվում: «Չի կարելի պարտադրել պաշտպանին շարունակել ծառայություններ մատուցել պաշտպանյալին, եթե պաշտպանյալը դրա հետ համաձայն չէ: Սասուն Միքայելյանը կարող է նաև քրեական գործ հարուցել, եթե Հովիկ Արսենյանը ինչ-որ այլ հայտարարություն կամ միջնորդություն անի: Պարոն Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ ոչինչ, եթե Սասուն Միքայելյանը չի վճարում , Հովիկ Արսենյանն իր վարձատրությունը կստանա պետբյուջեից, սա ընդհանրապես մեզ համար նորամուծություն էր»,-զարմացած է Սուրեն Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: «Մեղադրող կողմի հայտարարությունը, թե դա մի նպատակ է հետապնդում, և պաշտպանական կողմի մարտավարությունն է ձգձգել դատավարությունը, չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը»,-հայտարարեց Հ. Արսենյանը և հավելեց, որ այս արագացված դատավարությունների պատճառով պաշտպանական կողմը չի հասցնում հանդիպել իրենց պաշտպանյալների հետ և ճշտել նրանց դիրքորոշումներն այս կամ այն հարցի շուրջ: varduhi-elbakyan1«Մենք ենք կողմնակից, որպեսզի օբյեկտիվ իրականությունը բացահայտվի: Սակայն այս պայմաններում մտնել դատաքննության փուլ, երբ ամեն պահի ոտնահարվում են, էլ չեմ խոսում մեր պաշտպանյալների իրավունքների մասին, ես մեր իրավունքների մասին եմ բարձրաձայնում, անհնար է»,-շարունակեց Սուրեն Սիրունյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Վարդուհի Էլբակյանի և Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանի տպավորություններն այն են, որ ՀՀ-ում կա միայն այս դատարանը` «Գերագույն դատարան», որ ՀՀ-ում քննվում է միայն «Յոթի գործ»-ը, ուրիշ որևէ գործ չի քննվում: Բոլոր գործերով դատական նիստերը անտեսվում են, դատարանը բոլոր գործերը հարմարեցնում է միայն այս գործին: «Նախկինում երբեք նման խնդիրների առաջ փաստաբանները չեն կանգնել, դատավորը և դատախազը միշտ հաջորդ նիստերը պայմանավորված ու հարմարեցված են նշանակել պաշտպանների հետ: Իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք արագացված դատաքննության կարգ ենք կիրառում: Այսինքն` ամեն պահի նրանք կարող են հայտարարել, որ ապացույցների հետազոտման փուլ է և պաշտպանական կողմը ոչինչ չի կարող անել»,-ասաց Վ. Էլբակյանը և զավեշտալի համարեց այն, որ հատուկ այս գործի համար օրենք փոփոխվեց, որպեսզի դատավորին հնարավորություն ընձեռվի առանց ամբաստանյալների մասնակցության շարունակել դատական նիստը: «Սակայն օրենքում հստակ նշվում է, որ նրանք պարտադի պետք է ունենան պաշտպանության իրավունք»,-հավելեց փաստաբանը: Երեկվա նիստին պաշտպանական թիմի հայտարարությունից հետո փաստաբանները դուրս են եկել դատարանի դահլիճից: Դատավորը հայտարարել է, որ քանի որ աշխատանքային օրն ավարտված է, դատական հաջորդ նիստը նշանակվում է վաղը` մարտի 17-ին, ժամը 13:00-ին, չնայաց այդ պահին աշխատանքային օրը դեռ ավարտված չէր, այլ ընդամենը ժամը 17:25-ն էր: «Դա ամենածայրահեղ միջոցն է եղել, որին մենք ստիպված էինք գնալու, քանի որ այն մթնոլորտը, որը նրանք ստեղծել են, հնարավոր չէ իրականացնել էֆեկտիվ պաշտպանություն: Դատավորը իրադարձություններն ու օրենքները մեկնաբանում է այնպես, ինչպես ձեռնտու է իրենց»,-համոզված է Վ. Էլբակյանը: «Իմ կարծիքով, ՀՀ-ում գոյություն ունի մի հատ Քր. դատ. օրենսգիրք, մի հատ էլ «Յոթի» դատավարության օրենսգիրք, որից մենք տեղեկացաված չենք, ինչպես որ տեղեկացված չէին, որ գոյություն ունի ոչ թե 43, այլ 44 հատոր»,-ասաց Վ. Էլբակյանը: Պաշտպանները վստահ են, որ իրենք միայն ապահովում են դատարանի պատշաճ տեսքը, և այս պայմաններում իրենց այնտեղ գտնվելն ապահովում է ընդամենը ֆիզիկական ներկայություն: «Մենք չենք ուզում այդ ֆարսին, այդ ապօրինություններին մասնակցել, և չենք մասնակցի այնքան ժամանակ, մինչև որ մեզ համար հասկանալի չդառնա, որ դատարանն այսուհետ պատրաստվում է գործել միայն օրինական դաշտում և միայն հանուն Հայաստանի Հանրապետության»,-ավարտեց Վ. Էլբակյանը: stepan-voskanyan«Ներկայումս հանդես եկող դատարանը հանդես է գալիս ՀՀ-ում որպես նոր օրենքներ ստեղծող, մեկնաբանող և դրանք կիրառող դատարան: Այդ օրենքները մեկնաբանվում են ի վնաս մեր պաշտպանյալներին: Ցավոք, մինչ օրս որևէ անգամ չի հարգվում մեր պաշտպանյալների իրավունքները դատարանի կողմից: Իսկ դրա արդյունքն այն է, որ մինչ օրս դատարանը չի բավարարել պաշտպանական կողմի ոչ մի մջնորդություն, ընդամենը բավարարվել է Լ. Սիմոնյանի` 43-րդ հատորին ծանոթանալու համար միջնորդությունը, այն էլ դրա համար տրվել է ընդամենը մեկ ժամ»,-փաստեց Ստեփան Ոսկանյանը: Ըստ փաստաբանի` եթե առաջին դեպքում Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին դատարանը միտումնավոր չի արձագանքել, ապա երկրորդ դեպքում բոլորն ականատես եղան նրա առողջական վատ վիճակին, երբ նրա համար դատարանում շտապօգնություն հրավիրվեց, և դատարանը կրկին ոչ մի արձագանք չարեց: «Իմ պաշտպանյալի նկատմամբ դատարանի կողմից իրականացվում է միջազգային նորմերի համաձայն խոշտանգում հասկացողությունը»,-հայտարարեց Ստեփան Ոսկանյանը: Փաստաբանները իրենց չներկայանալու հանգամանքը չեն դիտարկում խոչընդոտ, որպեսզի դատարանը կարդա նույնիսկ վճիռը: «Ամեն ինչ հնարավոր է»,-ասում են նրանք: «Այս պայմաններում ավելի նպատակահարմար է, որպեսզի մենք չմասնակցենք այդ հանցագործությունների փաստին, մենք չենք կարող այդ անօրինական գործողությունների մասնակիցը դառնալ: Եթե նման խախտումներ պիտի լինեն, ապա թող լինեն ավելի կոպիտները մեր բացակայության պայմաններում»,-ավարտեց Ստեփան Ոսկանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter