Հանուն քաղաքի գեղեցկության, թե...
Սյունիքի մարզկենտրոնը դարձնել արտաքնապես գեղեցիկ քաղաք. սա է Կապանի քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրներից մեկը: Ըստ քաղաքապետ Արտուր Աթայանի` առաջնահերթ պետք է հանվեն կամ գոնե միաստեսակ դարձվեն քաղաքի կենտրոնական մասի ու Մեղրի-Երևան միջպետական մայրուղու երկայնքով տեղադրված բոլոր խանութ-տաղավարներն ու կրպակները: Քաղաքապետարանը մինչև հունիսի 1-ը ժամանակ է տվել տաղավարները ձևափոխելու համար:
Քաղաքապետարանի այս որոշումը դժգոհությամբ են ընդունել միջին ու փոքր բիզնեսով զբաղվողները: Ըստ նրանց` առանց այդ էլ ֆինանսական ճգնաժամն ազդել է իրենց գործունեության վրա, կրճատվել է առևտուրը: Հազիվ հասցնում են պետբյուջեի հարկերը վճարել:
Նորա Անտոնյանը կարկանդակներ ու համբուրգեր է վաճառում: Նա դեմ չէ քաղաքի գեղեցկությանը. «Չեմ հասկանում` հիմա դրա մասին խոսելու ժամանակն է, հացի խնդիր է օրակարգում, քաղաքապետը սիրունության մասին է մտածում»:
Վանուշ Կարապետյանը կարուձևի փոքրիկ կրպակ ունի ունի, ֆինանսական ճգնաժամն ազդել է նրա բիզնեսի վրա. «Դեմ չենք նորարարությանն ու գեղեցկությանը, բայց ժամանակը պետք է երկարաձգվի, չենք հասցնի մինչև հունիսի 1-ը»,-ասում է Վանուշը:
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի խոսքով` այդ տարածքներն անօրինական են զբաղեցված: «Չնայած ես անցած տարվա նոյեմբերից եմ ստանձնել քաղաքապետի պաշտոնը, բայց հետաքրքրվել եմ` այդ տարածքներն անօրինական են զբաղեցրել, քաղաքապետարանի կողմից ոչ մի թույլտվություն չկա: Եվ հետո, անվտանգության խնդիր էլ կա: Կրպակ-խանութները գետի վրա են կառուցված, ամուր հենքով չեն, հորդառատ անձրևների դեպքում հնարավոր է վատթարագույնը: Եվ երրորդ` ամբողջ աղբը լցվում է գետը»,- ասում է քաղաքապետը:
Հակառակ կարծիքին են անհատ ձեռնարկատերերը: «Բոլորս էլ վարձակալության պայմանագիր ունենք 25 տարով` կնքված քաղաքապետարանի հետ: Պետության բոլոր հարկերն ու տուրքերը մուծում ենք, էլ ինչն է անօրինական: Աղբն էլ հավաքում ենք ու մեքենայով տանում` գետը չենք նետում: Եվ մի բան էլ. ես նոր եմ նորոգել իմ տաղավարը, հարմարեցրել միջազգային չափանիշներին, ինչու պիտի նորից նորոգեմ: Ես ավելորդ երկու-երկուսուկես մլն դրամ չունեմ»,- ասում է Օֆելյա Միքայելյանը: Վերջինս փոքրիկ խորտկարան ունի:
Անհատ ձեռնարկատեր Մերուժան Պատվականյանն էլ զայրացել է, որ իշխանությունները անվտանգության խնդիրներից են խոսում: Մայրաքաղաքում Կիևյան կամրջից մինչև Դավթաշեն տաղավարներ են, էդ Հրազդան գետը չի քշում տանում, փոքրիկ մեր գետն է վարարելու: Եվ հետո` նման դեպքում էլ ես բոլորի անունից հայտարարում եմ, որ փոխհատուցում չենք պահանջելու պետությունից»,-ասում է Մ. Պատվականյանը: Վերջինս նաև համոզված է, որ տեղական իշխանության այս քայլը բերելու է արտագաղթի: Ըստ մեր զրուցակցի` քաղաքի միայն այս հատվածում 46-50 կրպակ կա: Նրանք աշխատատեղեր են ապահովվում: «Շղթայական ռեակցիայով ասենք մի 150 մարդ աշխատանք ունի այստեղ, ու եթե էդքան էլ չարտագաղթեն, ապա մի 50 մարդ կմեկնի արտերկիր»,- ասում է Մ. Պատվականյանը:
Տիկին Օֆելյան անխղճություն է համարում քաղաքային իշխանությունների այս քայլը: «Իրենց գերանը չեն տեսնում, խեղճ կապանցու ճյուղն են տեսնում: Հետո` մեզ չի թվում, որ կառավարությունն է հրահանգել, ամբողջ օրը ասում են աջակցեք, հիմա մեր հացն են կտրում»,- ասում է տիկին Օֆելյան ու ավելացնում, որ նամակով դիմելու են ՀՀ նախագահին ու վարչապետին:
Բանն այն է, որ Կապանի գլխավոր հատակագծով քաղաքի այդ մասում ընդհանրապես ոչ մի տաղավար, թեկուզ ժամանակավոր չի թույլատրվում տեղադրել: Սա մեր զրույցում չհերքեց քաղաքապետը: Վերջինս պատրաստակամ է քաղաքաշինության նախարարություն ու կառավարություն ներկայացնել փաստաթղթերի համապատասխան փաթեթ ու ստանալ թույլտվություն` գոնե արտաքնապես միատեսակ տաղավարների գործունեությունը շարունակելու համար: Սակայն, արդեն այս պարագայում, անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մասին քաղաքապետը չի խոսում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել