
«Երբ երեկ մեզ ներկայացվեց Կոնգրեսի ցուցակը, մենք քննարկեցինք վարչությունում մինչեւ ուշ ժամ, ներկայացրեցինք մեր կարծիքով մի ցուցակ, որն ավելի մրցունակ եւ հաղթական կարող է լինել, եւ այդ առաջրկը չընդունվեց»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Պատգամավորը պատմեց, որ իրենց ՀԱԿ-ը առաջարկել է ցուցակում ընդամենը ութ տեղ, որից մեկը ցուցակի երրորդ համարի տեղն էր:
«ՀԱԿ-ը պարզաբանեց, որ իրենք շատ կուսակցություններ են ներգրավվում: Մենք քննարկեցինք, տեսանք, որ մեր պոտենցիալն այդ ցուցակով չի կարող ներկայանալ, առաջարկեցինք մեր տարբերակը. Արմեն Մարտիրոսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան , երրորդը նորից «Ժառանգություն», երրորդ համարից հետո էլ ասեցինք` դուք որոշեք»,-ասում է Ա.Բախշյանը:
Նա գտնում է, որ այնուամենայնիվ ՀԱԿ-ի հետ համագործակցության ոլորտներ կգտնեն. «Մենք ընդհանուր գործեր շատ ենք արել, ժողովուրդը շատ է տեսել դրանք, գիտեմ, թե ինչպես էին սպասում միասնական ցուցակին, բայց եղավ այն, ինչ եղավ: Մեր առաջարկը չընդունվեց, որոշեցինք , որ առայժմ միասնական ցուցակ չի լինելու, ինչու չէ` կգնանք առանձին շարասյուններով»:
Սակայն պատգամավորը չի բացառում, որ հնարավոր է դեռ ՀԱԿ-ի հետ «լեզու գտնեն»:
«Հույս ունենք, որ հասարակական հնչեղությունը կբերի մի իրավիճակի, որ նորից կնստենք սեղանի շուրջ, վերջապես սա բանակցություններ են, մենք չենք բացառում միասնական ցուցակը: Բազմիցս ասել ենք, որ մենք կողմնակից ենք միասնական ուժերով գնալուն»,- ասում է Ա.Բախշյանը:
Ա. Բախշյանը ստեղծված իրավիճակը չի որակում որպես պառակտում, «որովհետեւ քաղաքականության մեջ կարեւոր են գաղափարախոսությունն ու սկզբունքները, դրանք ոչ մի ձեւով չես կարող փոխարինել: Համագործակցելու եզրեր կգտնվեն, մենք կողմնակից ենք բանակցել եւ համագործակցել»:
Պատգամավորը համոզվածություն ունի, որ ՀԱԿ-ին եւ «Ժառանգության»-ը կհաջողվի այս անգամ ավելի արդար ընտրություններ ապահովել, իսկ արդյոք համընկնում են խորհրդարանական եւ արտախորհրադարանական ընդդիմությունների շահերը. «թող հասարակությունն ասի` համընկնում են շահերը, թե չէ»:
Ա. Բախշյանը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը չեն քննարկել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել